Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյան. «Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր են»

Նոյեմբեր 01,2018 14:46

«Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր են»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության, Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը…քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վ. Հ.-ն և քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: Վերջիններս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները»: Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Առանց այս փաստերի էլ, ինչպես վստահեցրեց Սասուն Խաչատրյանը, մարտի 1-ի գործողություններին բանակի ներգրավման մասին փաստերը հիմնավոր էին:

Թե ում կողմից է եղել հրահանգը, որպեսզի ավագ քննիչը փաստերը կեղծի, այս հարցին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն ասաց. «Կասկածներ ունեմ, չեմ բարձրաձայնի, քննությունն է կատարվում, արդյունքների դեպքում կտեղեկացնեմ»:

Արդյոք այդ փոխարինված հազար պարկուճն էլ բանակինն են եղել, Խաչատրյանն ասաց՝ «Հիմա չեմ կարող ասել՝ այդ բոլոր հազարն էլ բանակի՞ զենքերն են եղել, թե՞ ոչ, բայց մեր ապացույցները խոսում են այն մասին, որ առնվազն 1000 պարկուճներ փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազենից արձակած պարկուճներով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վահագն Հարությունյանի՝ ՌԴ-ում գտնվելու եւ հետախուզման մասին էլ Խաչատրյանն ասաց. «Որքանով ինձ հայտնի է՝ Վահագն Հարությունյանը զանգահարել է քննիչներին եւ հայտնել, որ կարող է ասել իր գտնվելու վայրը, սակայն Հայաստան, Երեւան գալու մտադրության մասին չի ասել: Հետախուզում ենք հայտարարել: Հետախուզում հայտարարելը մեր իրավասության մեջ է, հետախուզում իրականացնելը՝ ոստիկանության»:

2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին այս հանգամանքներով հարցաքննելու մասին էլ Խաչատրյանն ասաց.«Այս հանգամանքները, որ հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին, երբ Միքայել Հարությունյանը դեռեւս հանրապետությունում էր: Նրան այդ հանգամանքների մասին չէինք կարող այն ժամանակ հարցաքննել»:

Մանրամասն՝ տեսանյութում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ բանակի սպա Գրիգորի Խաչատուրովը, ԱԱԾ տնօրեն Վանեցյանի եւ ՀՔԾ-ի ղեկավարի գաղտնալսված խոսակցության հրապարակումից հետո Սասուն Խաչատրյանից պահանջել էր հրապարակային ներողություն խնդրի: Խաչատրյանն այսօր ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել.«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Եթե դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում, իսկ ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում ու ասում է, որ դրա համար պետք է հրապարակային ներողություն խնդրել… Դա ճի՞շտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը ու ներողություն խնդրելու կոչեր են անում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930