Այսօր ԱԺ արտահերթ նիստում համաներման մասին նախագիծն էր քննարկվում երկրորդ ընթերցմամբ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ համաձայն է Հայկ Բաբուխանյանի հետ, որ եթե «Սասնա ծռերին» համաներմամբ ազատ են արձակում, ուրեմն պետք է նաեւ Նորք Մարաշի զինված խմբին էլ ազատեն. «Եթե ավելի ծանր հանցագործությունը ներում են, ուրեմն դրանից ներքեւ եղած բոլոր դատապարտյալների, մեղադրյալների, ամբաստանյալների վրա պետք է տարածենք, որ սկզբունքը չխախտվի: Մենք այստեղ խնդիր ունենք, որն ակնհայտ է: Հնարավոր է վերանայել սա»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում ասաց, որ համաներումը ողջունելի է, բայց ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա. «Որեւէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի վրա ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակման միջեւ: ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը, պաշտպանում էր ՀՀ շահը, պաշտպանում էր ՀՀ-ն, Նիկոլ Փաշինյանից մինչեւ Էդուարդ Շարմազանով, բոլորիս: Ու այսօր մենք ի՞նչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ որ ՊՊԾ գունդը գրավողներին այս համաներման ակտով ազատ ենք արձակում: Մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ: Իմ համար երկրորդական է՝ վարչապետը Սարգսյանն է, Պողոսյանն է, Փաշինյանն է, թե Մինասյանն է, կապ չունի: Այսօր դուք իշխանություն եք, ի՞նչ նախադեպ եք ստեղծում: Դուք ասում եք՝ Հայաստանի վրա հարձակվի, մենք վաղը կհամաներենք: Սա անթույլատրելի է: Ու կրկնակի անթույլատրելի է ոստիկանապետի, ուժային կառույցների քար լռությունը, որը նաեւ պատանդ է եղել: Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, որը մինչեւ վերջին պահը ՀՀ շահը պաշտպանել է, ապրիլյան պատերազմին էլ գնացել է մեր զինվորի կողքը կանգնել է, մեր սահմանը պահել է: Ձեր ցավը տանեմ, ստեղ ընդդիմություն-իշխանություն չկա, սաղիս երեխեքը մեր երկրում են ապրելու, մենք էս ի՞նչ ենք անում: Համաներմանը կողմ ե, ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն դեմ եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ