Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառուցվող հյուրանոցի շինաշխատանքները գրեթե ավարտին են մոտենում, մնացել են ներքին հարդարման աշխատանքները։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
«Արտաքին տեսքով արդեն պատրաստ է, ներսի աշխատանքներն են մնացել։ Արտաքինից հրաշք շենք ստացվեց, շատ գեղեցիկ է՝ Գյումրու կոլորիտին համապատասխան, ամենակարևորը Գյումրու ճարտարապետության գույներ են։ Նախկին վարչապետը իր խոսքի տերն էր։
Ես վստահ եմ, որ ինքը գալու է ու անպայման հյուրանոցի բացում ենք անելու։ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամն էլ ոնց որ թե վերաբացվում է, սկսելու ենք նորից աշխատել։ Այդ հիմնադրամը կարևոր քայլ կատարեց մեզ համար, դրա շնորհիվ սկսվեց մեր քաղաքի պատմական միջուկի շինարարությունը, մեր քաղաքը կարևորեցին ու Համաշխարհային բանկով գումար տրամադրվեց։ Ես շատ լավ աշխատել ու աշխատելու եմ կառավարության հետ, այնպես չէ, որ կանգնելու եմ ու ասեմ՝ էս ծրագրերն են ու վերջ։
Դեռ շատ եմ անհանգստացնելու բնակչությանը, ու մի օր, երբ Երևանից ներս մտնենք ու տեսնենք մի հզոր մուտք, այդ ժամանակ կհասկանանք, որ ունենք պատմական քաղաք։ Հզոր մուտք ունենալը իմ երազանքներից մեկն է ու պիտի սարքեմ ։ Դա կապված է Հյուսիս-հարավ ճանապարհի հետ, ճանապարհը վեց կիլոմետր ոնց որ բաց է մնում, իրենք թեքվեցին դաշտերի միջով։
Հիմա մենք ուզում ենք, որպեսզի երկկողմանի ճանապարհ լինի, դրանից կախված կսարքենք նաև մեր քաղաքի մուտքը», -ասաց Սամվել Բալասանյանը։
Ըստ քաղաքապետի, Գյումրին չի դադարում ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել, ուղղակի կան ներդրողներ, որոնք իշխանափոխությունից հետո չցանկացան «Կումայրի» արգելոցում շարունակել իրենց ծրագրերը։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը՝ Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիզմի գոտու վերածելու իր իսկ ծրագրի առաջին ներդրողն էր։ Գյումրու հին ռեստորաններից մեկի՝ «Ջրահարսի» երկհարկանի շենքը նրա ընտանիքի վրա 500 հազար դոլար նստեց։
Նախկին վարչապետի կառույցը կկոչվի «Ֆլորենս»։ Ի դեպ, նրա՝ Երևանում ու Արցախում գտնվող ռեստորանային երկու համալիրներն էլ նույն անունն ունեն՝ «Ֆլորենս»։
Նշենք, որ նախկին վարչապետի նորակառույց հյուրանոցի մասին բավական հարուստ տեղեկություն կա համացանցում։ Imagemanstudio.com կայքում տեղադրված են կառույցի հայեցակարգից նկարներ, ներկայացվում է նաև պատմությունը։ Մասնավորապես գրված է, որ կառույցը պատմական է՝ կառուցված 19-րդ վերջին։ Վերջին 100 տարվա ընթացքում երկու անգամ խոշոր երկրաշարժ ու հրդեհ է տեսել։ Հիմքերն ամրացված են, թեև շենքն իրականում նորից է կառուցվել։
Ֆասադը ներդաշնակ է Գյումրու պատմական ճարտարապետությանը, այն սև ու կարմիր տուֆով է։ Նկուղը լինելու է կամարով, քանդակներով, ծառայելու է որպես պանդոկ, որտեղ հնչելու է երաժշտություն։ Շենքի վերգետնյա երկու հարկերը ծառայելու են որպես ռեստորան, որտեղ հյուրերը համտեսելու են տեղի խոհանոցի կերակրատեսակները։
Նշենք, որ նորակառույց հյուրանոցի տեսքը գրեթե չի շեղվում ներկայացված հայեցակարգից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները վերցված են Imagemanstudio.com կայքից, դրանք կառույցի հայեցակարգից են։