Լրահոս
Օրվա լրահոսը

Պառլամենտարիզմի «երրորդ ուղին»

Նոյեմբեր 01,2018 10:00

Եվ այսպես, այսօր շրջվում է հայկական պառլամենտարիզմի եւս մեկ էջ: Առաջին անգամ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որ Ազգային ժողովը լուծարվում է, առաջին անգամ են անցկացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հեղափոխություններից հետո սովորաբար այդպես է լինում: Ռուս բոլշեւիկները, օրինակ, ցրեցին Պետական դուման՝ դրա տեղը ներմուծելով բանվորագյուղացիական «սովետների» (խորհուրդների) համակարգը: Իսկ 1993 թվականի հոկտեմբերին Ելցինը տանկերի օգնությամբ ցրեց Գերագույն խորհուրդը եւ վերականգնեց Դուման: Մեր դեպքում՝ չնայած «Ազգային ժողով» անունը պահպանվելու է, բայց խորհրդարանի բովանդակությունն այլ կլինի: Գլխավոր օրենսդիր մարմինը (համենայնդեպս, որոշ ժամանակ) վայելելու է ժողովրդի լիակատար վստահությունը:

Բովանդակությունը, այո, փոխվելու է: Իսկ ձե՞ւը: Ձեւի տեսանկյունից մենք տեսել ենք պառլամենտարիզմի երկու տեսակ. 1/ հանրահավաքային՝ 1990-1995, 2/ լճացած՝ միտինգային տարրերով, 1988-1990 եւ 1995-2018: Երկրորդ տարբերակում հլու-հնազանդ «պարտխոզակտիվին»՝ մեծամասնությանը, հակադրվում էին «ժողովրդական տրիբունները»` պահ կար, երբ «տրիբուններն» ընդամենը երկուսն էին՝ Աշոտ Մանուչարյան եւ Խաչիկ Ստամբոլցյան: Ընդ որում, «պարտխոզակտիվը» (ավելի ժամանակակից լեզվով ասած՝ օլիգարխների եւ իշխանության կուսակցության համախումբը) չափազանց անկայուն միավոր է՝ քաղաքական քամիների փոփոխությամբ այն իսկույն թեքվում է ուժեղի կողմը: Բնականաբար՝ «պետության շահերից ելնելով»:

Ես վստահ եմ, որ եթե ոչ դեկտեմբերին ձեւավորվելիք, ապա հաջորդ գումարման որեւէ խորհրդարան կգնա մեկ այլ՝ երրորդ ճանապարհով, եւ մենք դուրս կգանք ժամանակակից, դասական պառլամենտարիզմի «մայրուղի», որտեղ միտինգներ չեն անում, իսկ բանավեճերը, իհարկե, կարող են լինել սուր, անզիջում, բայց միշտ զուսպ, փաստարկված եւ հարգալից: Կարեւոր է, որ մարդիկ պայքարեն իրենց իդեալների համար: Նույնքան կարեւոր է, թե ինչպես են նրանք դա անում:

…Երեկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ինձ ցույց տվեց մի դրվագ, որը նա թարգմանել է խորհրդային եւ ռուսաստանցի փիլիսոփա Գրիգորի Պոմերանցի աշխատությունից. «Սատանան սկսում է գործել որպես փրփուրը շուրթերին հրեշտակ՝ մտնելով պայքարի մեջ սուրբ գործի համար։ Ամեն ինչ վերածվում է փոշեկույտերի՝ մարդիկ, համակարգերը։ Բայց հավերժ է ատելության ոգին՝ հանուն արդարության պայքարում։ Եվ նրա շնորհիվ է, որ Երկրի վրա չարությունը վերջ չունի։ Երբ ես այս ամենը հասկացա, համոզվեցի, որ բանավեճի ոճն ավելի կարևոր է, քան նրա բովանդակությունը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Քսանեօթ տարիներու ընթացքին այս երրորդ յեղափոխութիւնը պարզապէս հաստատեց մէկ էական բան՝ Հայաստանը դատապարտուած է տեւաբար խարխափելու, տապլտկելու, յաւերժաբար ինքզինք որոնելու, որպէս երկիր: Անոր «պետականութիւնը» դատարկ խօսք ու բառեր են միայն: Ոչինչ, այդպիսի բազմաթիւ երկիրներ կան, աշխարհի տարածքին:

    Թէ ասոր յանցանքը անցած վարչակարգերունն է թէ այժմու իշխանութեանը՝ երկրորդական, անիմաստ բանավէճ է արդէն: Եղածը եղաւ: We had a shot, we blew it, վսյո:

    Այդ երկիրը մարդավարի կերպով ոտքի չի կանգնիր, երբեք: Որպէս դասական Սփիւռքի զաւակ, որ բառացիօրէն ծնած ու մեծցած է անկախ Հայաստանի տեսլականով, այս կացութիւնը ոչ թէ հիասթափութիւն կը պատճառէ ինծի, այլ խոր սփոփանք, soulagement, relief: Քանզի ասկէ ետք, իմ նման իս սկզբանէ դրսեցի հայերս, այլեւս պէտք չունինք մենք մեզ չարչարելու, ինքնաքայքայման ենթարկելու, ի սէր երեւակայական Մայր Հայրենիքի մը: Այո, կը շարունակենք օգնել անշուշտ, բայց այլեւս առանց երազելու: Բաց աչքերով: Woke վիճակով: Այս է իսկական փրկութիւնը, անհատական ազատագրումը, որու համար շատ շնորհակալութիւն՝ ձեր ԼՏՊին ա՜լ, անոր յաջորդող ղարաբաղցի նախագահներուն ա՜լ, այժմու մօրուսաւոր Փրկիչին ալ: Հիմա գոնէ հասկցանք, արթնցանք: Մերսի:

  2. Aha says:

    H. Sh.
    I don’t like to see an editorial reader in this state, though I get the frustration and the need to occasionally let out. My attempt to soothe it by injecting some context/nuance and round the hard edges would be off-topic here … hence my email address: [email protected].

  3. gib.gibindus says:

    Եթե ի նկատի ունեք ՛՛Караул устал՛՛-ը և Ժելեզնյակին, ապա ռուս բոլշևիկները չեն ցրել Դուման, այլ Հիմնադիր Ժողովը (Всероссийское Учредительное собрание):

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930