ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է: Եթե այսօր թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին չեն ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվելու է:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության հետ կապված. «Դուք կարեւորել եք Հայաստան-Իրան հարաբերությունների այնպիսի ուղղությամբ զարգացումը, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին, որոնք զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից: ԵԱՏՀ նիստում կարեւորվել է Հայաստանի դերակատարումը Իրան-ԵԱՏՄ համագործակցության համատեքստում: Ջոն Բոլթոնը հայտարարել էր՝ մենք Իրանի շուրջ կիրառելու ենք պատժամիջոցներ, քանի որ նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի: Բոլթոնը նաեւ ասել է՝ չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին»: Կյուրեղյանն ասաց՝ ՀՀ-ում Բոլթոնն ասել է՝ «եթե ցանկանում եք, որ ԱՄՆ-ն մնա ձեզ բարեկամ, ապա պետք է սահմանափակեք հարաբերությունները Իրանի հետ: Ինչո՞ւ կառավարությունը որեւէ կերպ գնահատականներ չտվեց Բոլթոնի եւ դեսպան Միլսի հայտարարություններին»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը կոնկրետ չի մեկնաբանել, որովհետեւ ոչ մեկն իրեն չի հարցրել. «Երբ որեւէ օտարերկրյա պաշտոնյա որեւէ հայտարարություն է անում, այնպիսի տպավորություն է, որ բոլորը եզրակացություններ են անում, հայտնում դիրքորոշումներ, բայց նույնիսկ իմ մամուլի քարտուղարին ոչ մեկը չի հարցնում՝ այս հայտարարությունների կապակցությամբ ի՞նչ դիրքորոշում ունեք, որովհետեւ բոլորն արդեն ամեն ինչ որոշել են, բոլորի համար ամեն ինչ պարզ է: Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարությանը, ազգային եւ պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային ու պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել որեւէ երկրի շահերի եւ պատկերացումների հետ: ՀՀ կառավարությունը ելնում է, ելել է ու շարունակելու է ելնել ՀՀ ազգային շահերից»:
Փաշինյանն ասաց, որ բոլորին կոչ է անում որեւէ հայտարարություն չվերագրել ՀՀ կառավարությանը, եթե այդ հայտարարության հեղինակը ՀՀ կառավարությունը չէ: Նա ասաց, որ այդ հայտարարությունը, որ մենք պետք է առանձնահատուկ հարաբերություն ունենանք Իրանի եւ Վրաստանի հետ, որոնք դուրս կլինեն աշխարհաքաղաքական հարաբերություններից, ինքը վերահաստատում է այդ դիրքորոշումը եւ այդ դիրքորոշումը շատ հստակ ձեւակերպվել է նաեւ Բոլթոնի հետ ունեցած հանդիպման ընթացքում: Փաշինյանն ասաց, որ ՀՀ դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության համար եղել է պարզ, ընկալելի եւ նույնիսկ ընդունելի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ