Պարոն Հայկ Մարությանին
Երևանի քաղաքապետ
Հարգելի պարոն Մարության,
Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ մանկապարտեզներում գրանցվել են մանկապարտեզների անձնակազմերի կողմից մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական բռնության մի շարք դեպքեր, որոնք իրենց արձագանքն են գտել տպագիր և էլեկտրոնային մամուլի բազմաթիվ էջերում:
Վերոհիշյալ խնդրի վերաբերյալ հրապարակվել են մասնավորապես հետևյալ հոդվածները.
irates.am կայք, 14.06.2016թ., հղումը՝ http://www.irates.am/hy/1465850097
armtimes.com կայք, 05.08.2016թ., հղումը՝ http://armtimes.com/hy/article/91037
news.am կայք, 19.10.2017թ., հղումը՝ https://news.am/arm/news/416151.html:
Շարքը կարելի է շարունակել, սակայն կարծում եմ, որ ներկայացվածն էլ բավարար է պատկերացում կազմելու որոշ մանկապարտեզներում աշխատող դայակների ու դաստիարակների մանկավարժական մեթոդներին ու հմտություններին տիրապետելու աստիճանի մասին:
Հեռու եմ այն մտքից, որ նշված միջադեպերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված բոլոր հոդվածներն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, սակայն միաժամանակ կարծում եմ, որ առհասարակ անտեսել բոլոր հրապարակումներն ու բավարար ուշադրություն և շահագրգիռ հետևողականություն չցուցաբերել բարձրացված խնդրի նկատմամբ՝ առնվազն անթույլատրելի է, քանզի գործ ունենք մեր երկրի «վաղվա» հասարակության ներկայացուցիչների՝ մատաղ սերնդի հետ:
Նկատի առնելով վերոգրյալը, ինչպես նաև խիստ կարևորելով մանկապարտեզների աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ պատշաճ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը՝ ա ռ ա ջ ա ր կ ու մ եմ.
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզների տարածքներում, բոլոր սենյակներում, բացի վարչական մասի աշխատասենյակներից, ինչպես նաև մանկապարտեզների սանհանգույցներից, տեղադրել տեսահսկման (տեսաձայնահսկման) համակարգեր, որոնք կաշխատեն տեսաձայնագրման ռեժիմով և ուղիղ, իրական ժամանակի ռեժիմով տվյալների փոխանցմամբ: Տեսահսկման համակարգը հնարավորություն կտա երեխաների ծնողներին երեխայի մանկապարտեզում գտնվելու ընթացքում՝ ցանկացած պահի, իրենց բջջային հեռախոսների միջոցով տեսնելու, թե կոնկրետ որտե՞ղ է գտնվում և ինչո՞վ է զբաղվում իրենց երեխան տվյալ պահին:
Ակնկալում եմ ստանալ գրավոր պատասխան:
Կանխավ շնորհակալ եմ:
Ստեփան Հասան-Ջալալյան