Այսօր ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ բյուջեւում նշված է, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսների հեղափոխությունը մեծ ներդումներ կբերի, բայց միաժամանակ 2018-ի առաջին կիսամյակում կապիտալ ներդրումը 76.1% է, ամբողջ տարվա համար այն 32.2%-ով, այսինքն՝ տարեկանը 2 անգամ նվազ է, իսկ 2019-ին իրական աճը կկազմի 6.1%, բացի այս, 2018-ի առաջին կիասմյակում 86.9% են կազմում մասնավոր ներդումները, ամբողջ տարվա համար՝ 52.0 %: Այսինքն՝ էականորեն նվազում է, իսկ 2019-ին իրական աճը 3%, ՀՆԱ-ի աճն այս տարվա առաջին կիսամյակում՝ 6.5%, ամբողջ տարին՝ 4.9% : Սա, ըստ Մինասյանի, համահունչ չէ կառավարութան ծրագրին:
Ջանջուղազյանն էլ ի պատասխան ասաց, որ պետք 2 գործոն հաշվի առնել. նախ՝ սեզոնայնությունը. «Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ մենք ե՛ւ անցյալ, ե՛ւ նախանցալ տարի առաջին եռամսյակում եւ կիսամյակում ավելի բարձր տնտեսական ակտիվություն ենք ունեցել»: Սա, ըստ նախարարի, բացատրվում է աճի վրա ազդող գործոնների համեմատաբար բարձր ազդեցությամբ. «Սա վիճակագրություն է, եւ սրա հետ համաձայնվել- չհամաձայնվելու հարց էլ չկա: Տնտեսության վրա որեւէ իրադարձություն ժամանակային ազդեցություն չի կարող չունենալ»: Իրադարձության ազեցության հետեւանքը, ինչպես ասաց նախարարը, նույն պահին չի կարող երեւալ:
Մինասյանը փորձեց ճշտել՝ ներդրումների 52.0 % աճ՝ 2018-ին, իսկ 2019-ին՝ այդ իրական աճն ընդամենը 3% է գրված նախագծում, ինչո՞վ է սա պայմանավորված: Ջանջուղազյանը վստահեցրեց՝ իրար չեն հասկանում, տարբեր ցուցանիշներ են դիտարկում:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ծառայողական մեքենաների կրճատման շարունակականություն կա՞, թե՞ ոչ, հարցին ի պատասխան էլ Ջանջուղազյանն ասաց, որ այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, հիմա էլ որոշակի լուծումներ գտել են.«Դա դեռ հրապարակման ենթակա չէ, բայց մենք կարծում ենք, որ ծառայողական մեքենաների քանակն էապես կկրճատվի: Բայց դա չի նշանակում, որ ծառայողական նպատակով մարդկանց տեղաշարժվելը չի փոխհատուցվի: Այսինքն՝ դա ոչ թե նշանակում է, որ եթե պաշտոնատար անձը ծառայողական նպատակով ինչ-որ աշխատանք այլ տեղում պետք է իրակականացնի եւ տրանսպորտի կարիք կա, դա չի փոխահատուցվելու, ուղղակի կփոխվի վերաբերմունքն այդ ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ: Երբ վերջանականանա, կառավարության որոշմամբ կտեղեկանաք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ