Լրահոս
Օրվա լրահոսը

Ախալքալաքում ծեծի ենթարկված Վաշաձեի շտաբի հայ անդամները հրաժարվում են համագործակցել նախաքննության հետ

Նոյեմբեր 01,2018 17:11

Ախալքալաք քաղաքում նոյեմբերի 30-ին հարձակման և ծեծի էին ենթարկվել ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման նախընտրական շտաբի անդամները, որոնք սակայն հրաժարվում են համագործակցել քննչական մարմինների հետ, լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նատիա Մեզվրիշվիլին:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին, երբ չճշտված տվյալներով իշխող «Վրացական երազանք. դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի ներկայացուցիչները ներխուժել են շտաբ և ծեծի ենթարկել Աշոտ Ռայիսյանին, Աբրահամ և Տիգրան Աբրահամյաններին և Միշա Աբգարյանին:

Ընդ որում, «Ուժը միասնության մեջ է» նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն պնդում է, որ իր կողմնակիցների ծեծին անմիջականորեն մասնակցել են պատգամավոր Մկոյանը և նրա եղբայրը: Վաշաձեն իշխանություններին մեղադրում է նրանում, որ կատարվածից 24 ժամ հետո նրանցից դեռ ոչ մեկը չեն ձերբակալվել:

«Քննչական գործողությունների անցկացման համար ժամանակ է անհրաժեշտ, և նշված են համապատասխան գործընթացները, որոնց պահպանմամբ այդ ամենը պետք է իրականացվի: Նման հայտարարություններն անթույլատրելի են այն պայմաններում, երբ տուժողները չեն համագործակցում: Նրանք չեն համագործակցում, չեն ներկայանում քննիչներին նշված ժամին, սակայն, չնայած դրան, մենք կսպասենք, երբ նրանք ցանկություն ունենան գալու, նրանց կհարցաքննենք և կընդունենք համապատասխան որոշում»,-ասել է Մեզվիրիշվիլին:

Ներքին գործերի փոխնախարարը կոչ է արել տուժողներին համագործակցել և խոստացել է, որ կպատժվեն բոլոր մեղավորները:

«Որևէ խնդիր չկա, եթե հաստատվի և լինեն համապատասխան ապացույցներ, բոլոր այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել, կենթարկվեն քրեական պատասխանատվության… Բոլորը, ովքեր ինչ-որ կերպ կապված են գործի հետ և տիրապետում են որևէ տեղեկատվության, պարտավոր են տեղեկատվությունը ներկայացնել քննչական մարմնին: Այդ անձինք կհարցաքննվեն, սակայն մենք չենք սպասում միայն հարցաքննություններին, մենք դրանցից կախված չենք: Կատարվում են նաև այլ քննչական գործողություններ, որոնք պետք է մեզ հանգեցնեն որոշակի անձանց պատասխանատվության հարցին»,- ավելացրել է Մեզվիրիշվիլին:

Միաժամանակ, Մեզվիրիշվիլին գտնում է, որ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է:

Դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն՝ կատարված մի խումբ անձնանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի գործադրմամբ կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաներով» հոդվածով, որը պատժվում է 4-7 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Անցած կիրակի տեղի են ունեցել Վրաստանի նախագահի ընտրությունները: Արշավի առաջնորդներն են դարձել իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշիլին (38,64%) և միավորված ընդդիմության թեկնածու, «Միավորված ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեն (37,73%): Քանի որ նրանցից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսանոց արգելքը, երկրում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ:

Ընտրությունների վերջնական արդյունքները Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի նոյեմբերի 17-ից ոչ ուշ: Իսկ դրանից երկու շաբաթ հետո՝ մինչև դեկտեմբերի 2-ը, կանցկացվի երկրորդ փուլը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930