Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենների եւ տեղակալների աշխատավարձը բարձրացել է։
Տեղեկացնենք, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենը Մհեր Դավիդյանցն է։ Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ մեծ արագությամբ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում հաղթել է մրցույթը։ Հիշեցնենք, որ հիվանդանոցի երկարամյա տնօրեն, գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո այս պաշտոնին հավակնում էր Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ինչին դեմ էր Թորոսյանը՝ հայտարարելով որ սկզբունքորեն անընդունելի է համարում ժառանգաբար պաշտոնների փոխանցումը։
Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հիվանդանոցի տնօրեն Մհեր ԴավիդյանցԻ հետ։
– Փոփոխե՞լ եք աշխատավարձի չափերը, օրինակ՝ տնօրենինը 350 հզ. դրամից բարձրացվել է՝ հասցնելով 750 հզ. դրամի։
– Ես չեմ փոփոխել։ Դա փոփոխվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից…
– Բայց 350 հազար դրամից դարձե՞լ է 750 հազար դրամ…
– 750 հազար դրամ չէ, այլ 710 հազար դրամ։
– Այդ դեպքում տեղակալների աշխատավարձերը որքա՞ն են կազմում։
– Նույնպես բարձրացվել է համապատասխան չափով։
– Համապատասխան չափը ո՞րն է…
– Դարձել է 540 հազար դրամ։
– Ի՞նչ հիմնավորմամբ է աշխատավարձը բարձրացել։ Ինչ է, նոր ղեկավարությունն ավելի շատ է աշխատո՞ւմ, քան նախո՞րդը։
– Դա նախարարի որոշմամբ է բարձրացվել։ Որքան ես տեղյակ եմ, բոլոր բուժհաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվել են։
– Կոռուպցիոն ռիսկերից խուսափելո՞ւ նպատակով…
– Այո, ապրեք, ես գիտեմ՝ մոտավորապես մոտիվացիան դա է։
Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Հ. Գ. Նշենք, որ առողջապահության նախարարությունը տարածել է պարզաբանում, որում մասնավորապես ասված է. «Ուսումնասիրվել և վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները:
Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը»: