Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակության հետ: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև հաստատված համագործակցությանը՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք միտված են Երևանի զարգացմանը, բնակիչների բարեկեցությանն ու հարմարավետության ապահովմանը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է առաջնահերթությունները և նշել, որ քաղաքապետարանը հետաքրքրված է տրանսպորտային համակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրային առաջարկներով: Մասնավորապես, տրանսպորտային ցանցի արդիականացում, այլընտրանքային տրանսպորտային միջոցների (հեծանիվներ, էլեկտրամոբիլներ և այլն) ներգրավում, ավտոկայանատեղիների կազմակերպում, ուղղություններ, որոնք կարող են միասնական մոտեցմամբ լուծումներ տալ ոլորտում առկա խնդիրներին:
Կարևորելով համագործակցության ընդլայնման գործում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրենը նկատել է, որ նոր հնարավորություններ են բացվել Երևանի առջև, ինչը ողջունելի է նաև արդյունավետ համագործակցության ընդլայնման առումով: Շեյն Ռոզենտալն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը և մասնակցել նախանշված նոր ծրագրերի իրագործմանը:
Խոսելով հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել արդյունավետ կառավարում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն