Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյան. «Ու՞մ հանդեպ է բարիկադ քանդում՝ Հունան Պողոսյանի՞ հանդեպ, որը մեծ հաճույքով Վոլոդյա Ավետիսյան էր դատում»

Նոյեմբեր 01,2018 17:18

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի ցուցակում կլինեն նաև օլիգարխներ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց՝ ռեյտինգային համակարգը ձեռնտու է միայն իշխանություններին. «Նիկոլ Փաշինյանի ցուցակում կտեսնենք օլիգարխներ, քանի որ մարզերում, էլ չեմ ասում ամբողջ Հայաստանում նա մարդ չունի: Չենք կարող ասել, թե ում համար են աշխատելու օլիգարխները»:

Արամ Հարությունյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի ձեռքով Հայաստանը դառնում է հակառուսական և հակաիրանական դավադրության մանրադրամ: Բոլթոնի ասուլիսից դա էր երևում: Արամ Հարությունյանը զգուշացրեց՝ պետք չէ խաբվել Նիկոլ Փաշինյանի՝ սիրո, համերաշխության լոզունգներով. «Նիկոլ Փաշինյանը խաբել է. նա այն ժամանակ ասում էր՝ ես կառաջադրվեմ, վերջին պահին կհանեմ, կգնանք արտահերթ ընտրությունների: Մայիսի մեկին ու ութին Միլսը եղել է Բաբլոյանի կաբինետում: Սերժ Սարգսյանն էլ քցել. նա քցել է ոչ միայն ՀՀԿ-ին, այլև ռուսներին: Լևոն Տեր-Պետրոսյան, ինչո՞ւ ես լռել. նրա կյանքի նպատակը մեկն է, որ ՀՀ-ն այնպիսի վատ վիճակում լինի, որ ասի ես 1998-ին ճիշտ էի»:

Ըստ «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի՝ եթե պետք լիներ, որ Ընտրական օրենսգիրքը ընդունվեր, կընդունվեր. «Չեմ կարծում, որ հնարավորություն չկար նման բան անելու: Իրենք նույն մեթոդներով շարժվել են. չեմ ուզում շատ ռադիկալ տեսանկյունից նայել, յուրաքանչյուր իշխանություն էլ կարող է ունենալ և իրացնել այդ հնարավորությունը: Այս ընտրությունների արդյունքում մեր բոլորի պարտքն է, որ թույլ չտանք կրկին քաղաքական մենաշնորհ լինի: Իշխանությունը չպետք է լինի մեկ մարդու, մեկ կուսակցության ձեռքին»:

Վահան Բաբայանը ողջունում է համաներումը, սակայն դեմ է, որ այն տարածվի մարդասպանություն գործած անձանց վրա: «Մարդասպանություն գործած մարդու վրա տարածել համաներումը, դա անարդարացի որոշում կլինի: Ընդհանուր առմամբ, այո, այդ մարդիկ, որոնք նման գործընթացի մեջ են եղել և կոնկրետ սպանության համար են դատապարտվում, նրանց վրա պետք է համաներումը չտարածվի»:

Արամ Հարությունյանը հիշեց՝ «Սասնա ծռերի» պահանջն այն էր, որ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նրա՝ եթե նպատակը դա էր, կարող էին աշխատակազմի հետ պայմանավորվել և այդ քայլին չգնալ. «Ինձ համար ցավ է, որ Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռերը» հայտարարում են՝ մենք կարող էինք տանկով ապստամբել, և դա մեր իրավունքն է, ու կարող էր հարյուր զոհ լինել: Մենք այդպես էլ չհասկացանք. «Սասնա ծռերը» չձևակերպեցին այդ խնդիրը, դրա համար չարժեր դա: Եթե ուզում էին լուրջ հեղափոխություն լիներ, թող գնային Բաղրամյան 26»:

ԱԻՄ փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը հորդորեց՝ ՊՊԾ գունդ ներխուժած տղաներին պետք չէ նույնացնել մարդասպանությամբ դատվածների հետ. «Նրանք ոչ թե մարդասպաններ են, այլ ապստամբներ. նույն ապստամբները, ինչ Նիկոլ Փաշինյանը: Ուղղակի տղաների մոտ չի ստացվել, Փաշինյանի մոտ ստացվել է: Նրանց ընդունեք որպես հեղափոխականներ: Խնդիր է՝ այդ մարդիկ ինչ պայմաններում, ում գնդակից են զոհվել: Տղաներն ակցիա են արել, որ ժողովրդին արժանացնեն, բայց ես դեմ եմ զինված որևէ գործողության»:

Դառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Սարուխանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյա՞նն է ճիշտ, որ այսօր բարիկադներ է քանդում: Այդ բարիկադները կառուցել է ժողովուրդը իր կատարած քայլով: Ու՞մ հանդեպ է բարիկադ քանդում՝ Հունան Պողոսյանի՞ հանդեպ, որը մեծ հաճույքով Վոլոդյա Ավետիսյան էր դատում, Շանթը մինչև հիմա նստած է»:

Վահան Բաբայանն էլ հակադարձեց՝ «Սասնա ծռերի» կատարածը նույնը չէր, ինչ Փաշինյանինը, քանի որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը և նրա կողմնակիցները փողոցային բաց պայքար են սկսել, որը արդյունք է տվել: Իսկ «Սասնա ծռերը» զենքով գրավել են պետական ծառայության օբյեկտ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գաբրիէլ says:

    ԱԻՄ-ում փոխնախագահ չկա, կան նախագահութեան անդամներ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930