Յուրաքանչյուր մարդու այս աշխարհում փորձություններ են սպասում: Աշխարհը, մարդու չար ցանկությունների եւ ապրելակերպի պատճառով, վերածվել է կատարյալ դժոխքի: Այդ պատճառով էլ Աստծու կողմից ծննդյամբ հոգի ստացած մարդը չի կարող ապրել այս աշխարհում եւ չտանջվել: Առավել եւս դժվար է այն մարդկանց համար, ովքեր իրենց քրիստոնյա են համարում եւ ուզում են արժանանալ Քրիստոսի ուշադրությանը եւ, այս աշխարհից հեռանալով, մտնել երկնային արքայություն: Նրանք ստիպված են խաչ տանել, քանի որ Քրիստոս ասում է. «Ով չվերցնի իր խաչը եւ չգա իմ ետեւից, նա արժանի չէ ինձ /Մատթ. 10:38/»: Խաչ տանել, նշանակում է ապրել` նմանվելով Քրիստոսին, պահել նրա պատվիրանները` ինչ վիճակ էլ որ աշխարհում լինի: Քրիստոսին նմանվող մարդկանց այս աշխարհը ատում է: Քրիստոնեությունը միշտ հալածվել է, միշտ: Հալածվել է, երբ աշխարհը հեթանոս է եղել, հալածվել է մահմեդականների կողմից, նույնիսկ քրիստոնեական աշխարհում հալածանք է եղել ճշմարիտ քրիստոնյաների դեմ: «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրեւ յուրայինների ձեզ սիրած կլիներ, բայց որովհետեւ այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ /Հովհ.15:18-19/»: Ահա այդպես այս աշխարհում մեր քրիստոնեության համար ատելության ենք արժանացել մենք` հայերս /տես հայտնի անգլիական հետախույզ Լոուրենս Արաբացու ջղային արտահայտությունը. «Հայերն անուղղելի քրիստոնյա են»/: Ինչո՞ւ հենց մենք։ Փորձեմ պատասխանել։
Ծննդոց գրքի 2-րդ գլխում պատմվում է այն մասին, որ Աստված ստեղծեց երկրային դրախտը եւ Ադամին՝ առաջին մարդուն, բնակեցրեց դրախտի մեջտեղում՝ կենաց ծառի դիմաց։ Այդ դրախտի տարածքը ոռոգում էին չորս գետեր՝ Գեհոնը, Փիսոնը, Տիգրիսը եւ Եփրատը։ Տիգրիսը եւ Եփրատն առաջանում են պատմական Հայաստանի տարածքում, այնուհետեւ, հոսելով Սիրիայի եւ Իրաքի տարածքով, թափվում են Պարսից ծոց։ Փիսոնը Փասիս գետն է, որ Աջարիայի վերեւում է եւ թափվում է Սեւ ծովը, իսկ Գեհոնը Արաքս գետն է։ Մի խոսքով՝ Ադամի դրախտը պատմական Հայաստանի տարածքն է /Ծննդոց 2-րդ գլուխ/։ Ադամից առաջացավ աշխարհի բնակեցումը մարդկանցով։ Ադամի քաղաքակրթությունը կործանվեց ջրհեղեղով, իսկ Նոյից, որը Արարատից իր ընտանիքով իջավ Արարատյան դաշտ եւ բնակեցրեց այդ տարածքը, սկսվեց նոր քաղաքակրթությունը։ Երկրորդ քաղաքակրթության կործանումից հետո, որը Քրիստոսի երկրորդ գալստյան հետ է կապված, երրորդի սկիզբը, միանշանակ, նորից այստեղից պետք է լինի։ Ժողովողի գրքում ասվում է. «Ինչ եղել է, հիմա էլ կա, եւ ինչ պիտի լիներ, եղել է արդեն, եւ Աստված իր կորցրածն է փնտրում /Ժողովող 3:15/»: Ո՞րն է Աստծո կորցրածը. Ադամը, մարդը, որին ինքը ստեղծել է եւ որը մեղքի պատճառով զրկվել է դրախտից, եւ վերջապես՝ երկրային դրախտը՝ Եդեմը։ Եդեմը պատմական Հայաստանն է, ասացինք, որտեղ կա կենաց ծառը, որը մարդուց Աստված առայժմ թաքցրել է, բայց որը վերադարձվելու է նրան /Ծննդոց 3։23-24/։ Աստված սիրում է կայուն չափանիշներ։ Մարդկային հոգին, նրա նման, սնվում է կայուն արժեքներով՝ հավատ, սեր, հավատարմություն, պատվիրան… Աստծո արարված երկիրը եւս ունի նախանշված կայուն վայրեր՝ Եդեմ, Արարատ լեռ, Կենաց ծառ, Եփրաթա անձավ, որտեղ ժամանակին թաղվել են Աբրահամը, Սառան, Իսահակը, Ռաքելը, Հակոբը, եւ որտեղ ժամանակներ անց ծնվել է Հիսուս Քրիստոսը, սարը, որտեղ թաղվել է Ադամը եւ որի վրա էլ ժամանակներ անց խաչվել է Փրկիչը, Երուսաղեմ քաղաքը, որտեղ տերունական գլխավոր վայրերն են։ Ժամանակների մեջ ամեն ինչ վերադառնում է իր տեղը։ «Արեգակը ծագում, մայր է մտնում եւ վերադառնում է իր տեղը… Բոլոր գետերն էլ հոսում են դեպի ծով, բայց այն չի լցվում, եւ վերադառնում են գետերն այնտեղ, որտեղով հոսել են՝ կրկին հոսելու համար /Ժողովող 1-ն գլուխ /»։ Հայ ժողովուրդը, Աստծո կամոք, առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեություն /գուցե պատճառն այն է, որ մենք ժառանգորդն ենք այս ոչ սովորական տարածքի, ուրեմն նաեւ ունենք որոշակի առաքելություն այս աշխարհում՝ ամեն ինչում, Աստծո կամոք, առաջինը լինել/։ Այն պահից, ինչ Գրիգոր Լուսավորիչը տեսավ Միածին Որդու տեսիլքը, որը ոսկե մուրճով հարվածեց Վաղարշապատի որոշակի տարածքի գետնին եւ ասաց. «Այստեղ կկառուցես իմ աթոռը, իմ գահը», եւ կառուցվեց Էջմիածինը, ահա այդ պահից էլ սատանան հասկացավ, որ իր վերջը, որ նկարագրված է Հովհաննու հայտնության մեջ, Հայաստանից է գալու։ Մեր ազգի վրա Աստված առաքելություն է դրել՝ մենք սատանայի դեմ Քրիստոսի պատերազմի կրողն ենք։ Եվ մեր ազգի խաչը օրեցօր, տարեցտարի, դարեդար ավելի ծանրացավ։
Մի պատմաբանի խոսքով՝ Հայաստանի վրայով Լուսավորչի ժամանակներից սկսած անցել է 2400-ից ավելի պատերազմ եւ ասպատակություն։ Ոչ մի ազգ չէր դիմանա այդ ամենին, բայց մենք կանք եւ կրում ենք դեռ մեր խաչը։ Պատերազմն ավելի թեժացավ 19-րդ դարի վերջից։ Եղեռնի եւ խորհրդային առաջին տարիների շնորհիվ սատանան կարողացավ հայաթափել պատմական Հայաստանի մեծ մասը։ Նա պատրաստվում էր Քրիստոսի դեմ վերջին ճակատամարտին։ Դրա համար նա կուտակել էր իր կատարյալ ուժերը՝ թուրքերին եւ ազերիներին։ Նա հայ ժողովրդի վրա բերեց եղեռնը, ինչպես Հերովդես թագավորը կոտորեց Բեթղեհեմի մանուկներին, որպեսզի ոչնչացնի Քրիստոսին, այդպես էլ նա կոտորեց մի ժողովրդի, որն իր մեջ Քրիստոսի կրողն էր: Բայց նրան չհաջողվեց ոչնչացնել բոլոր հայերին եւ գրավել այն տարածքը, որտեղ գտնվում է Գառան գահը՝ Էջմիածինը։ 1988 թվականից պատերազմը նոր փուլով գնաց. հայ ժողովրդի ազատագրական պայքարի շնորհիվ քանդվեց Խորհրդային միությունը: Հայ ժողովուրդը իր վրա կրեց Գազանի ողջ թույնը եւ հարվածը, եւ շատ ժողովուրդներ մեզ հետ ազատվեցին խորհրդային լծից: Էլի մեզնից սկսվեց հնի կործանումը եւ նորի ծնունդը: Աստված մեզ համար դուռ բացեց՝ ազատության ճանապարհը, որ հոգու, հավատի, Ավետյաց երկրի ճանապարհն էր, բայց մենք, ինչպես հրեաները, չհասկացանք, չընդունեցինք այդ: Խորհրդային պետության բանտից հանեց մեզ Աստված, բայց մենք, քանի որ կույր էինք, անհավատ էինք, փոխանակ դեպի ելքը գնալու, մտանք դիմացի բանտախուցը, որ էր նյութապաշտությունը։ Եվ մեր անհավատության պատճառով հրեաների նման քառասուն տարով տանջվում ենք անապատում՝ հուսալով, որ գոնե մեր երեխաները կտեսնեն ազատությունը, որն է հավատը, Աստծուն նվիրվածությունը, մեղքից հեռու մնալը։ Սատանան գազազած է, նա այն նույն Գազանն է, որ պատերազմում է Սպիտակ Գառան դեմ։ Ամեն ինչ անում է, որ ոչնչացնի մի բուռ ժողովրդին, ոչնչացնի Գառան գահը եւ կասեցնի Աստծո դատաստանը, որը նկարագրված է Հովհաննու հայտնությունում։ Դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ շրջափակում, տնտեսական եւ սոցիալական նեղություններ, պատերազմ, արտագաղթ, աղանդներ, անբարոյականություն, անօրինականություն, ներքին խժդժություններ եւ այլն։ Նա ատամները ջարդում է աներեւույթ պատնեշներին ու չի կարողանում հասնել իր նպատակին։ 1988 թվականից հետո մենք ունեցանք երեք իշխանություն, որոնց ժամանակ անարդարությունը, չարությունը, բռնությունները հասան այնպիսի մակարդակի, որ ժողովուրդը մեծ ցասումով լցվեց եւ խորտակեց վերջին իշխանությունը։ Նոր կառավարությունը, որն իրեն կոչում է «ժողովրդավարական», կարծես թե պայքարում է անարդարությունների դեմ, անընդմեջ շփում է հաստատել ժողովրդի հետ, խոստումներ է տալիս։ Ժողովուրդը խանդավառված է, նրա ստվար մասը հավատ ունի նոր կարգերի հանդեպ, սակայն այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի չար երեւույթի վրա, որը բավականին գաղտնի է տեղի ունենում, ընթանում է ինչպես ստորջրյա գետը արտաքինից խաղաղ, ոչինչ ցույց չտվող երկրաշերտի խորքում։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան թափով ներխուժեց մի ալիք, որի նպատակն է անբարոյականություն եւ այլասերվածություն տարածել, փշրել մեր ազգը պահպանող հիմնական սյուները` եկեղեցին եւ քրիստոնեաավանդ ընտանիքը: Ես նկատի ունեմ տխրահռչակ ԼԳԲՏ-ի արտասահմանից ներմուծված կազմակերպությունների գործունեությունը: Մեր ժողովրդի թշնամիները լավ հասկացան, որ խարխլելով եկեղեցին եւ ազգի առաջին օղակը` ավանդական, քրիստոնեական ընտանիքը, նրանք կվերացնեն հային, հայ ասածը, որպես Աստծո կողմից ստեղծված խոնարհ, ազնիվ, պատվիրանապահ, ավանդապահ, եկեղեցասեր, Քրիստոսի անունը իր շուրթերին անընդհատ կրող արարած, կդադարի գոյություն ունենալ, կդառնա ամորֆ, անտարբեր, անհաղորդ, ինչպես արեւմտյան ազգերը: Դա հոգեւոր ոչնչացում է: Կարելի է ապրել այս աշխարհում, բայց արդեն հոգով մեռած լինել: Ֆիզիկական ոչնչացումն էլ չի ուշանա, այն ընդամենը հետեւում է հոգեւորին: Բայց մենք նրա համար չենք ժառանգել այս երկիրը, որպեսզի հերթական փորձությանը կուլ գնանք, նրա համար չեն մեր պապերը զոհվել հավատի եւ քրիստոնյա անվան համար, որպեսզի մենք հիմա նրանց պաշտպանած եկեղեցին եւ պատվիրանները քամուն տանք, փոխենք, այսպես կոչված՝ «եվրոպական արժեքներով եւ ազատությամբ»: Հայ ժողովուրդն արեւմտյան ազգերի նման Աստծուն չի հարմարեցնում իր գոյությանը, ապրելակերպին, նա մի կողմ չի նետել Աստվածաշունչը եւ չի շարժվում նպատակահարմարությամբ, հարմարավետ կյանքի ուղիներով, ազատության արեւմտյան չափանիշներով, որոնց ուղեցույցներն են ցանկությունների ու արատների բավարարումը: Հայ ժողովուրդը ենթարկվել եւ ենթարկվում է աստվածային օրենքներին եւ իր որդիներից պահանջում է նույնը: Իսկ օրենքը չի փոխվել, ինչպես դարերի ընթացքում անփոփոխ է Աստված: Օրենքը դատապարտում է ամեն կարգի այլասերում, անբարոյականություն: Բավական է կարդալ Ղեւտացվոց գրքի 18 եւ 20 գլուխները, Պողոս առաքյալի հռոմայեցիներին ուղղված թղթի 1-ին եւ կորնթացիներին ուղղված առաջին թղթի 6-րդ գլուխները, որպեսզի պարզ դառնա, թե ինչ սարսափելի հատուցում է սպասում նրանց, ովքեր կգնան մեղքի ետեւից եւ ուրիշներին էլ կներքաշեն իրենց ընթացքի մեջ. «Մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ /Ա Կորնթգ6։9-11/»։ Նշենք, որ բոլոր այն ժամանակներում, երբ Աստված դատաստան բերեց մարդկանց վրա /Նոյի ջրհեղեղը, Սոդոմ-Գոմորի կործանումը, Հեսու Նավեի գլխավորությամբ հրեաների կողմից Քանանի քաղաքների գրավումը եւ տեղաբնակների կոտորածը/, բարոյական-հոգեւոր օրենքները խախտվել էին, քաղաքակրթությունը անցել էր թույլատրելիի սահմանները, շարժվել էր իր պատկերացրած «դեմոկրատական բարեփոխումներ» -ով հոգեւոր, բարոյական ոլորտներում: Ահա այդ ժամանակները շարժեցին Աստծո զայրույթը եւ ստիպեցին իրեն դաժանորեն միջամտել մարդկային կյանքին: Իրեն կուրորեն կամ գիտակցաբար կործանման դատապարտող Արեւմուտքը մեզ էլ է ուզում ներքաշել քաոսի եւ կործանման մեջ: Վայ նրանց, ովքեր մոռացել են Աստծուն, վայ նրանց, ովքեր մտածում են, որ Աստված այլեւս չկա, եւ մարդն ազատ է այս աշխարհում։ Աստված կենդանի է, ավելի կենդանի, քան մենք պատկերացնում ենք։ Ովքեր չեն տեսնում Աստծո գործերը եւ ներկայությունը, նրանք հոգով մեռած են, եւ ոչ երանի իրենց, քանի որ բոլորս մեր գործերի համար հատուցում ենք ստանալու։
Մեր ազգին, եթե ինքը հավատարիմ մնա իր նախնիների դրված ճանապարհին, մեծ ապագա է սպասում։ Ինչպես Քրիստոս խաչվեց եւ հարություն առավ, այդպես եւ մենք ենք հարություն առնելու։ Մեր ազգին երանի են տալու մյուս ազգերը։ Հովհաննու հայտնությունը կատարվում է, քիչ է մնացել։ Սատանան պարտվելու է եւ փակվելու է դժոխքում։ Պատմական Հայաստանը մեզ կվերադառնա։ Երկնքից երկիր է իջնելու երկնային Երուսաղեմը, երկրի վրա կառուցվելու է Նոր Երուսաղեմը, որը երկնքի եւ երկրի միավորման խորհուրդն ունի եւ որը նկարագրված է Հովհաննու հայտնության 21-րդ գլխում։ Այնտեղ նույնիսկ Նոր Երուսաղեմի չափերն են գրված /երկարությունը 2500 կմ է, այսինքն՝ ենթադրաբար ձգվում է Ադրբեջանի տարածքից մինչեւ Հունաստան ներառյալ, եւ Թուրքիա այնտեղ չի լինելու։ Լայնությունը 2500 կմ է, այսինքն՝ ենթադրաբար Փասիս գետից մինչեւ Սինայի թերակղզուց ներքեւ։ Բարձրությունն էլ է 2500 կմ։ Նոր Երուսաղեմը խորանարդի տեսք ունի/։ Նոր Երուսաղեմն աշխարհի կենտրոնն է։ Նոր Երուսաղեմը քրիստոնյաների փառքն է եւ պսակը։ Այնտեղ խառնվելու են երկրային եւ երկնային արարածները, երկնային դրախտի սկիզբը հողի վրա պետք է լինի։ Եվ այնտեղ են գտնվելու Հայաստանը եւ Գառան գահը՝ Էջմիածինը։ Հովհաննու հայտնության 22-րդ գլուխը նկարագրում է. «Հրեշտակն ինձ ցույց տվեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով։ Գետի եզերքին, մեկ եւ մյուս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամեն ամիս՝ իր պտուղը, եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր»։ Մարդը նորից տեսնելու է կենաց ծառը, ճաշակելու է նրա պտղից, եւ այլեւս ցավ չի լինելու։
Չի լինելու անարդարություն եւ տառապանք։ Նորից եմ ասում՝ մեզ երանի են տալու, որ մենք հայ ենք եւ պատվով տարանք Քրիստոսի խաչը։ Սակայն կա եւ երկրորդը՝ եթե մենք հրաժարվենք մեր խաչից, տարվենք աշխարհի հովերով, սիրենք աշխարհի համը, մեզ համար կուռք ընտրենք «եվրոպական արժեքները» եւ օրինակ վերցնենք ուրիշներից, որոնք վաղուց մոռացել են Աստծուն, հրաժարվել են նրանից, Աստված կվերցնի մեր դերը եւ կտա նրանց, ովքեր ավելի արժանի են, իսկ այդպիսիները, հավատացնում եմ, կան աշխարհում։ Նրանք կբնակվեն մեր սուրբ հողում, կկրեն քրիստոնեության մեր կողմից նետված դրոշը եւ կժառանգեն Նոր Երուսաղեմում ապրելու պատիվը։ Իսկ մենք, հրեաների նման, կցրվենք ողջ աշխարհով եւ ամոթից կթաքցնենք մեր դեմքը, որպեսզի «Աստծո ժողովուրդ» անունը եւ Քրիստոսի մարմնի ու արյան հաղորդությունը փսխածի համբավից խուսափենք։ Սա է մեր ընտրության ճամփաբաժանը, որի մեջ այժմ գտնվում ենք։
ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
31.10.2018
Լավ նյութ է: Բայց նույն հեղինակի նախորդ լավ նյութի՝ https://www.aravot.am/2016/08/04/723421/ կրկությունն է 90 տոկսով: Կարելի էր չկրկնվել ու կարճ գրել այս անգամ: