«Դա քաղաքական գործընթաց է՝ սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակում: Կարող էր այլ ձեւով արվել, բայց ընտրությունների անցկացումը կախված է քաղաքական ուժերի կամքից»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով նոր իշխանությունների կողմից դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությանը, ասաց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է գնահատականներին, որ Խորհրդարանի լուծարման ներկայիս գործընթացը՝ երկու անգամ վարչապետ առաջադրել եւ չընտրել, սահմանադրական ճգնաժամի հետեւանք է, եւ Սահմանադրությունը մշակողներն են դրանում մեղավոր, Գագիկ Հարությունյանը նկատեց. «Այդտեղ չէ Սահմանադրության ճգնաժամը: Կա սահմանադրական հավասարակշռության լուրջ խախտում. խորհրդարանական կառավարման համակարգում պետք է լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն: Եթե այն չի ձեւավորվում ընտրությունների առաջին փուլում, նախատեսվում է երկրորդ փուլ: Եթե այդ փուլում էլ չի ձեւավորվում, տրամաբանական է, որ ընտրություններ պետք է լինեն»:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ կայուն խորհրդարանական մեծամասնության չձեւավորումը վկայում է սահմանադրական հավասարակշռության խախտման մասին. «Այդ խախտումը կարող է բերել լուրջ սահմանադրական ճգնաժամի, երբ խախտվում է իշխանության թեեւերի միջեւ հավասարակշռությունը: Ժողովուրդը պետք է ձեւավորի նոր խորհրդարան՝ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ»:
Այսպես, Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ, եթե անհնար է ԱԺ-ի ներսում կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը, պետք է անցկացվեն արտահերթ ԱԺ ընտրություններ. «Ընտրվեց այս ճանապարհը: Ընտրություններն անխուսափելի են եւ անհրաժեշտ՝ պետության ապագա զարգացման եւ սահմանադրական հավասարակշռությունը վերականգնելու առումով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ