Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է եկող տարվա պետական բյուջեի նախագիծը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով առողջապահությանը հատկացվող ֆինանսավորմանը, ասաց. «Նախ՝ ուրախ եմ, որ 8 միլիարդով առողջապահության բյուջեն աճում է, 34 միլիարդով ՝ սոցիալական ոլորտը: Մենք ամբուլատորիայում՝ պոլիկլինիկաներում բժշկական օգնության ծառայության մեջ 5 միլիարդով ավելացնում ենք ֆինանսավորումը, եւ նշում ենք, որ հիմնականում պայմանավորված է աշխատավարձի բարձրացմամբ: Ինչի՞ դիմաց ենք այդ աշխատավարձը բարձրացնում: Երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք՝ այո, ընտանեկան բժիշկների թվով 3000 տնային այցելությունները բերել են հիվանդանոցային հիվանդների քանակի աճի՝ 1000-ով: Հիվանդանոցային 1 հիվանդի համար բյուջեից 120 հազար դրամ է ծախսվում, իսկ 1 տնային այցն արժենում է 1500 դրամ: Բայց մեր նպատակն է մանկական մահացությունը, հիվանդացությունն իջեցնել: 2-րդը՝ սրանով ստանալ հնարավորություն նվազեցնել հիվանդանոցային կոնտինգենտը: Նրանք, ովքեր պոլիկլինիկային չեն հավատում, միանգամից գնում են հիվանդանոց: Ես ուզում եմ, որ դուք կարողանաք օգնել երիտասարդ նախարարներին, որոնք 5 միլիարդ ներդրում են անում առաջին օղակում, բայց վերջնականում ցուցանիշը լինի այն, որպես աշխատավարձի բարձրացում, հիվանդացության նվազեցում լինի: Թեթեւ հիվանդությունները տանը բուժենք: Այս մոտեցումն ամրագրենք»:
Նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ի պատասխան նկատեց. «Եթե մենք նպատակները ճիշտ ենք դրել, ապա կլինենք արդյունավետ: Այս դեպքում, եթե մենք նպատակ դնենք աշխատավարձի բարձրացումը… ձեր ձեւակերպման հետ ամբողջությամբ համաձայն եմ՝ ինչի՞ դիմաց, արտադրողականությու՞նն է բարձրացել: Միայն այն ընկալումը, որ աշխատավարձի բարձրացումը սոցիալական խնդիր է լուծում՝ բավարար չէ: Դա տնտեսության հարցն է, մենք գնահատում ենք արդյունքային ցուցանիշները: Մենք ասում ենք՝ ցածր է աշխատավարձը, բայց չենք ասում՝ ինչի համեմատ: Մասնավոր հատվածում համանման աշխատանք անողի դեպքում այդ անարդարության ընկալումը չկա, որովհետեւ դիտարկվում է կատարված աշխատանքի տեսակետից»:
Բաբլոյանը կրկին պնդեց՝ պետք է գումարը ծախսվի այնպես եւ այնպիսի քաղաքականություն լինի, որ նվազեն մահացության եւ հիվանդացության ցուցանիշները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ