Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, որը բազմամարտում առաջին պահեստային մարզիկն էր, մրցակիցներից մեկի հրաժարվելու հետեւանքով եզրափակչում հանդես գալու հնարավորություն ստացավ եւ հաճելի անակնկալ մատուցեց թե իր մարզիչներին եւ թե բոլորին: Արթուրն այստեղ ընդհանուր հաշվարկով վաստակեց 83.140 միավոր եւ 24 ուժեղագույնների մեջ զբաղեցրեց 9-րդ տեղը:
Aravot.am-ը հեռախոսազրույց ունեցավ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ: «Մեր տղաների մասնակցությունն ու արդյունքները մեզ համար անսպասելի բարձր են: Երբ իմացանք, որ Դավթյանը հանդես է գալու եզրափակչում, որոշեցինք, որ նա իր բարդ վարժությունները կատարի եւ ինչ լինելու է, թող լինի: Ու եղավ այն, որ Արթուրը հայկական մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակչում ճանաչվեց 9-րդը: Անցած տարի նա բազմամարտում 15-րդն էր: Վաղն Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկի եզրափակչին, իսկ նոյեմբերի 3-ին օղակների վրա եզրափակչում հանդես են գալու Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը:
Անկեղծ ասած, մենք մտածում էինք, որ եթե առանձին գործիքների վրա եզրափակչի մեկ մասնակից ունենանք, դա հաջողություն կլիներ: Բայց արի ու տես, որ ունեցանք եզրափակչի միանգամից երեք մասնակից, այն էլ՝ լավ արդյունքներով: Սա նաեւ անակնկալ է մրցակից երկրների համար, որոնց պատվիրակները մոտենում, շնորհավորում են մեզ, նշում, որ մարմնամարզությունը հայկական մարզաձեւ է եւ հայերն ուժեղ ազգ են: Նրանք, հավանաբար նկատի ունեն օղակներում հայաստանցի երկու մարզիկների եզրափակչում հայտնվելը: Սա առաջին հերթին Ալբերտ Ազարյանի պատիվն է», – ասաց Հակոբ Սերոբյանը:
Մարզիչը մեդալների ակնկալիքներ ունի մյուս երկու եզրափակիչներում: «Վաղն օղակների եզրափակչում Արթուր Թովմասյանը պայքարը սկսելու է 3-րդ, Վահագն Դավթյանը՝ 5-րդ արդյունքով, իսկ հաջորդ օրը Արթուր Դավթյանը հենացատկերի եզրափակչում հանդես է գալու նույնպես 3-րդ տեղով: Երրորդ արդյունքներով եզրափակիչ մտնելը մեզ հույս է տալիս, որ մեդալ նվաճելու լավ հնարավորություններ կան: Մնում է, որպեսզի մարզիկներն իրենց վարժությունները լավ կատարեն, թեկուզ կրկնեն որակավորման փուլի իրենց լավագույն արդյունքները», – նշեց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ