ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկումը շարունակվում է: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հակասություններ էր նկատել Փաշինյանի ներկայացրած տնտեսական ցուցանիշներում, բյուջեում: Փաշինյանը պատասխանեց, որ բյուջեում հակասություններ կլինեն, որովհետեւ բյուջեի ընդհանուր ծագումնաբանությունն է հակասական, տարվա սկզբում մի կառավարություն է եղել, հետո՝ այլ ու հակադիր տրամաբանությամբ են գործել:
Խոսրով Հարությունյանը նաեւ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, երբ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, լեգիտիմ ընտրվի, կարող է վճռական քայլեր իրականացնել Արցախի հարցում: Ի՞նչ վճռական քայլերի մասին կարող է խոսք գնալ, այն էլ՝ այս կարճ ժամանակահատվածում:
Փաշինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ մի քանի հանդիպումներում ուղիղ հարց եմ տվել մեր միջազգային գործընկերներին, ասել եմ՝ դուք հայտարարում եք կամ ինչ-որ մեկը հայտարարում է, որ կա Արցախի խնդիրը լուծելու հնարավորությունների պատուհան, խնդրում եմ՝ բացատրեք՝ ինչ նկատի ունեք՝ հնարավորությունների պատուհան ասելով։ Եվ անկեղծ ասեմ՝ միշտ չէ, որ ես որեւէ բացատրություն ունեցել եմ։ Հարց հնչեց, թե ինչու արձագանք չի եղել այս կամ այն հայտարարությանը: Բայց իմ կարգավիճակում պատշաճ չէ, որ ամեն հայտարարությունից հետո անեմ նոր հայտարարություն։ Բոլոր մանրամասներով Արցախի հարցի հետ կապված իմ դիրքորոշումը շատ հստակ գծագրել եմ։ Բացառվում է, որ որեւէ մեկը հույս ունենա, որ ԼՂ հարցը կարող է լուծվել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի եւ պետականությունների շահերին հակառակ։ Չի կարող այդպիսի բան լինել: Արցախի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Արցախի եւ Հայաստանի ժողովրդի համար, պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար»:
Փաշինյանը հարց ուղղեց. «Կա՞ արդյոք Ադրբեջանում մի պաշտոնյա, որը պատրաստ է կրկնել նույն հայտարարությունը, բառացի ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի համար։ Եթե կա պաշտոնյա, որ կարող է կրկնել այս նախադասությունը, ուրեմն կարող ենք ասել, որ կա հնարավորության պատուհան, իսկ եթե չկա այսպիսի հայտարարություն անող քաղաքական գործիչ, պետք է դեռ շարունակենք փնտրել, թե ինչ նկատի ունեն մեր գործընկերները՝ հնարավորությունների պատուհան ասելով»։
Փաշինյանն ասաց. «Շատ հաճախ ընդգծվում է, որ ՀՀ կառավարությունն ունի ուժեղ վստահության մանդատ, եւ զարմանալի է, որ որեւէ մեկը կարող է մտածել, որ ՀՀ կառավարությունը ժողովրդից ստացած մանդատը կարող է օգտագործել ընդդեմ ժողովրդի։ Սա նույնիսկ ծիծաղելի էլ չէ, ուղղակի չի կարող լինել այդպիսի բան»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ