Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հարությունյանը «անհիմն, ապօրինի, շինծու» է որակում իրեն առաջադրված մեղադրանքը. «Ազատություն» ռադիոկայան

Նոյեմբեր 01,2018 13:45

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում այսօր հայտարարեց՝ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի», – ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ – «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»:

«Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաև Ձեզ վստահեցնում եմ, և հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, և դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, և բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել», – ասաց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Հարությունյանը վստահեցրեց, որ հանձնարարություն չի տվել ոստիկանության փորձագետին, քննիչներին․ – «Իհարկե ոչ: Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, չեն եղել ապացույցներ Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու, կամ էնտեղ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Ես հիմա չեմ հիշում, հազարից ավել՝ 1600 թե 1800, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, էնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելիությունը, կարծեմ մի քանի հարյուր, եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Վահագն Հարությունյանը նաև պնդեց՝ նախաքննական մարմինը տեղյակ է իր գտնվելու վայրի մասին, տեղեկացված է, որ առողջական խնդիրների պատճառով է բացակայում Հայաստանից, բայց դա հաշվի չառնելով՝ հետախուզում է հայտարարել։

Նաիրա Բուլղադարյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930