Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության դանդաղումը վերջին շրջանում տնտեսական լրահոսի ամենաբուռն քննարկվող թեման է։
Հիշեցնենք, որ 2018 թ.-ի հուլիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմեց տպավորիչ 11.1%, ինչից հետո ականատես եղանք նույնքան տպավորիչ դանդաղման։ Օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ՏԱՑ հավելաճը նվազեց մինչև 0.6%, իսկ սեպտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, հասավ 0.2%-ի։ Չնայած սրան՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության աճը դեռ բավականին բարձր է՝ 6.5%, ինչը պայմանավորված է տարվա առաջին եռամսյակում և հունիս-հուլիս ամիսների բարձր տեմպերով։ Սակայն վերջին երկու ամիսների միտումները խոսում են այն մասին, որ տարվա վերջին եռամսյակում էական բարելավում չունենալու դեպքում տարին կփակենք ավելի ցածր աճի ցուցանիշով։
Հոկտեմբերի 20-ին հրապարակված օպերատիվ տվյալներից երևում էր, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղումը պայմանավորված էր հիմնականում գյուղատնտեսության անկումային ցուցանիշներով, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի աճի դանդաղմամբ։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 1 տրլն 1 244.7 մլրդ դրամ, ինչը 4%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. Իսկ ամսական կտրվածքով դանդաղումն ավելի ակնհայտ էր. 2018թ. սեպտեմբերին՝ 2017-ի սեպտեմբերի համեմատ, արդյունաբերության աճը նվազել է մինչեւ 0.9%, ծավալը՝ 145.9 մլրդ դրամ։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում