Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանի սանիկը նախընտրեց Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 01,2018 13:06

«Սա ֆունդամենտալ ազնիվ մոտեցում է։ Ես համարում եմ, որ թե քաղաքականության, թե բարոյականության տեսանկյունից կատարել եմ ճշտագույն քայլ։ Ես ոչ մի գրամ չեմ շեղվել այն ամենից, ինչին, որ ես հավատում եմ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Վերջինս, հիշեցենք, երեկ հայտարարություն էր տարածել, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստանից» եւ միանում «Իմ քայլի» թիմին:

Հայկ Կոնջորյանը մանրամասնում է` ինքը միշտ էլ կողմ է եղել հեղափոխությանը, միշտ էլ հավատացել է Նիկոլ Փաշինյանին, միշտ էլ հավատացել է, որ մի օր կյանքի կկոչվի հուշագիրը`մեկ քաղաքական ուժ դառնալու մասին: Բայց «Լուսավոր Հայաստանում» իր նման դիրքորոշմամբ ինքը մենակ է մնացել: Ասում է`անգամ հեղափոխության օրերին, երբ իր կուսակցությունից տարբեր կարծիքներ էին հնչում, ինքն իր ընկերներին, մասնավորաբար, Ալեն Սիմոնյանին, խոստացել է`եթե կուսակցական մանդատով կաշկանդված չի կարողանալու փողոցում իրենց օգնել, ապա չի էլ խանգարելու: Իսկ հիմա ճիշտ է համարում չընդդիմանալ սեփական սկզբունքներին եւ միանալ մի գործընթացի եւ թիմի, որին ինքը հավատում է:

Հայկ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Լրագրողներից մեկի այս դիտարկմանը պատգամավորը պատասխանեց`անձնական եւ գործնական հարաբերությունները չի խառնում իրար:

Մեկ այլ դիտարկման` երիտասարդ է, նոր է սկսում իր քաղաքական կարիերան եւ արդեն լքում է թիմը, ճամբարափոխությամբ է զբաղվում, պատասխանեց. «Իմ քաղաքականության գործունեության վիթխարի մասը ես անցկացրել եմ «Ելք» դաշինքի կազմում։ Դա եղել է մեկ թիմ, մենք ունեցել ենք հուշագիր, որտեղ նշվել է, որ մենք պիտի դառնանք մեկ կուսակցություն։ Եվ ես ներսում պարբերաբար ասել եմ, որ ես համաձայն եմ դրա հետ։ Դա չի կարող համարվել ճամբարափոխություն, երբ դու թիմի ներսում ասել ես, որ ես հավատում եմ էս տեսակետին։ «Ելք»-ը մեծ տուն էր, որը մի քանի սենյակ է ունեցել, և էդ մի սենյակից ես անցել եմ մյուս սենյակը, ես ճամբարափոխոթյուն չեմ արել»:

Իսկ քննադատություններին, որ մանդատի համար է անցնում Նիկոլ Փաշինյանի կողմը, Հայկ Կոնջորյանը պատասխանում է` «Թքած ունեմ ցանկացած պաշտոնի եւ ցանկացած մանդատի վրա»։ Ընդամենը 4-5 ամսվա պատգամավորական կենսագրություն ունեցող երիտասարդը հասկացել է, որ իր մտածմունքներում առանձնապես ոչինչ չի փոխվել. «Ինձ ուղակի որոշ տեղերում մի քիչ ընդունում են ավելի զգաստ: Որոշ մարդիկ, որն ինձ տհաճ է, սկսել են ինձ քծնել: Միակ բանը, որն ինձ համար տարբերություն է իմ նախորդ կյանքից, այն է, որ ես կարող եմ իմ ձայնը հիմա ավելի բարձր հնչեցնել»։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եթե ինչպես դու ես ասում, որ թքած ունես ցանկացած պաշտոնի և ցանկացած մանդատի վրա, ապա հրաժարվիր «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտնելուց՝ այդ կերպ դու կապացուցես ասածդ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930