Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում համաներման մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների առաջ քաշած խնդիրներին: Պատգամավորները հիմնականում դժգոհել էին, որ ՊՊԾ գունդը գրավողներին ազատ են արձակում, երբ զոհվել է 3 ոստիկան, իսկ Նորք Մարաշի զինված խմբի անդամներին, որոնք իշխանափոխության փորձ էին արել՝ ոչ:
Զեյնալյանը մտահոգությունները փարատեց՝ «Սասնա ծռերի» գործով կոնկրետ սպանության հետ կապ ունեցողները համաներմամբ ազատ չեն արձակվելու, համաներումը նաեւ չի տարածվելու նրանց վրա, որոնց գործողություններից տուժածները, պատանդները առարկություն կունենան:
Ինչ վերաբերում է Նորքի զինված խմբին, Զեյնալյանն ասաց, որ նրանք մեղադրվում են ոչ թե իշխանափոխության փորձի, այլ՝ իշխանության յուրացման մեջ. «Մեկը քաղաքական տերմին է, մյուսը՝ իրավական: Ձեր նշած խմբին մեղսագրվում է իշխանության յուրացում՝ ՔրՕրի 300 հոդվածով: Դա իրենց կամքից անկախ, ըստ մեղադրանքի, չի իրացվել: Տարբերակված մոտեցումը դեռեւս խտրականություն չի, դա իրավունքի այբուբենից է»:
Բաբուխանյանը դժգոհել էր, որ երբ վարորդների տուգանքների ներման հարցն էր քննարկվում, կառավարությունն ասաց, որ չեն ների այն խախտումների համար, երբ վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրահանգին, ասել է թե՝ «փայտիկով գայիշնիկը» կանգնեցրել է, չի կանգնել: Մինչդեռ ՊՊԾ գունդը գրավողներին ներում են, երբ նրանց գործողությունների արդյունքում 3 ոստիկան է զոհվել: Զեյնալյանն այս առնչությամբ պատասխանեց, որ այդ երկու դեպքերի մեջ տարբերություն կա, առաջինը վարչական իրավախախտումներում քաղաքականությանն է վերաբերվում, երկրորդը՝ քրեականին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հորդորել էր վերանայել ցմահ ազատազրկվածների գործերը: Զեյնալյանը պատասխանեց, որ դրա համար կա մեխանիզմ, ու եթե այդ գործերը վերանայվեն, փարատվեն բոլոր կասկածները, իրենք դա կողջունեն, անկախ նրանից, թե դրանք ինչպիսի լուծում կստանան:
Համաներման նախագիծը քվեարկության դրվեց եւ ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 75 կողմ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ