Կիրակի՝ նոյեմբերի չորսին, վրա են հասնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր և սաստիկ պատժամիջոցներն ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության։ Սա Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլն է, որը հիմնականում արգելելու է իրանական նավթի արտահանումը, բանկային միջազգային գործարքները և նավթատարների ապահովագրումը։ Պատժամիջոցների առաջին փուլը կիրառվեց օգոստոս ամսից և տարածվեց արտարժույթի գնման հնարավորության, Իրանի ազգային դրամանիշի՝ ռիալի արտասահմանում փոխանակելու, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտրի, մետաղների արտահանման, բարձր տեխնոլոգիաների ներմուծման և մեքենաշինության վրա։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա մայիս ամսին, հետ վերցրեց իր երկրի ստորագրությունն Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանից (Joint Comprehensive Plan of Action), որը 2015 թվականի ամռան ստորագրել էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Եվրոմիությունը և Իրանը։ ԱՄՆ-ն Իրանից և գործընկեր պետություններից պահանջեց վերանայել այդ համաձայնագրի կետերը և պատրաստել գործողությունների նոր ծրագիր, այլապես երեքից վեց ամսվա ընթացքում կվերսկսի Իրանի դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ-ը պահանջեց Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ սահմանափակման նոր համաձայնագրի ստորագրում, որը Թեհրանը մերժեց և առճակատումը նոր փուլ մտավ։
Փորձագետների կարծիքով այս նոր պատժամիջոցներից մեծ հարված կստանա Իրանի նավթային արդյունաբերությունը, որը երկրի տնտեսության ողնաշարն է և արտարժույթի հիմնական աղբյուրը։ Իրանը մինչև անցած մայիս ամիս օրական երկուսուկես միլիոն բարել նավթ էր արտահանում և հիմա պարտավոր է բավարարվել դրա միայն կեսով, այն էլ զարտուղի ճանապարհներով, հարևան երկրներին վաճառելով և տարանցելով, ապրանքափոխանակությամբ և առանց բանկային փոխանցման հնարավորության, որը չի կարող շոշափելի արդյունք տալ։ Բացառություն են կազմում Հարավային Կորեան, Հնդկաստանը ու Չինաստանը, որոնք ստացել են ԱՄՆ-ի հավանությունը իրանական նավթ և գազ ներմուծելու կապակցությամբ։ Պատժամիջոցները խափանել են Իրանի տնտեսական կյանքի բնական հունը, երկրի ազգային արժույթը տասնյակ անգամներ անկում է ապրել․ գործարանները սպասողական վիճակում են։ Իրանում հիմա ԱՄՆ մեկ դոլարի համար երկու սակագին է նշանակված՝ 42,000 ռիալ և լողացող գին, որը տատանվում է 150,000-160,000 ռիալի միջակայքում․ նախատեսվում է առաջիկա երկուշաբթի օրը այդ սակագինը կհատի 200,000 ռիալի սահմանը։ 42,000 ռիալը պետական գին է և միայն նախատեսված է արտասահմանից դեղորայք, մթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ներմուծելու համար։
Նախագահ Ռոհանին երկրում ծայր առած դժգոհության ալիքը մեղմելու, մասամբ նաև ծայրահեղական տարրերին բավարարելու համար վերջերս կառավարության տնտեսական բլոկի նախարարներին փոխեց։ Իրանի Իսլամական պետության առաջնորդ Խամենեի խորհրդականներից՝ Զարղամին, անցյալ շաբաթ հաստատեց, որ առաջնորդին մոտ կանգնած և նախագահի խիստ ընդդիմախոսներից ոմանք, ցանկանում էին կառավարության ղեկն իրենց ձեռքը վերցնել, բայց պրն Խամենեին նրանց սաստել է։ Արտաքին ազդակներն էլ Իրանի օգտին չեն խոսում․ Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանը ստորագրած Ռուսաստանը և Չինաստանը զուսպ ընթացք են կիրառել և միայն վերջինս պնդել է Իրանից նավթ գնելու որոշումը պահպանելու կապակցությամբ։ Եվրոմիությունը, որը Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ Իրանի նավթի արտահանման հասույթը ԱՄՆ պատժամիջոցներից զերծ պահելու և ապրանքի տեսքով Իրանին վերադարձնելու մեխանիզմ էր մշակել, այժմ ընկրկել է և «զանգ կախող»-ի է սպասում։ Եվրոպական ոչ մի բանկ առայժմ այս մեխանիզմն իրագործելու ցանկություն չի հայտնել։ Դրությունն ավելի է բարդացել Եվրոպական մի քանի երկրում իրանցի դիվանագետների ձերբակալումով․ նրանք ամբաստանվում են Եվրոպա ապաստանած Իրանի ընդդիմադիրներին մահափորձի ենթարկելու կասկածանքով։ Ծոցի երկրները ևս հեռավորություն են պահում Իրանից։ ԱՄՆ կոնգրեսի 06 նոյեմբերի միջանկյալ ընտրություններն Իրանի առկայծող հույսն են․ իրանցիները հույսով են, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում կսահմանափակվի Թրամփի միահեծան իշխանությունը և ԱՄՆ հակաիրանական քաղաքականությունը կմեղմվի։
Իրանի մամուլը հակված է կարծելու, որ ԱՄՆ վարչակազմը չորս նոյեմբերը հատուկ է ընտրել որպես հակաիրանական պատժամիջոցների օր։ Իրանցի մի խումբ ուսանողներ հենց չորս նոյեմբերի 1979 թվականին գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանության շենքը․ դրանից առաջ չորս նոյեմբերի 1978-ին շահական զորքը կրակ բացեց դպրոցական ցուցարարների վրա, որոնք եկել էին պահանջելու իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի երկիր վերադարձը, որը աքսորվել էր չորս նոյեմբերի 1964-ին։ Չարաբաստիկ չորս նոյեմբերի ․․․:
Մամուլից խոսեցինք, ասեմ նաև, որ Իրանի մամուլը նվազագույն ուշադրություն է դարձրել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար Ջոն Բոլթոնի Երևանյան այցին, իսկ ՀՀ վարչապետի Կապանում արտասանած ճառը՝ նարկոթրաֆիկի կապակցությամբ լրիվ աննկատ է անցել։
***Իրանից գաղթելու հոսքը սաստկացել է և մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ դժվարացրել են իրանցիների մուտքը դեպի իրենց երկիր։ Գաղթում են նաև մի խումբ իրանաբնակ հայեր, որոնց համար այլընտրանք է դարձել Հայաստանը։ Մեր երկիր են գալիս նաև մեծ թվով ոչ հայ իրանցիներ, որոնք փորձում են հարմարվել այստեղի պայմաններին, հայերեն են սովորում և ջանում են աշխատանք գտնել և կամ գործ հիմնել։ Իրանցիները փորձում են ընկերություն գրանցելով, աշխատանքի ընդունվելով և կամ բարձրագույն ուսման հետևելով լուծեն իրենց ՀՀ-ում մնալու կարգավիճակը։ Նրանց հիմնականում նեղում է իրանական ռիալի սաստիկ արժեզրկումը և բանկային գործարքների սահմանափակումը․ իրանցիները վայելում են ՀՀ պետական կառույցների աջակցությունը։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ