ՀՀ նախագահի հրամանագրով Նիդերլանդների Թագավորությունում իր նշանակման վայր` Հաագա է ժամանել ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը: Այս առնչությամբ Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալն է գրել. «Բազմաթիվ ծրագրերով ու երկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գաղափարներով ժամանեցի նստավայր երկիր»։
Նորանշանակ դեսպանի առաջին անհրաժեշտ գնումը Նիդերլանդներում հեծանիվն է եղել: Իրոք Հաագայում հեծանիվով շրջագայելը տրանսպորտային խցանումների ֆոնին անհրաժեշտ պայման է: Հեծանիվից են օգտվում Նիդերլանդների գրեթե բոլոր նախարարները և անձամբ Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը:
Տիգրան Բալայանը նաև շնորհակալություն է հայտնել Հաագայում աշխատած նախկին դեսպաններին.
«Շնորհակալություն դեսպաններ Ձյունիկ Աղաջանյանին և Գարեգին Մելքոնյանին օրինակելի տեսքով և անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով Դեսպանատան և Դեսպանի կեցավայրը հանձնելու համար։ Հատուկ շնորհակալություն դեսպանության խորհրդական Վարազդատ Պահլավունուն` ջերմ ընդունելության և օգտակար խորհուրդների համար»։
Այսօր` հոկտեմբերի 31-ին, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Նիդերլանդների արտգործնախարարության Արարողակարգի ղեկավար տիկին Պասկալ Խրոտենհաուզին։ Այդ մասին հայտնում է ԱԳ նախարարության կայքը:
Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ տիկին Խրոտենհաուզը համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Բալայանը նշեց, որ 11 տարվա ընդմիջումից հետո ուրախ է վերադառնալ Նիդերլանդներ՝ իր նպաստը բերելու դարերի հարուստ պատմություն ունեցող հայ-հոլանդական արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում հոլանդացի պաշտոնյան ներկայացրեց Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին դեսպան Բալայանի հավատարմագրերի հանձնման արարողակարգը։
Զրուցակիցները քննարկեցին նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի գործունեությանն առնչվող հարցեր։
Առաջիկա Շաբաթ-կիրակի օրերը դեսպան Տիգրան Բալայանը նախատեսում է շրջել Նիդերլանդներով, ծանոթանալ երկրով մեկ սփռված հայկական համայնքներին։
Դեսպանության կայքում հրապարակված է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանի կենսագրականը:
Բարի երթ ենք մաղթում հարգարժան դեսպանին, նոր ու պատասխանատու այս աշխատանքում` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման ու ամրապնդման:
Տիգրան Բալայան
Նիդերլանդների Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 29-ին, Երևանում։
Կրթությունը
1994-1999թթ. – ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում
1999-2002թթ. – ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսության թեման՝ «Ղարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.»։
2000-2002թթ. – ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1997-2000 թթ. – Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, մշտական ներկայացուցչի օգնական
2000-2002թթ. – ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական
2002-2003թթ. – ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ
2002-2004 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։
2003-2004 թթ. – ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ
2004-2007 թթ. – Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար
2007-2008 թթ. – ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար
2007-2018 թթ. – դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
2008-2010 թթ. – ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող
2010-2018 թթ. – ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
2016-2018 թթ. – ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար
2018թ. հոկտեմբերից – Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Հեղինակել է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը, 1991-1994 թթ. մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուներ։
Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է բազմաթիվ գագաթաժողովների և համաժողովների։
Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Պարգևներ
«Մխիթար Գոշ» մեդալ
Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ
ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և ԱԳ նախարարի շնորհակալագրեր
«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ
ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ
ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
Օտար լեզուների իմացություն
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»