Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գիտակցված բարձրացնում է ԼՂ հարցում պահանջների նշաձողը. «Կոմերսանտ»

Նոյեմբեր 01,2018 14:16

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական աշխատանքային այցն են իրականացնում Հարավային Կովկաս: Նրանք արդեն եղել են Երևանում և Ստեփանակերտում, իսկ այսօր կայցելեն Բաքու: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչների առաքելությունը կոչված է ակտիվացնելու ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները Հայաստանում մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այցն իրականացվում է Երևանի և Ստեփանակերտի կողմից Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ընդգրկելու՝ գնալով աճող կոչերի ֆոնին: Բաքվում այդ առաջարկը համարում են անընդունելի, գրում է «Կոմերսանտը»:

Չնայած ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի բացակայությանը՝ միջազգային միջնորդների՝ հաճախակի դարձած այցերը տարածաշրջան չեն թողնում փորձերը՝ բանակցային գործընթացը մեռյալ կետից տեղաշարժել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Անդրկովկաս կաստարած այցից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկվեց Մոսկվայում ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում: Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց անմիջապես հետ Բոլթոնն այց կատարեց Հարավային Կովկաս, որտեղ անսպասելի ենթադրություն արեց. վարչապետ ընտրվելուց հետո ներկայում կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ կստանա՝ Բաքվի հետ բանակցություններում առավել վճռական քայլերի համար: Ավելի վաղ նույն տրամաբանությամբ էր արտահայտվել Երևանում իր պաշտոնավարումն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

Միաժամանակ Փաշինյանի մոտ ԱՄՆ աշխատակազմի ներկայացուցչի առաջարկը խանդավառությամբ չընդունվեց: «Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից: Ո՛չ Բոլթոնը, ո՛չ ընդհանրապես այլ մեկը չեն կարող խոսել իմ անունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ «չի կարող լինել այնպիսի լուծում, որը ընդունելի չլինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար»: Օգտագործելով Բաքվի համար անընդունելի պատմական անվանումը՝ Հայաստանի առաջնորդը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ղարաբաղյան հարցում զբաղեցնում է առավել ծայրահեղական դիրքորոշում, քան իր նախորդները, գրում է թերթը:

Չափազանց կոշտ էր նաև նրա՝ վերջերս տեղի ունեցած ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում: «Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ, հակառակ դեպքում Բաքվին անհրաժեշտ են միայն տարածքներ, ոչ թե Ղարաբաղի մարդիկ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ միջազգային հանրությանը տեղեկացնելով, որ «Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են մաքրել Ղարաբաղի հայերից»: «Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի մաս, եթե ոչ մեկ չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- ասել էր նա: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է. «Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշակի ձայն և ներգրավվածություն ունենա կարգավորման գործընթացում: Հայկական կողմի գործողություններն ուղղված են խաղաղ գործընթացի շարունակությանը այդ տրամաբանության շրջանակում»:

Ստեփանակերտը հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավելու հարցն օրակարգից դուրս էր հանվել դեռ 1992թ.-ից ԵԱՀԿ հովանու ներքո տարվող բանակցային գործընթացի սկզբնական փուլում: Դա տեղի է ունեցել, որովհետև հնարավոր չէր որոշել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների կարգավիճակը բանակցային գործընթացում, կարծում է թերթը: Արդյունքում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը բոլոր առանցքային փուլերն ընթանում են առանց Ստեփանակերտի:

Հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կոշտ հայտարարությունները և ի հայտ եկած անհամաձայնությունը Վաշինգտոնի ու Երևանի միջև՝ Ջոն Բոլթոնին Հայաստանի մայրաքաղաքում փոխարինած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ստիպված էին «հրշեջ թիմի» դեր խաղալ, որը փորձում է թույլ չտալ դիվանագիտական վեճի սրում և գոնե ձևացնել, որ ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթաց կա:

Մեկնաբանելով հայ գործընկերների վերջին հայտարարությունները՝ Երևանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին շտապեց հավաստիացնել հայկական կողմին, որ Երևանի վրա որևէ արտաքին ճնշում ղարաբաղյան հարցի լուծման հետ կապված չկա: «ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հակամարտության լուծումը պետք է գտնեն կողմերը: Այն ոչ մեկը չի կարող պարտադրել: Մենք չենք կորցնում լավատեսությունը և հավատում ենք, որ մի օր այդ լուծումը կգտնվի»,- ասաց Սվիտալսկին:

Հաշտեցնող հայտարարությամբ հանդես եկավ նաև հայկական կողմը: «Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ համանախագահների այցը Հայաստան և ընդգծել Մինսկի խմբի դերը՝ որպես միակ ձևաչափ, որն ունի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ»,- ասվում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի Երևանում տեղի ունեցած հանդիպումներից և բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Լեռնային Ղարաբաղ: ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 30-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Երեկ արդեն, ըստ Բաբայանի, միջնորդները «մշտադիտարկում են իրականացրել ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում»: Ընդ որում, հանդիպման ժամանակ Բակո Սահակյանն առաջ է քաշել Նիկոլ Փաշինյանի այն թեզիսը, որ բանակցություններում անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը:

Այնուամենայնիվ, Երևանի և Ստեփանակերտի առաջարկած բանակցությունների գործող ձևաչափի փոփոխության առաջարկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից որևէ պաշտոնական արձագանք չհաջորդեց: Միջնորդները դիվանագիտորեն խուսափեցին այն հարցից՝ արդյոք կարող են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, որոնց Բաքուն շարունակում է անվանել «անջատողականներ», դառնալ բանակցությունների կողմ:

«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների նոր այցը (որոնք չեն կարող ընդունել Ղարաբաղի հարցով բանակցությունների ձևաչափի փոփոխության առաջարկը, քանի որ այդ առաջարկն անընդունելի է Բաքվի համար) հերթական անգամ ցույց տվեց. այդ միջազգային մեխանիզմը շարունակում է աշխատել անարդյունք,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն:- Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ղարաբաղյան հիմնահարցը մնում է չլուծված և իրական երկխոսություն Բաքվի ու Երևանի միջև չի լինի: Այնպես որ, նա գիտակցված բարձրացնում է պահանջների նշաձողը, որպեսզի գոնե իր դիրքերն ամրապնդի հայրենիքում»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930