Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց համաներման մասին նախագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց՝ այդ ո՞նց է, որ «Սասնա ծռերի» վրա համաներումը տարածվում է, երբ 3 ոստիկան է զոհվել, իսկ «Նորք Մարաշի զինված բանդայի անդամների վրա չի տարածվում, երբ նրանց գործողությունների արդյունքում որեւէ հետեւանք չկա, այդ մարդիկ որեւէ գործողություն չեն արել:
Իր ելույթում Բաբուխանյանն ասաց. «Երեկ ես կողմ քվեարկեցի համաներմանը, որպեսզի մեր շատ հայրենակիցներ, ովքեր մանր-մունր հանցանքների համար են դատապարտվել, իսկ ոմանք անմեղ են, դարձել են մեր կոռումպացված դատավորների անարդար դատավճիռների զոհ, ազատ արձակվեն բանտերից: Բայց ես հարց ունեի ՊՊԾ գունդը գրաված հանցավոր խմբի մասին, որոնց գործողությունների արդյունքում եղել է 3 զոհ, բազմաթիվ պատանդներ, այդ թվում՝ բժիշկներ: Անհասկանալի է՝ կառավարությունն ունի՞ որեւէ սկզբունք: Երբ ես առաջարկում էի վարորդների տուգանքների համաներման ժամանակ ավելի շատ տուգանքներ ներել, դուք ասում էիք՝ չի կարելի ներել այն վարորդներին, որոնք ենթարկվել են տուգանքի՝ ոստիկանի հրահանգին չենթարկվելու համար, այսինքն, այն փայտիկով գայիշնիկը որ կանգնացնում է չեն կանգնել, ինչը, ըստ ձեզ, շատ լուրջ եւ աններելի խախտում է: Բայց մի խումբ, որի գործողությունների արդյունքում սպանվել են եւ պատանդառվել ոստիկաններ, դուք համարում եք ներելի, տարօրինակ է: Բացի այդ, անհասկանալի է, այդ ի՞նչ մոտեցում է, երբ համաներումը տարածքում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա: Վաղը դուք նույն մոտեցումը կտարածեք ձեր հորեղբոր տղու վրա, քեռու աղջկա հարեւանի վրա եւ այլն: Այո, ժամանակին եղել են մեկ-երկու նման դեպքեր, բայց դա չի արդարացնում այսօրվա ձեր գործողությունները: Սա շատ տարօրինակ ուղերձ է հասարակությանը՝ իշխանափոխության համար բոլոր հանցանքները ներելի են: Բայց չե՞ք մտածում, որ մի օր էլ այդ նույն ուղտը չոքելու է ձեր դռանը»:
Բաբուխանյանը հիշեցրեց, որ Նորքի զինված խմբի դեմ մեղադրանք է առաջադրվել իշխանափոխության փորձի համար, այն իշխանափոխության, ինչն արել է այս իշխանությունը: Նա ասաց ՝օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչո՞ւ եք թույլ տալիս խտրականություն, ինչո՞ւ չեք ազատում այն խմբին, որի գործողություններից հետեւանք չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ