«Ներումը եւ մեղքի զգացումը հոգեբանական երեւույթներ են, ներում են այն մարդուն, որը գիտակցել է սեփական մեղքը եւ ինքն իրեն դատապարտել է»,-«Տեսակետ» ակումբում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` խոսելով համաներման մասին: Նաեւ կոչ է անում, որ բացի հումանիստական մոտեցումից, կիրառվի հոգեբանական մոտեցում, փորձ արվի պարզել՝ արդյոք մարդը գիտակցել եւ ընդունե՞լ է իր մեղքը, եւ դրանից հետո նոր ազատել նրան:
«Ամեն դեպքում, ես ողջունում եմ այս համաներումը»,-հավելեց նա: Պարոն Խուդոյանն ասում է, որ այսօրվա կալանավայրերում ավելի շուտ հանցագործ են պատրաստում. «Այսօրվա դրությամբ նորմալ մարդը կարող է նստել գաղութ եւ հանցագործ դուրս գալ՝ զուտ գաղութային միջավայրի պատճառով»: Նա հիշեց ցմահ մի դատապարտյալի, որը նրա ձեւակերպմամբ, ինտելիգենտության գագաթ էր, ու ասաց, որ արժեր` համաներումը հենց նման մարդկանց վրա էլ տարածվեր:
Մանրամասն` տեսանյութում
«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը գտնում է, որ նախկինում ոչ օրինական գործընթացներով դատապարտված մարդիկ էլ կան, որոնց վրա տարածվում է համաներումը: Նա ողջունում է համաներումը, ասում է՝ 28 տոկոսով դատապարտյալների թիվը պակասում է, ինչը թեթեւացնում է բյուջեի ծախսերը:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ չի կարող մասնագիտական գնահատական տալ համաներմանը, սակայն ողջունելի քայլ է համարում: Միաժամանակ ընդգծում է. «Շատ կարեւոր է, որ համաներմանը զուգահեռ իրականացվի ռեաբիլիտացիոն պրոցես, որովհետեւ ազատազրկման վայրերից եկած մարդիկ բարդությունների են հանդիպում, նրանք չեն կարողանում ինտեգրվել: Մարդիկ չեն կարողանում աշխատանք, բնակարան գտնել, եւ նրանց 50 տոկոսը նորից հայտնվում է բանտում»,-ասում է պարոն Բաբայանը: Նա հավելում է, որ համաներումը պետք է իսկապես համաներում լինի, ոչ թե ճնշում որոշակի օղակների վրա. «Երբ ազատազրկվածն ասում է՝ ինչ-որ արել եմ, լավ եմ արել, պետք լինի՝ էլի կկրկնեմ, համաներումը իմաստը կորցնում է»:
Մանրամասն` տեսանյութում
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ բոլորը կողմ են համաներմանը, նաեւ նշեց, որ շատերը ազատվում են, ու հետո նորից հանցագործություն են գործում, որ բանտ վերադառնան` աշխատանքի ու սոցիալական պայմանների բացակայության պատճառով:
«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը փաստում է, որ բանտից ազատվածներին հաճախ աշխատանքի չեն վերցնում նրանց «անցյալի» պատճառով, կարծում է, որ որոշակի սոցիալական ծառայություններ պետք է աշխատեն նման մարդկանց հետ:
Սամվել Խուդոյանը հավելում է, որ ԱՄՆ-ում զբաղվում են պաշտոնյաների հոգեբանական հետազոտությամբ: Հոգեբանը բերեց Բուշի, Օբամայի, Թրամփի օրինակը: Նաեւ ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում չկան մասնագետներ, եւ օրենքի դաշտ մտնելու համար մեր երկիրը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի:
Մանրամասն` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ