«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ն լքած Վահան Կարապետյանը (Չերիի Վահան), որը տեւական ժամանակ ընդհատակ էր անցել, եւ նույնիսկ կուսակիցները նրա մասին տեղեկություն չունեին, երեկ ԱԺ էր եկել։ Ասում էին՝ նա նեղացել էր Երեւանի ընտրությունների նախօրեին, քանի որ նախընտրական շտաբը վստահել էին այլ անձի։ Ապա ինքը եւ Լյովա Խաչատրյանը հայտարարեցին ԲՀԿ-ից դուրս գալու մասին։ Եվ լուրեր կան, որ նրանք նոր կուսակցություն ձեւավորելու մտադրություն ունեն։
– Տեղեկություններ կային, որ ընտրությունների՝ Ձեր ընտրատարածքի կուրացիան Ձեզ չէին վստահել, ինչից էլ նեղացել էիք։
-Դե… ավելի շատ թյուրիմացություն էր, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք, ես դուրս եկա կուսակցությունից։
– Իսկ որոշումը Ձե՞րն էր, թե՞ Գագիկ Ծառուկյանինը, ընդհանրապես, կուսակցության ղեկավարի հետ զրույց ունեցե՞լ էիք դուրս գալուց առաջ։
-Այո, Ծառուկյանի հետ ծանր զրույց ենք ունեցել, բայց ճնշում չի եղել։
– Դուք եկել եւ քվեարկել եք նաեւ Ընտրական օրենսգրքի նախագծի համար, Ծառուկյա՞նն էր Ձեզ կանչել, թե՞ ինքներդ էիք եկել։
-Իմ համար էլ էր սկզբունքային այդ հարցը, քանի որ ժողովուրդն այդպես էր ուզում, նոր իրավիճակում այդ մոդելն էր անհրաժեշտ։
– Ակնկալվում է «հեղափոխական», նոր սերնդի խորհրդարան։
-Դե, ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ ու ինձ համարում եմ հեղափոխության աջակից։ Մենք՝ ինքներս էլ ԲՀԿ-ով դեռեւս 2015 թվականից սպասում էինք, որ այս հեղափոխությունը լինի։ Այս հեղափոխությունը երեւի ամբողջ ազգի երազանքն էր, բացի մի քանի հոգուց։
– Լյովա Խաչատրյանը հայտարարեց, որ Դուք եւ ինքը նոր կուսակցություն եք հիմնում։
-Լուրջ մի ընդունեք։ Լյովա Խաչատրյանն առավոտը արթնանում է՝ լրագրողներին իր գիշերվա երազներն էլ է պատմում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում