Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ հուշեց նախկին համանախագահը Փաշինյանին եւ ինչպես հաստատեց Լավրովի պլանի առկայությունը՝ ԼՂ հարցով

Նոյեմբեր 01,2018 12:00

Բանակցային գործընթացում
թոհուբոհ միշտ եղել է

Ամերիկյան ակտիվությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի անհանգստություններ առաջացրեց՝ գոնե հասարակական, լրագրողական մակարդակով թեժ քննարկումներ ծավալվեցին:
Ամեն ինչ սկսվեց, երբ երկու շաբաթ առաջ EVN Report-ին տված հարցազրույցում Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների» որոշակի մասի վերադարձի»: Նա հավելել էր. «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»:

Ղարաբաղյան կարգավորման ողջ պատմության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները իրենց համանախագահողների ու դեսպանների շուրթերով կարգավորման տարբեր փուլերում նման անկեղծացումներ ունեցել են՝ մանավանդ իրենց առաքելություններն ավարտող դիվանագետները: Հիշենք, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ-ում նախկին համանախագահ Հոգլանդին, որն իր առաքելությունն ամփոփող ասուլիսում ընթերցեց բանակցությունների սեղանին գտնվող կարգավորման հայտնի սկզբունքները, որոնք մի քանի անգամ մինչ այդ արդեն հրապարակվել էին, ու Հայաստանում կրկին թոհուբոհ առաջացավ: Կամ՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահները՝ տարիներ առաջ նրանք եւս խոսել են «գրավյալ տարածքների» ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության պահպանման» մասին:

Խնդիրն այն է, թե հայաստանյան դիվանագիտությունը Արցախի կարգավիճակի, Արցախի ինքնորոշման սկզբունքի, Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում. սա արդեն համանախագահների անելիքը չէ, մեր գործն է: Այո՛, ապրիլյան պատերազմից հետո Ալիեւից կառուցողական բանակցություններ, առավել եւս փոխզիջումներ ակնկալելը միամտություն կլինի, բայց այդ ուղղությամբ աշխատանք պետք է տարվի գործընկեր երկրների հետ, պետք է այնպես աշխատել, որպեսզի Ալիեւը նորից չդիմի սադրանքների, կամ միջազգային հանրությանն ուղղված նրա սպառնալիքները «տեղ չհասնեն»:
Իսկ դեսպան Միլսի՝ փոթորիկ առաջացրած հայտարարությունից բացի, արժե հիշել նաեւ երկու շաբաթ առաջ Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի ուշագրավ արձանագրումը, որը վերաբերում էր «Մադրիդյան սկզբունքներին»: Նա անդրադարձել էր Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու հայտարարությանը՝ նշելով հետեւյալը. «ԵԱՀԿ համանախագահողներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ միասին ԵԱՀԿ անդամներ են, ուստի ընդունում են կառույցի չափանիշները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանումով: Հիմնական սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Յուրաքանչյուր երկիր իր մեկնաբանությունը կարող է ունենալ դրանց վերաբերյալ, բայց դրանք են առաջնորդող սկզբունքները»: Հետեւաբար, Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է ձգտեն ամուր պահել դիրքերը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի պահպանման, Արցախի կարգավիճակի ուղղությամբ, այսպես ասած՝ զիջման չգնալով:

Ամերիկացի նախկին համանախագահի ուշագրավ դիտարկումները

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջանային այցերի ֆոնին ուշադրության չարժանացավ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը, որը կազմակերպել էր «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը՝ «Սառեցված հակամարտություններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավեճի ընթացքում:
Ուորլիքը նախ նշել է, թե չի տեսնում որեւէ վկայություն այն բանի մասին, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը հետաքրքրված է ԼՂ խնդրով։ «Մոսկվան հետաքրքրված է վստահության ամրապնդման միջոցների աջակցմամբ։ ԱՄՆ-ը պետք է մասնակցի դրան։ Վերջին աշխատակազմը սկսել է այդ գործընթացը, սակայն ես չեմ տեսնում այս աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ հետաքրքրության որեւէ ապացույց»,- ըստ News.am-ի՝ ասել է Ուորլիքը։

Նա ընդգծել է, թե կուզեր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատեին այն քայլերի ուղղությամբ, որոնց այս պահին կարելի է հասնել՝ մարդկանց միջեւ շփումները եւ վստահության ամրապնդման միջոցառումները։ «Ես իրոք կարծում եմ, որ կա հնարավորություն սկսելու քննարկումներն այն մասին, թե ինչ տեսք կարող են ունենալ խաղաղապահ ուժերը»,- հավելեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուս խաղաղարարները դառնալ հնարավոր խաղաղապահ ուժերի մի մասը, Ուորլիքը պարզաբանել է, որ գոյություն ունի ջենթլմենական համաձայնություն, որը, նրա կարծիքով, երբեք չի գրանցվել որեւէ փաստաթղթում։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համաձայնել է, որ համանախագահող կամ նրանց հարեւան երկրներից որեւէ մեկը չի կարող խաղաղարար առաքելության մաս լինել։

Այնուհետեւ ԵԱՀԿ ՄԽ-ում նախկին համանախագահը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության դեպքում Մոսկվան չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունք։ Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Ղարաբաղում ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ անկայուն իրավիճակն ու ռազմական գործողությունները չեն համապատասխանում երկրներից որեւէ մեկի շահերին։ «Այն պլանը, որ պարոն Լավրովը ներկայացրեց, այնքան էլ տարբեր չէ կարգավորման այն տարբերակից, որ մենք կնստեինք ու կմշակեինք խաղաղության պայմանագրի համար»,- ասել է Ուորլիքը։
Ապրիլյան պատերազմից հետո համառ խոսակցությունները «Լավրովի պլանի» գոյության մասին պաշտոնական Երեւանը հետեւողականորեն հերքում էր: Ահա, ամերիկացի նախկին համանախագահն ուղղակի հաստատել է դրա առկայությունը: Կարելի է եզրակացնել, որ, ըստ ամենայնի, հայկական կողմի համար «Լավրովի պլանն» այն աստիճան անընդունելի է եղել, որ այն մերժել է, եւ պաշտոնական Երեւանը այլ մարտավարություն է որդեգրել՝ որոշել է առհասարակ հերքել «Լավրովի պլանի» գոյությունը:

Իսկ հիմա՞, կա՞ ռուսական առանձին պլան… Հաշվի առնելով Ուորլիքի հաջորդ ուշագրավ դիտարկումը՝ դա չի կարելի բացառել, երբ նախկին համանախագահը նշում է, որ Մոսկվան հետաքրքրված է վստահության ամրապնդման միջոցների աջակցմամբ, Միացյալ Նահանգներն էլ պետք է մասնակցի դրան, ապա հավելում է, թե նախորդ աշխատակազմը սկսել էր այդ գործընթացը, սակայն հիմա գործող աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ կա հետաքրքրություն:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ ամերիկացի գործընկերների հետ աշխատելու հիանալի հուշում, թե որ ուղղությամբ պետք է պաշտոնական Երեւանը ջանքեր գործադրի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

31.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930