Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանովը կոշտ քննադատեց կառավարությանն ու ասաց՝ «Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին»

Նոյեմբեր 01,2018 16:44

ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, կարելի է ասել, հրաժեշտի ելույթ ունեցավ: Այսօր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվելու է եւ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Շարմազանովը նախ կոշտ քննադատեց կառավարությանը: Նա հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվում էր վարչապետ, խոստացավ, որ Հայաստանը պետք է թեւակոխի թռիչքային զարգացման փուլ. «Ես հեռու եմ այն մտքից, որ 6 ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք եւ ապրեինք դրախտում, բայց խոսեմ փաստերով: Ինչքան աշխատատեղեր է ստեղծվել, ներդրումային միջավայրն ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացե՞լ է, թե՞ վատացել, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացե՞լ են, թե՞ էժանացել, առհասարակ, մեր կյանքը լավացե՞լ է, թե՞ վատացել է ու մեր կյանքը ասելով՝ ՀՀԿ-ականներին նկատի չունեմ»:

Ըստ Շարմազանովի, երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ Հայաստանում ներդրումները երեք անգամ պակասել են: Հեղափոխությունից հետո ներդրումային բում էր սպասվում, բայց «եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջեւ»:

Երկրորդ փաստն այն է, որ այս տարվա բյուջեով 6.9 տոկոս տնտեսական աճ է գրված, իսկ հաջորդ տարվա բյուջեով 4.2 տոկոս է սպասվում: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում, եւ 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում, որեւէ մեկի աշխատավարձը չի բարձրանալու, այն դեպքում, երբ գնաճ է սպասվում:

Հաջորդ փաստը սա է՝ «Ինչքա՞ն աշխատատեղեր եք բացել, 10-15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց ա տալիս, առավոտը, իրիկունը, տնտեսական թողարկումով, թերթերը, սայթերը: Դա էն դեպքում, երբ Ալավերդու պղնձաձուլարանը փակման ենթակա է դարձել: Ես չգիտեմ ով է մեղավոր, ով մեղավոր չէ, բայց 630 ալավերդցի կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի ու փաստի առջեւ, ձեզ էլ դիմել եմ, պարոն վարչապետ»:

Շարմազանովը ներկայացրեց հաջորդ քննադատությունը՝ «Երբ հեղափոխությունը դեռ չէիք արել, մեր ընդդիմախոսները մեզ քննադատում էին է՛լ կարմիր գծերի, է՛լ կամերաների համար: Հիմա պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք: Կամերաներն էլ ոչ թե պետք է փակենք, այլ պետք է շարունակենք, բա էդ ո՞նց եղավ: Հեղափոխության օրերին ձեր կողմնակիցները իրենց ներքնաշորերով կամերաներն էին փակում ու բողոքում, որ էդ կամերաները պետք չեն»:

Շարմազանովը հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարցրել էր, թե գյուղատնտեսությունը ո՞նց եք զարգացնելու, խոշոր եղջերավորները հեղափոխությունից հետո հեղափոխական տեմպերով ավելանալո՞ւ են, Փաշինյանը պատասխանել է, որ ոչ՝ այլեւս մեր եղջերավորները ազատ են արտահանման համար, մի հոգի չի արտահանելու. «Հիմա հարց՝ էդ եղջերավորները, պարոն վարչապետ, որ ազատվեցին, ինչքա՞ն են արտահանվել: Հետո, գնում եք Գումի շուկա, լավ եք անում, պոմիդորի, վարունգի գինը հարցրեցիք, դրանից հետո էս ժողովուրդը պոմիդորն ու վարունգն ավելի էժա՞ն առավ, թե՞ ավելի թանկացավ»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ քննադատեց կառավարության արտաքին քաղաքականությունը. «Հենց ձեզ քննադատում ենք, ասում եք՝ բա չէ, ձեր նման վիզը ծուռ քաղաքականություն: Եթե վիզը ծուռը նա է եղել, որ ՀՀ-ն եւ ԵԱՏՄ է մտել, եւ ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որտեղ գրված է, որ ԵՄ երկրները պետք է ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա դառնում է իրենց համար օրենք այլեւս, ապա չգիտեմ հպարտ վզով քաղաքականությունը որն է: Ձեր հպարտ քաղաքականությունն էլ տեսանք, Բոլթոնը եկավ, առաջին անգամ ասաց՝ դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք: Էդ ո՞րն է պատմական կաղապարները՝ ավանդական ընտանիքները, քրիստոնեական արժեքները, ցեղասպանությունը ճանաչելը, Արցախի հարցում հայանպաստ դիրքորոշումը, ո՞րն է»: Նա վստահեցրեց, որ մեր երկրի համար կարեւոր հարցերի շուրջ ինքը միջազգային հարթակում խոսում է ու հաստատ Փաշինյանի տված «դուխով» չի խոսում:

Շարմազանովը ելույթի վերջում ասաց. «Միգուցե սա իմ վերջին ելույթն է այս ամբիոնից այս գումարման ԱԺ-ում, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ, «Ծառուկյան դաշինք», «Ելք» խմբակցությանը, ՀՀԿ-ից անջատված անկախ պատգամավորներին, ՀՀԿ-ին, կառավարության ներկայացուցիչներին, ձեզ, պարոն վարչապետ, ԱԺ նախագահին, փոխնախագահին, մեր սիրելի լրատվամիջոցներին մեկ բան ցանկանալ՝ մի փնտրեք որեւէ անձնական բան: Ես ծառայել ու ծառայելու եմ ՀՀ-ին: Կեցցե ՀՀ-ն, Հայաստանի քաղաքացիներն ու հայ ժողովուրդը: Ես անուղղելի օպտիմիստ եմ, ամեն ինչ լավ է լինելու: Ու չկա հին ու նոր Հայաստան, Հայաստանը մեկն է: Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930