Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց համաներման մասին նախագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ համաներումը չի տարածվում Նորք Մարաշի զինված խմբի վրա, բայց Սասնա Ծռերի վրա տարածվում է: Պարզվեց՝ դա կառավարության դիրքորոշումն է: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը տարակուսեց՝ «Չեմ կարողանում կողմնորոշվել, այնուամենայնիվ սա քաղաքական կա՞մք, քաղաքական որոշո՞ւմ է որոշ մարդկանց վրա տարածել եւ որոշ մարդկանց վրա չտարածել: Ներեցեք, ես չեմ հասկացել ձեր պատասխանը»:
Զեյնալյանը պատասխանեց. «Սա կառավարության դիրքորոշումն է, որ ես այստեղ ներկայացնում եմ: Այս հարցը քննարկվել է եւ պարոն Բաբուխանյանի ասածները այլ գործիքակազմերով են լուծվում: Սա կառավարության դիրքորոշումն է, քաղաքական կամքի, հայեցողության դրսեւորման սահմաններն են սրանք»:
«Ծառուկյան» խմբակցության առաջարկները՝ ընդլայնել համաներման շրջանակները, չէր ընդունվել: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ցավում է, որ չեն ընդունել, բայց իրենք շարունակելու են այդ խնդիրներով զբաղվել: Նաիրա Զոհրաբյանը իրավական համակարգի մի քանի հարցերի վրա նորից հրավիրեց կառավարության ուշադրությունը, մասնավորապես ցմահ ազատազրկվածների խնդրի վրա. «Ես չեմ հավատում մեր ՔԿՀ-երի դաստիարակչական ներուժին: Չկա եւ չի կարող լինել նման բան, երբեք մի վախեցեք ավելի շատ կիրառել վաղաժամկետ ազատումն ու ներումը, համաներումը, այդ մարդասիրական գործիքները կարեւոր են: Նրանք դուրս են գալիս հասարակություն չարացած, գազազած: Ներման գործիքները մենք գրեթե չենք կիրառում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ