Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աննա Հակոբյանի հետ հաստատ սելֆի չեմ արել»

Նոյեմբեր 01,2018 16:00

Էստոնաբնակ արվեստագետ Արսեն Քլյանը
ճանաչված դեմքերի հետ շփվում է ու վրձնում

Նկարիչ, քանդակագործ, Էստոնիայի նկարիչների միջազգային միության նախագահ Արսեն Քլյանի հետ հարցազրույցը «Առավոտը» ներկայացրել է օգոստոսին (08.08.2018): Ընդ որում, այդ ժամանակ ինֆորմացիոն առիթը արվեստագետի 5-ամյա հրաշամանուկ դուստր Արսինեն էր, որի աշխատանքը Տալլինի արվեստի պատկերասրահի կողմից հայտարարված Այվազովսկու անվան միջազգային մրցույթում լավագույնն էր ճանաչվել՝ ներկայացված նույնիսկ ճանաչված ծովանկարիչների կտավների շարքում:

Սվետլանա Մեդվեդեւան

Պարզվում է՝ Արսեն Քլյանը մինչ օրս հայրենիքում է եւ տարբեր նախագծեր է իրականացնում, օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի պատմության թանգարանում ցուցադրվեց նրա՝ վարդագույն տուֆից կերտած Արգիշտի առաջին թագավորի քանդակը, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի այգում տեղադրվեց արվեստագետի «Խոսող քարեր» քանդակների շարքը, որոնք պատկերում են մեր երեւելիներին՝ Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի եւ այլն: Քլյանը Չուխաջյանի «Կարինե» օպերետի պրեմիերայից հետո Ազգային օպերային թատրոնին նվիրեց «Հայկական օպերետի թագուհին» դիմաքանդակը: Ընդլայնելով մասնագիտական գործունեությունը, նկարիչը Արարատ քաղաքում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով:

Տարիա Հալոնենը

Առաջին հանդիպման ժամանակ արվեստագետը նշել էր տեղացի եւ արտասահմանցի տղամարդ քաղաքական ու մշակութային գործիչների դիմանկարների շարքի մասին: Այս հանդիպման ժամանակ մեր զրուցակիցը հաստատեց, որ ունի նաեւ կին քաղաքական ու մշակութային գործիչների դիմանկարների շարք, այդ թվում՝ Էստոնիայի նախագահ Կերստի Կայլուլայդի, Ֆինլանդիայի նախկին նախագահ Տարիա Հալոնեի, Ինդոնեզիայի արքայադուստր Դոննա Մեցելարի, Մեծ Բրիտանիայի արքայադուստր Քեյթ Միդդլտոնի, ՌԴ վարչապետի տիկին Մեդվեդեւայի, ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղ Իրինա Ալեգրովայի, հայկական շոու-բիզնեսից Իվետա Մուկուչյանի, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եւ այլոց: Հետաքրքրությանը, թե այս դեպքում իր հերոսուհիներին անձա՞մբ է հանդիպել, թե օգտվել է լուսանկարներից, Արսեն Քլյանը պատասխանեց. «Այո, հանդիպել եմ: Հանդիպել եմ տարբեր առիթներով, շփվել նրանց հետ, ինչը պարտադիր է, որպեսզի ստացված տպավորությունը փոխանցվի կտավին…»: Հարցին՝ օրինակ, ե՞րբ եւ որտե՞ղ է կայացել հանդիպումը Աննա Հակոբյանի հետ, մեր զրուցակիցն ասաց, որ տիկին Հակոբյանի հետ նույնիսկ մի քանի անգամ է հանդիպել վերջերս Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կայացած միջոցառումների ժամանակ: Ժպտալով էլ հավելեց. «Աննա Հակոբյանի հետ հաստատ սելֆի չեմ արել: Այդ վայրկյաններն ու րոպեները օգտագործել եմ հնարավորինս խորը զգալ նրան իբրեւ մարդ: Իմիջիայլոց, հայ թե օտարազգի ճանաչված կանանց դիմանկարները կտավին հանձնելիս մի տեսակ ավելի մեծ պարտավորվածություն ես զգում, քանի որ ժողովուրդը նրանց «անգիր» գիտի՝ թեկուզ հեռակա…»:

Կերստի Կայլուլայդը

Զրույցի ընթացքում Արսեն Քլյանը հիշեց, որ երբ ՌԴ նախագահն էր Մեդվեդեւը, Մոսկվայի արվեստի կենտրոնական տանը իր անհատական ցուցահանդեսին ներկայացված էր 50 աշխատանք, ու նկարները հավաքելիս նկատել է, որ բացակայում է Պուտինի դիմանկարը: Մինչ այսօր այդ նկարը հայտնաբերված չէ: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ իսկ արվեստագետը հետեւողակա՞ն է, որ չկորչի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում գտնվող Նիկոլ Փաշինյանի դիմանկարը, մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց. «Մեր դեպքում հաստատ նման արարքը բացառվում է»: Իսկ գուցե մտադի՞ր է վերադառնալ հայրենիք հարցին՝ նկարիչը պատասխանեց. «Շատ կուզեի, դա աշխարհով մեկ սփռված հայերիս երազանքն է…»:

Քեյթ Միդդլտոնը

Դոննա Մեցելարը

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Աննա Հակոբյանը

 

«Առավոտ»

31.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930