«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը տեղեկացրեց՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներումով նույնպես չի կասեցվում:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Անդրեաս Ղուկասյանն այս առիթով մանրամասնեց. «Հետապնդումը շարունակվելու է, քանի որ ակնհայտ է՝ ինձ ներկայացված շինծու մեղադրանքների իմաստով ես չեմ եղել «Սասնա ծռերի» չակերտավոր հանցակիցը, իսկ համաներումը տարածվում է «Սասնա ծռերի» ու նրանց հետ հանցակից ճանաչված մարդկանց վրա: Ինձ ներկայացված շինծու մեղադրանքով ես հանցակից չեմ համարվում և դրա համար էլ գործն արդեն մեկ տարի է առանձնացված է»:
Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց՝ բանտում շատ բան է տեսել ու վստահեցրեց՝ մենք ունեցել ենք հանցավոր իրավապահ համակարգ. «Ես անձամբ բանտում ծանոթացել եմ մարդկանց հետ, որոնք քաղաքական գործիչներ չեն, բայց շինծու մեղադրանքներով գտնվում էին այդ միջավայրում: Իրավապահ համակարգը ձևական մեղադրանքներով պատիժներ է սահմանել մարդկանց նկատմամբ կոռուպցիոն վրեժհարդարի, բազմաթիվ այլ շարժառիթներով, և մարդիկ այսօր շարունակում են կրել պատիժ»:
Ըստ Անդրեաս Ղուկասյանի՝ համաներումը չի տարածվում նաև Նոր Նորքի գործով կեղծ մեղադրանքով ազատազրկված մարդկանց վրա. «Ակնհայտ կեղծ մեղադրանքով կան մարդիկ, որոնք մեղադրվում են այդ Նորքի գործով, ոմանց ճանաչում եմ: Հատուկ օպերացիայի արդյունքում հավաքվել են կեղծ հիմնավորումները, կեղծ ապացույցները այդ մարդկանց դեմ և դրա ձևական կողմի վրա կառուցվել է մեղադրանքը, որ պետական հեղաշրջում էին մարդիկ ծրագրավորում: Նրանց դեմ նույնպես շարունակվում է քրեական հետապնդումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ