Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Բաբայանին: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար, ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն:
Ապօրինի շինարարություն, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելում, բազմաբնակարան բնակելի շենքերի խնդիրներ. այս և մի շարք այլ խնդիրներն են, ըստ Հայկ Մարությանի, առաջնահերթ՝ ոչ միայն Աջափնյակում, այլև մայրաքաղաքի ողջ տարածքում:
«Ապօրինի շինարարության գաղափարը պետք է ընդհանրապես վերացնենք: Այն մոտեցումը, որ՝ եկեք մի բան կառուցենք, հետո օրինականացնենք, այսուհետ չի գործելու»,- նշել է Հայկ Մարությանը: «Պետք է ձևավորել հաջողված կառավարման համակարգ, որը դառնալու է հենց արդյունավետ գործունեության երաշխիք»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու համոզմունք հայտնել, որ կառավարման այս մոտեցմամբ է միայն հնարավոր հաջողության հասնել:
«Մենք պետք է այսուհետ աշխատանքները կազմակերպենք այնպես, որ համակարգը գործի և, որ կարևոր է՝ այդ համակարգի արդյունավետությունը անձերի հետ որևէ առնչություն չպետք է ունենա: Անձերը կարող են միայն վեկտորները որոշել, բայց համակարգը, անկախ ամեն ինչից, պետք է աշխատի: Մեր նպատակը այս հինգ տարվա մեջ այդ գործելաոճը ձևավորելն է: Ու վստահ եղեք, որ այդ պարագայում ինքնին լուծումներ են տրվելու բոլոր խնդիրներին»,- ընդգծել է քաղաքապետը:
Աշխատանքում հաջողություն գրանցելու և խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում Երևանի քաղաքապետը կարևորել է բնակիչների հետ սերտ համագործակցությունը: Քաղաքացիների բարձրացրած հարցերին ժամանակին լուծումներ տալու համար էլ հանձնարարել է լինել հետևողական ու նախօրոք վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք անհանգստացնում են բնակիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն