Aravot.am-ը Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց ` ի՞նչ կարծիքի է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու առաջարկի վերաբերյալ, որ ստացել է մշակույթի նախարարությունը:
«Քննարկելու թեմա չեմ տեսնում, որովհետեւ երբ սկսում ենք մի բան քննարկել, դա ակամա արժեւորում ենք, իսկ ես կարծում եմ, որ սա քննարկելու թեմա չէ: Կան շատ ավելի կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են մշակույթի նախարարությանը, նկատի ունեմ գործառույթները, ոլորտը»,-ասաց պարոն Բաբայանը:
«Տվյալ դեպքում Զվարթնոցը օրիգինալ եւ չկրկնվող անուն է, չի կարող այլ երկրում լինել «Զվարթնոց» անունով մեկ այլ բան, իսկ Շառլ Ազնավուրի անունով կարող է լինել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Վրաստանում եւ ամենուր»,-ասաց պարոն Բաբայանը
Հոգեբան Սամվել Խուդոյանը նույնպես տարօրինակ է համարում նման առաջարկը շրջանառության մեջ դնելը, կարծում է, որ Շառլ Ազնավուրի անունով ինչ-որ բան կոչելու այլ տարբերակներ կարելի է մտածել:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը այս առիթով մեկ այլ օրինակ բերեց. «Լինելով շատ զգացմունքային ազգ, մենք տեսանք, թե ինչպես էին պնդում, որ նոր թղթադրամների վրա լինի Հենրիխ Մխիթարյանի նկարը: Սա եւս զգացմունքային խնդիր է, որ հնարել է ինչ-որ մեկը»:
«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ ասաց, որ ավելի շատ պետք է կարեւորվի «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի վերականգնման, քան անվանափոխելու հարցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ