Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խայտառակ երեւույթ է». Փաշինյանը խոսեց չարաշահումների, ատկատների մասին ու ասաց՝ 200 մլն դոլարի յուրացումների, վատնումների քրգործեր կան

Նոյեմբեր 01,2018 14:26

Այսօր ԱԺ-ն իրավունքի ուժով հատուկ նիստ է հրավիրել՝ վարչապետի ընտրության հարցը քննարկելու: Առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նա իր ելույթում խոսեց տնտեսական խնդիրների մասին:

Գյուղատնտեսությանն անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց. «Մեզ համար ամենամեծ մարտահրավերը հաջորդ տարվա պլանավորումն է: Մեզ համար այս տարի տեղի է ունեցել շատ երկար տարիների համար աննախադեպ երեւույթ, երբ ներկրվել է լոլիկ, որովհետեւ մեր արտադրողներն իրենց ծավալներով աճել են, բայց պարզվել է, որ տեղի արտադրողները ի վիճակի չեն նրանց պահանջարկը բավարարել, եւ վերամշակող ընկերությունները ստիպված են եղել լոլիկ ներկրել Վրաստանից կամ այլ երկրներից»:

Նա ասաց, որ ռիսկերը պետք է պատշաճ հաշվարկվեն, վնասատուների դեմ պայքարում գյուղացիներին լուրջ աջակցություն պետք է ցույց տան, որ հաջորդ տարի ներմուծման աճ չլինի:

Փաշինյանն ասաց, որ կա եւս մեկ գործոն, որն ազդում է տնտեսության աճի վրա, դա բյուջեի ծախսային մասի թերակատարման խնդիրն է. «Այս տարի հեղափոխությունից հետո բյուջեի ծախսային մասի թերակատարմամբ ենք գնում, դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքական գծի հետ: Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով: Դա ստիպել է ծրագրեր իրականացնողներին ամեն ծրագրի վերաբերվել առանձնակի ուշադրությամբ, ինչը ծախսային մասը զսպում է ու բերում որոշակի տնտեսական էֆեկտի:

Ընդհանուր առմամբ այս պահին տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրգործեր: Այս ծավալն ինքնին մեծ է: Այսօր քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների եզրագծից մի բան էլ այն կողմ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, Հուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության չարաշահումների գործով պարզել են, որ Տրանշ-1-ի շրջանակներում շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշների ու ամեն ինչ անելու են, որ որակը ապահովվի՝ դա կանեն քրգործի, քաղաքացիական գործի շրջանակներում ե բանակցությունների, չգիտեն, բոլոր գործիքները կօգտագործեն, բայց ժողովրդի ծախսած փողերը կվերադարձնեն: Նա ասաց, որ սա կբացառի, որ հետագայում էլ ճանապարհ կառուցեն ոչ թե կառուցելու, այլ՝ ատկատների համար: Ուստի Փաշինյանն ասաց, որ տնտեսական անկման ցուցանիշների հետ կապված քննադատությունները իրենց չեն կանգնեցնելու, որովհետեւ իրականում այսօր մեր տնտեսության մեջ տեղի են ունենում խիստ պոզիտիվ առողջացման պրոցեսներ, որոնք անխուսափելիորեն բերելու են այն նպատակների իրագործմանը, որ իրենց առջեւ դրել են:

Փաշինյանը խոսեց այլ չարաշահումներից, փոքր ՀԷԿ-երից. «Մենք գիտենք, որ փոքր ՀԷԿ-երը ըստ էության, դարձել են չարաշահման մի հսկա տիրույթ: Վերջերս ստուգումներ ենք իրականացրել ՀՀ-ում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում ու նրանց 95 տոկոսում ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երեւույթ է, ավելին ասեմ, այդ փոքր ՀԷԿ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում չափանիշներին, ունենք իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր, ավելի հզոր գեներատորով ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալու, որը ոչ միայն ջրային բալանսն է խախտում, այլեւ բերում պետեկամուտների կորստի»:

Փաշինյանն ասաց՝ «մենք չպետք է գնանք սեփականության վերաբաշխում անելու ճանապարհով, ուրիշի հորողբոր որդուց խլելով ու մեր հորողբոր որդուն նվիրելով, բայց պետք է հանգիստ պայմաններում այս հարցերը քննարկենք ու ժողովրդի, պետության շահերը վերականգնենք»:

Նա խոսեց նաեւ բնապահպանական խնդիրներից, ասաց, որ բազմաթիվ գետեր դե յուրե կան, բայց դե ֆակտո չկան ու սա դրա հետեւանքն է, դրա համար էլ գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջուր չունեն:

Այս ամենը ներկայացնելով՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ տնտեսությունում տեղի է ունենում տնտեսության առողջացման եւ տնտեսական «տրանսֆորմացիայի» մեկնարկ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930