ԱԺ հատուկ նիստում ինչպես հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, ինչպես եւ սպասվում էր: Վարչապետի պաշտոնակատարն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ կառավարությանն ուղղված քննադատությանը:
Շարմազանովը հիշեցրել էր, որ երբ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարցրել էր, թե գյուղատնտեսությունը ո՞նց եք զարգացնելու, խոշոր եղջերավորները հեղափոխությունից հետո հեղափոխական տեմպերով ավելանալո՞ւ են, Փաշինյանը պատասխանել է, որ ոչ՝ այլեւս մեր եղջերավորները ազատ են արտահանման համար, մի հոգի չի արտահանելու. «Հիմա հարց՝ էդ եղջերավորները, պարոն վարչապետ, որ ազատվեցին, ինչքա՞ն են արտահանվել»:
Փաշինյանը պատասխանեց. «Այո, նրանք ստացել են արտահանման ազատություն ու իրենք հընթացս կորոշեն՝ ինչքան արտահանվեն, ուր եւ ինչ գնով»:
Շարմազանովը նաեւ քննադատել էր՝ ասելով՝ «Երբ հեղափոխությունը դեռ չէիք արել, մեր ընդդիմախոսները մեզ քննադատում էին է՛լ կարմիր գծերի, է՛լ կամերաների համար: Հիմա պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք: Կամերաներն էլ ոչ թե պետք է փակենք, այլ պետք է շարունակենք, բա էդ ո՞նց եղավ: Հեղափոխության օրերին ձեր կողմնակիցները իրենց ներքնաշորերով կամերաներն էին փակում ու բողոքում, որ էդ կամերաները պետք չեն»:
Փաշինյանը պատասխանեց, որ ճանապարհային երթեւեկության կարգավորման, բարեփոխումների հարցով շատ լուրջ փաթեթ է ստեղծվում. «Հին համակարգը մեզ ի՞նչ էր ասում՝ դու կարգազանց վարորդ ես, ուրիշների կյանքը վտանգող վարորդ ես, խնդիր չունես, գնա 100 հազար վճարիր ու գնա ուրիշների կյանքը վտանգիր: 500 հազար ունես՝ ոնց ուզում ես քշիր, մենակ մեր փողը մուծիր, ուզում ես՝ հազարի տակ քշիր: Դրա արդյունքում պրոբլեմներ էին լինում: Մենք ասում ենք՝ վարորդը, անկախ նրանից, թե ինչքան փող ունի, պիտի զրկվի վարորդական իրավունքից՝ երթեւեկության կարգուկանոնը խախտելուց: Այո, ինքս էլ կարծում եմ, որ տեսախցիկների ոլորտում պետք է մեծ փոփոխություններ արվեն, ու հանրային քննարկումները ցույց են տալիս, որ բոլորը չէ, որ հանման կողմնակից են: Մարդիկ էլ կան, որ ասում են՝ պետք է կանոնակարգել ու այդ գումարները ավելի նպատակային օգտագործել: Կարմիր գծերի հետ կապված էլ պրոբլեմներ կան ու այդ պրոբլեմերը պետք է լուծել: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց տված ամեն կոպեկը օգտագործվում է նպատակային»:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ Շարմազանովի բարձրացրած Ալավերդու պղնձաձուլարանի խնդրին. «Շատ լավ, աշխատատեղը՝ աշխատատեղ, բա ոչ մեկին չի՞ անհանգստացնում, որ արտանետումների քանակը տասնյակ տարիներով գերազանցում են: Այդ մարդիկ ինչքան քաղցկեղով հիվանդացություն կա, Ալավերդիում տարբերվո՞ւմ է, թե՞ չէ: Մենք ասում ենք՝ արտադրությունը մեզ համար կարեւոր է, բայց չի կարելի տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 մարդու խնդիր լուծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ