Օրեր առաջ Aravot.am-ն անդրադարձել էր Լոռու մարզի Դարպաս համայնքի տրանսպորտի խնդրին: Բնակիչներից դժգոհություն էինք ստացել, որ միջհամայնքային ավտոբուսները շահագործման համար գրեթե պիտանի չեն: Նրանք նշել էին, որ օրեր են լինում, երբ համայնքից մարզկենտրոն հասնելու համար ստիպված են լինում օգտվել տաքսի ծառայություններից, քանի որ ավտոբուսները կամ անսարք վիճակում են գտնվում, կամ էլ անձրեւային եղանակներին անձրեւը թափանցում է ավտոբուսից ներս: Ուղեւորներն էլ ստիպված անձրեւանոցով են նստում ավտոբուս:
Aravot.am-ը կապ հաստատեց նաեւ նշված երթուղային գիծը շահագործող ընկերության տնօրեն Սամվել Ստեփանյանի հետ: Նա նշեց, որ խնդրի մասին տեղեկացել է հրապարակումից, վստահեցնելով, որ հարցը շուտով կկարգավորվի. «Լուրը կարդալուց անմիջապես հետո հանձնարարել եմ, որ այդ ամեն ինչը վերացնեն: Տանիքից, որ կաթում էր, ամբողջը սիլիկոնով փակել են: Որ մեքենաները չեն աշխատել՝ շարժիչի խնդիր է եղել: Իրենք այդ բոլոր աշխատանքները կատարում են, կվերջացնեն, նորմալ կաշխատեն: Բնական է, մեքենաները բոլորը հին են, բայց ուշադիր կլինենք, որ նման շեղումներ չլինեն: Երկու մեքենաներն էլ կաշխատեն»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ