Այսօր ԱԺ արտահերթ նիստում համաներման մասին նախագիծն է քննարկվում երկրորդ ընթերցմամբ:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց. «Այստեղ նստած բոլորս տարիներ հետո պատասխանատվություն ենք կրելու այն 3 ոստիկանների ընդհատված կյանքի համար»: Խոսքը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի եւ այդ գործողությունների ժամանակ զոհված 3 ոստիկանների մասին է:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ իրեն հավաստիացրել են, թե գործը շարունակվելու է ու կոնկրետ ոստիկաններին սպանած անձինք պատժվելու են. «Եթե այն աստիճան այս երեւույթը սառչի, որ այդ անձինք մշտապես մնան ազատության մեջ, համարեք, որ մի ամբողջ համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը եւ համակարգի վստահությունը ժողովրդի նկատմամբ կորում է: Ես չգիտեմ հաջորդ անգամ ոնց են այդ մարդիկ գնալու ծառայության»:
Նա ասաց, որ համաներումը լուրջ մարդասիրության, հանդուրժողականության տարրեր է պարունակում, որի համար կողմ է քվեարկելու: Ամեն անգամ ինչ-որ թվեր ենք հրապարակում կրկնահանցագործության վերաբերյալ, հաշվարկում ենք ոստիկանության ռեսուրսները, թե հնարավորություն ունե՞ն ազատ արձակվածների նկատմամբ հսկողություն սահմանել, դա մի հարց է, բայց նրանք պիտի լինեն հանրության ուշադրության կենտրոնում, պետք է լուծել այդ մարդկանց աշխատանքի հարցը, այլապես կրկնահանցագործությունների թիվը կաճի: Այդ մարդիկ պետք է ունենան հնարավորություն իրենց ընտանիքների հարցերը լուծել, պատճառած վնասը փոխհատուցել:
Նա ասաց, որ եթե դա չարվի, համաներումը շուռ կգա մեր դեմ: ԽՍՀՄ-ի ժամանակ բանտից մեկին ազատում էին, ստորագրություններ էին վերցնում, որ աշխատանքի տեղավորեին, հիմա անունը դնում են շուկայական հարաբերություն ու մարդուն աշխատանքով չեն ապահովում, ասում են՝ մեղավոր է, բայց մեղավորը նաեւ հասարակությունն է. «Հույսներդ մի դրեք միայն ոստիկանության ու համապատասխան ծառայությունների վրա, բոլորս պետք է դրանով զբաղվենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ