Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե այդ օրը վատ տրամադրությամբ արթնանան, մեր տնտեսությունն անկում է ապրելու». Փաշինյան

Նոյեմբեր 01,2018 13:39

Այսօր ԱԺ-ն իրավունքի ուժով հատուկ նիստ է հրավիրել՝ վարչապետի ընտրության հարցը քննարկելու: Առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հիշեցրեց, որ իրենք նպատակ չունեն այսօր ընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, որ Սահմանադրության համապատասխան հոդվածի տառին համապատասխան ընթացակարգն ապահովեն: Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Նա ասաց, որ սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել, չնայած տարեկան ցուցանիշով 6.5 տոկոս աճ կա ու բացատրեց ինչու է եղել այդ անկումը. «Տնտեսական աճի այն կառուցվածքը, որ երկար տարիներ գոյություն ունի ՀՀ-ում, որեւէ կերպ ընդունելի համարվել չի կարող: Մեր տնտեսական աճը ձեւավորվում է հիմնականում այսպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող՝ ընդերքը քանդող եւ արտահանող, ագրարային, խաղադրույքներ իրականացնող երկիր է, որը ընդունելի չէ: Այս իրավիճակը հասկանալու համար եկեք դիտարկենք, թե ինչ տեղի ունեցավ հունիսին, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշը աննախադեպ բարձր մակարդակի հասավ՝ 11.1 տոկոսի: Տեղի էր ունեցել հետեւյալը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր ու պարզվում է, որ մեր երիտասարդությունը եւ ոչ միայն երիտասարդությունը, զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով: Այս ցուցանիշները արձանագրվեցին որպես ծառայությունների շեշտակի աճ եւ մեկ ամսվա մեջ մոտ 5 տոկոսի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ունեցանք միայն խաղադրույքների հաշվին, բայց պետական եկամուտները սրանից չաճեցին, որովհետեւ շահումով խաղերի ոլորտը հաստատագրված ցուցանիշով է հարկվում: Միանվագ վճարում են կատարում ու դրանից մեր հարկային եկամուտները չեն ավելանում:

Հաջորդը հանքարդյունաբերությունն է, որը մշտապես մեր արտահանման ու արտադրության հենասյուներից մեկն է: Մենք էլի որեւէ տնտեսական քաղաքականությունից անկախ իրականացրել ենք դա: Եթե պղնձի եւ մոլիբդենի միջազգային գները բարձր են եղել՝ քանդել ենք ու արտահանել, ընդ որում, հիմնականում խտանյութի տեսքով ու դրանից ավելացված արժեք չստեղծելով: Ու այդ անկումը, որ տեղի է ունեցել, այս տարվա սեպտեմբերին է տեղի ունեցել՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ: Տեղի է ունեցել այն, որ մեր Թեղուտի հանքը, որը մեր արդյունաբերության հենասյունն էր, ես չեմ համարել, որ դա պոզիտիվ հենասյուն է, ուղղակի փակվել է: Ինչու է փակվել՝ բազմաթիվ խնդիրներ են առաջացել ե՛ւ ինժեներական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ կառավարման, ե՛ւ հարաբերություններ վարկատու բանկի հետ: Փակվել է փետրվարին: Մեր տնտեսության ամենամեծ պրոբլեմն այն է, որ մի ընկերության վիճակը կարող է մեր տնտեսական ցուցանիշների տատանումների բերել: Մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե այդ օրը վատ տրամադրությամբ արթնանան, կարող է պարզվի, որ մեր տնտեսական ցուցանիշներն անկում են ապրելու»:

Վարչապետի թեկնածուն անդրադարձավ նաեւ 3-րդ կոմպոնենտին՝ գյուղատնտեսությանը: Նա ասաց, որ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած բավականին լուրջ անկում է արձանագրվել՝ երկնիշ անկում. «Տարեկան կտրվածքով մենք այս տարի 9 ամիսների ցուցանիշներով 20 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Այս տարի 20 տոկոս ավելի պտուղ-բանջարեղեն է արտահանվել: Մեր երկրի գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված կան լուրջ պրոբլեմներ: Ոչ մեկը վստահ չի կարողանում պնդել, որ այն թվերը, որոնք ներկայացվում են գյուղատնտեսության ոլորտում, իրականությանը համապատասխանում են, որովհետեւ մենք ունենք հավելագրումների եւ թերգրանցումների բազմաթիվ մեխանիզմներ: Մեր երկրում կա այնպիսի զարմանալի երեւույթ, ինչպիսին է ստվերային այգին: Մեր երկրում կան ստվերային հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որ հարկեր չվճարեն: Սա է նաեւ պատճառը, որ մենք ամեն տարի պլանավորում ենք ջրի սպառման ծավալներ ու պարզվում է, որ չի բավականացնում ու ոչ մեկը չի կարողանում պարզել, թե ուր է գնացել այն ջրի քանակը, որը, ըստ նախնական հաշվարկների եւ ըստ պաշտոնական թվերի, մեզ պետք է լիովին բավականացներ: Եվ կա հակառակ երեւույթը՝ հավելագրումներ, որոնք հիմնականում կապված են կոնյակի արտադրության հետ: Հայկական կոնյակը բրենդ է ինքը, բայց ցավոք, ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում ենք ոչ հայկական կոնյակ: Ներկրվում է սպիրտ այլ տեղերից ու որպեսզի դա ներկայացվի իբր հայկական կոնյակ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, իբր այսքան խաղող մթերվել է, այսքան կոնյակ ստացվել է ու այսպիսով մենք ունենում ենք թվերի անհամապատասխանություններ: Այս տարի մենք այդ ամենի նկատմամբ շատ ավելի խիստ ենք եղել եւ հավելագրումների մեխանիզմը չի աշխատել, նաեւ դա է պատճառը, որ մենք այսքան անկում ունենք գյուղատնտեսության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930