Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի պետական համալսարանը բուժման կարիք ունի

Նոյեմբեր 01,2018 13:00

Իսկ ո՞ր հայկական բուհը հիմա դրա կարիքը չունի, կհարցնեն շատերը: Համաձայն եմ, անկասկած բոլորն էլ ունեն: Բայց ես ցանկանում եմ խոսել ԵՊՀ-ի մասին: Վերջերս Հայաստանում էի եւ այցելեցի իմ բուհը: Այստեղ եմ ես սովորել, ստացել առաջին մասնագիտական գիտելիքներս, ավարտել բուհը, պաշտպանել թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններս եւ վերջապես աշխատել մի որոշ ժամանակահատված: Ցավոք սրտի, մի օր հավաքեցի ճամպրուկս եւ ընտանիքիս հետ մեկնեցի արտասահման: Ինչու մեկնեցի՞, պատճառները շատ էին: Մասնագիտական առումով էլ այլեւս ոչ մի հնարավորություն չկար գիտության իմ ոլորտը զարգացնելու: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր բյուրոկրատ այրերը կրթության եւ գիտության նախարարի մակարդակով ուղղակի իսկական արշավ էին սկսել բնական գիտությունների դեմ. բա գիտեք, մեր ինչի՞ն է պետք կենսաքիմիան կամ կենսատեխնոլոգիան, ավելի լավ է միջազգային հարաբերություններին կամ հումանիտար այլ գիտություններին զարկ տանք: Ասել կուզի, երկիրը զարգացնենք իրավաբանների եւ այլ տարաբնույթ ոչ գիտական ուղղվածությունների մակարդակով: Դե ասացին ու արեցին, իսկ խեղճ բնական գիտությունների ներկայացուցիչներին ինչ էր մնում, շտկել կորսվածը, իրենց նետել տնտեսագիտության կամ իրավաբանության հորձանուտը եւ «իրավաբանորեն» զարգացնել հայկական նոր գիտական միտքը: Էլ ինչ անեին, չէ՞ որ ռեկտորներից սկսած զտեցին. հումանիտար գիտության ջատագովներին` կանաչ ճանապարհ, իսկ բնական գիտությունների հետնորդներին՝ մի երկու գրոշ գոյատեւելու համար: Որոշներին էլ գրասենյակ եւ պաշտոն տվեցին, բարձր մակարդակով «պլագիատով զբաղվելու» համար: Էլ որն ասեմ, էլ որը… Մի մասն էլ ուղղակի չդիմացավ առերեսմանը եւ ի պատիվ իրենց՝ կարողացան աշխատանք գտնել արտասահմանում: Որոշներն էլ «գրանտակեր» դարձան, ինչպես Հայաստանում տեղի-անտեղի շահարկում են: Ես, իհարկե, չեմ հասկանում, թե ի՞նչ վատ բան կա այդտեղ: Մարդը կարողանում է գրանտ ստանալ՝ գոնե գիտության կողքով քայլելու իրավունքը «իրավաբանորեն» վաստակելու համար:

Ամենեւին չեմ ցանկանում վիրավորել այն ստվար հատվածին, որ գոնե փորձում են իրենց գիտական ուղղությունը պահպանել, ուղղորդում են ուսանողներին եւ միջազգային գիտաժողովներին մասնակցում: Ցավոք, այս տեսակը գրեթե չի պահպանվել հանրապետությունում: Իսկ համալսարանն էլ դարձել է «էստի համեցեք», ձեզ կտանք «ոչ որակյալ կրթություն», սովորել չեք ուզում, պապաների աչքը լույս: Մենք բոլոր շանսերը տալիս ենք… Ու այսպես Հայաստանում գիտությունը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով, գործակիցն էլ` դոլարի կուրսն է: Խեղճ համալսարանականներ, ախր մտքներովդ էլ չէր անցնի նման բարձր կարգի մոտեցում գիտության կամ կրթության հանդեպ: Սովորել, սովորել, սովորել, բայց չմոռանաք գործակիցը հաշվել:
ԵՊՀ-ն ինտենսիվ բուժման կարիք ունի: Բոլոր օղակներում փոփոխություններ են պետք: Զարմանալի չէ, որ դիմորդներ չկան… Ուսանող չկա, բայց կարեւորը ունենք ռեկտորատ, որն, օրինակ, գիտական համագործակցության պայմանագիր է կնքում Սիկտիվկարի «Նաշ Աուլ» համալսարանի հետ եւ ամենակարեւորը՝ դա կատարվում է ռեկտորի հովանու տակ՝ բարձր մակարդակով:
Սրտացավ եւ բանիմաց ղեկավար է պետք մեր բուհին, այնպիսի մեկը, որը գոնե պատկերացնում է՝ ինչ է գիտությունը եւ կարող է տարբերակել, թե որ սանդղակի վրա ենք մենք հիմա գտնվում: Ինչո՞ւ եք հապաղում: Ախր գիտությունն ուր, մեր բուհի ղեկավարությունն ուր: ԵՊՀ- ում գիտությունը՝ չիք, ցավոք սրտի…

ԱՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Կենսաբանական
գիտությունների դոկտոր
Միչիգանի համալսարան

31.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930