Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը Ստամբուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Երեք երկրների տարածած ստամբուլյան հռչակագիրը լայն մտահոգությունների պատճառ է դարձել Երևանում։ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը հոկտեմբերի 30-ին Ստամբուլում կայացած եռակողմ թվով 6-րդ հանդիպման ժամանակ հերթական մտահոգիչ հռչակագիրն են ընդունել, որում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հիմնախնդրին։ Անհանգստացնողն այն է, որ հայտարարության մեջ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ներկայացվում է Ադրբեջանի դիտանկյունից։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ չնայած հայ-իրանական հարաբերությունների հատուկ բնույթին՝ Իրանը համաձայնել է տեքստում նման ադրբեջանամետ ձևակերպումների, ինչը տեղի է ունենում արդեն ոչ առաջին անգամ։ Երեք երկրների հռչակագրում գրեթե միշտ Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձ է կատարվում նույն ձևակերպումներով։ Հռչակագրում, ի թիվս այլ հարցերի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»։ «Այդ առնչությամբ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առկա տարաձայնությունների շուտափույթ լուծումը համաձայն վերոնշյալ սկզբունքների»,- ասված է հռչակագրի տեքստում։
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ հաշվի առնելով հակամարտության առկայությունն այս տարածաշրջանում, համատեղ մամլո ասուլիսների, հռչակագրերի, համատեղ փաստաթղթերի կազմման ընթացքում հաճախ են նման խնդիրներ առաջանում՝ կապված մյուս կողմի ձևակերպումների հետ, քանի որ յուրաքանչյուր կողմ փորձում է իր շահն առաջ մղել։ Այդ պատճառով, նրա խոսքով, տարածաշրջանային ձեւաչափերի դեպքում Վրաստանն ու Իրանը խուսափում են անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, որպեսզի չվիրավորեն որևէ կողմի։ Բայց, նրա կարծիքով, նման օրինակներ ևս պատահում են։ «Հետևելով այս հռչակագրի հետ կապված քննարկումներին՝ հասկացա, որ ՀՀ-ում կան քննադատություններ՝ նաև ուղղված հենց հայաստանյան դիվանագիտությանը, որ նման իրադարձություններից առաջ պետք է պատրաստվել, համապատասխան աշխատանք իրականացնել գործընկեր երկրների հետ։ Իսկ եթե իմանալով, որ նման ձևաչափերում այսպիսի ձևակերպումներ են հնարավոր, և քայլեր չեն ձեռնարկվում, կարելի է ենթադրել, որ դա պաշտոնական Երևանին առանձնապես չի մտահոգում։ Իսկ եթե մտահոգում է, պետք է վերանայել նման հարցերում սեփական քաղաքականությունը, որպեսզի գործընկեր երկրների համար ևս կանխատեսելի լինի Երևանի ցանկությունները, նման աշխատանքը կենթադրի այս թեմայի վերաբերյալ բաց քննարկում, որը կխորացնի նաև համագործակցությունը, ընկալելի կդարձնի հայկական կողմի դիրքորոշումը։
Հայաստանը, չունենալով հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող է իր օրակարգն առաջ մղել տարածաշրջանում իր մյուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով։ Իրադարձությունից հետո դրան արձագանքելը ևս այդքան արդյունավետ չեմ համարում, կան այս ձևաչափերը,
Վրաստանը ևս համագործակցություններ ունի, ուստի նախապես պետք է մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր այսպիսի դեպքերի և ավելի լավ համագործակցության համար, այլապես Հայաստանը մեկուսանում է նաև իր գործընկեր երկրներից»,- ասաց Իրակլի Մենագարիշվիլին։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում