Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փառատոն, որ ամենամյա է դարձել

Նոյեմբեր 01,2018 15:30

Արդեն երրորդ տարին է, որ Աբովյանի համայնքապետարանը, Թատերական գործիչների միությունը եւ Աբովյանի դրամատիկական թատրոնը անցկացնում են թատերական փառատոն` նվիրված Աբովյան քաղաքի տոնին: Փառատոնը դարձել է ամենամյա` ընդգրկելով ավելի մեծաքանակ թատերախմբերի: Այս տարի այն նվիրված էր քաղաքի 55-ամյակին: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, տեղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի համառոտ խոսքից հետո, ներկաներին ողջունեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, ընդգծելով ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ համագործակցությունը: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ հաճույքով է ընդունել փառատոնի անցկացումը, գիտակցելով, որ թատրոնը միշտ էլ մեծ դեր է ունեցել մատաղ սերնդի դաստիարակության եւ հասարակության զարգացման գործում: Նա ցանկություն հայտնեց մարզի բոլոր քաղաքներում ունենալ թատրոն:

«Սակավաթիվ մարզպետներ են լինում, որ հոգ են տանում մշակույթի, հատկապես թատրոնի մասին: ՀԹԳ միությունը կաջակցի, որ իրականանա մարզպետի մտահղացումները: Շնորհակալություն պարոն Գեւորգյանին: Շատ քաղաքապետեր կան, որ ոգեւորվում են, բայց ոչինչ չեն անում: Աբովյանը եզակի քաղաք է, որտեղ կայանում է նման ծավալուն միջոցառում, որի միջոցով աշխուժանում է մշակութային կյանքը: Փառատոնը ժամանակի ընթացքում կարելի է դարձնել միջազգային: Փառատոնն առիթ հանդիսացավ, որ լրջորեն մտածենք Աբովյան քաղաքի թատրոնի մասին: ՀԹԳՄ առաջարկեց երիտասարդ բեմադրիչ Ա. Սարգսյանին նշանակել թատրոնի գեղարվեստական ղեկավար, որը սիրով ընդունեց քաղաքապետը»,-ասաց Հակոբ Ղազանչյանը:

Փառատոնի բացմանը ելույթ ունեցան նաեւ Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը եւ Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Փառատոնի օրերին (հոկտեմբերի 15-23) թատերասերները դիտեցին մայրաքաղաքի եւ Վանաձորի թատրոնների լավագույն ներկայացումները: Ջերմությամբ ընդունվեց Գ. Սունդուկյանի անվան թատրոնի՝ Հ. Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացումը: Ավարտին քաղաքապետը հուշանվեր եւ շնորհակալագիր հանձնեց Մայր թատրոնին: Թատերասեր աբովյանցիներին իրենց արվեստն էին տարել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի /Կ.Խոդիկյան` «Հրավիրված ե՞ք ծնունդի»/, Սոս Սարգսյանի անվան Համազգային /Վ.Չալդրանյան, Գ.Խանջյան` «Ձայն լռության կամ 6-րդ պատվիրանը»/, Հ. Թումանյանի անվան տիկնիկային /Հ.Թումանյան` «Անխելք մարդը»/, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ /Հակոբ Ղազանչյանի արվեստանոց/, /Ա.Բլոկ` «Արքան հրապարակում»/, Հ. Մալյանի անվան /Մ.Դելապորտ, Ալ դե լա Պատելյեր` «Անունը»/, Վանաձորի Հ. Աբելյանի անվան /Ն. Շահնազարյան` «Վարագույրը չփակեք»/, Մնջախաղի /ըստ Հայսմավուրքի թեմաների` «Արդաղիոն»/, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական /Օ.Եմելյանովա` «Երեք խոզուկները»/, Գոյ /Կ. Խոդիկյան՝ «Երկու մենապիես». «Երբ դու չկաս» եւ «Լույսը կբացվի»/ թատրոնները: Յուրաքանչյուր ներկայացումից առաջ Աբովյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Սարգսյանը շնորհակալություն էր հայտնում թատրոնին եւ համառոտ ներկայացնում ելույթ ունեցող դերասաններին:

Փառատոնի վերջին օրը, «Գոյ» թատրոնի ներկայացումից հետո, տեղի ունեցած փակման արարողությանը, Վ.Գեւորգյանը նախ շնորհավորեց քաղաքի տոնը, շնորհակալություն հայտնեց Հ. Ղազանչյանին եւ մասնակից թատրոններին, այնուհետեւ թատերախմբերին հանձնեց հուշանվերներ եւ շնորհակալագրեր: Քաղաքապետը, բարձր գնահատելով Հ. Ղազանչյանի գործունեությունը, նրան պարգեւատրեց Աբովյան քաղաքի 55-ամյակի հուշամեդալով: Փառատոնի ընթացքում զգացվում էր, որ մարզերի բնակիչները կարոտ են պրոֆեսիոնալ դերասանների ելույթներին: Ժամանակն է, որ մայրաքաղաքի թատրոնները հաճախ ելույթներ ունենան հեռավոր շրջանների բնակչության համար եւ աշխուժացնեն թատերական կյանքը մարզերում: Փառատոնի ներկայացումների մուտքն անվճար էր:

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ
Լուսանկարը` Հարություն Ստեփանյանի

«Առավոտ»

31.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930