Aravot.am-ի տեղեկություններով մեր հրապարակումից հետո, որտեղ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի մի խումբ անդամներ բարձրաձայնել էին բուհում առկա խնդիրների մասին, հալածանքներ են սկսվել բուհի որոշ աշխատակիցների դեմ, որոնց թվում է նաեւ ՀՊՏՀ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարգարյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: «Բնականաբար, ձեր թերթի հրապարակումից հետո հանրապետական ռեկտոր Կորյուն Աթոյանը իր սովորական կառավարաոճին համապատասխան, իրեն հավատարիմ խիստ ագրեսիվ ու շահագրգիռ անձանց նեղ շրջանակի միջոցով (նրանք ընդամենը 5 հոգի են) պետք է ուժեղացներ ճնշումները և հալածանքները, առաջին հերթին թիրախավորելով ինձ, ու փորձեր ամեն հնար գործադրել ինձ համալսարանից հեռացնելու համար, քանի որ համարձակվել եմ որպես ՀՊՏՀ Խորհրդի անդամ խիստ ցավոտ հարցեր բարձրացնել՝ գրադարանում իր դոկտորականի ավելի քան 22 տարվա բացակայության, որպես ռեկտորի թեկնածու քվեարկվելիս փաստաթղթեր չներկայացնելու, պահանջի պարագայում դրանց տրամադրումը մերժելու, նրա դոկտորական դիպլոմի փոխճանաչման ակնհայտ խախտումների ու մի շարք այլ խնդիրների առնչությամբ։
Եվ ահա, այսօր առավոտյան ռեկտորը հրահանգ է իջեցրել բոլոր ամբիոններին ու նույնիսկ ոչ ուսումնական ստորաբաժանումներին՝ ստորագրել նշված անձանց կազմած մի քստմնելի ու շինծու մեղադրանքներով տեքստի տակ, ըստ որի ես ոչ ավելի ոչ պակաս խաթարում եմ համալսարանի աշխատանքային մթնոլորտը։ Ստորագրահավաքի «ծանր բեռը» իրենց ուսերին են վերցրել հիշյալ հնգյակի անդամները, որոնք հայտնի են սոցիալական ցանցերում իրենց ոչ հավասարակշիռ գրառումներով։ Առաջարկվող տեքստի տակ չստորագրողներին սպառնում են հեռացել աշխատանքից։ Նպատակը մեկն է՝ 37 թվի մեթոդներով (կոլեկտիվի միահամուռ պահանջով) հասնել համալսարանից իմ հեռացմանը»,-ասաց Ատոմ Մարգարյանը։
«Դժվար է ասել, թե այս բացահայտ հաշվեհարդարը, այն էլ հետհեղափոխական Հայաստանում օրը ցերեկով, մինչև ուր կհասնի, սակայն զավեշտը արդեն հասել է իր գագաթնակետին։ Բանն այն է, որ բառացիորեն մեկ շաբաթ առաջ ռեկտոր Աթոյանը համալսարանի գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներին ու աշխատակիցներին, այդ թվում և ինձ՝ ուղարկել է ծանուցումներ, որոնց համաձայն ս.թ. դեկտեմբերի 18-ից ես ազատված եմ աշխատանքից։ Ինչ է ստացվում։ Ռեկտորը ու նրա շրջապատը այնքան են չարացած, որ աշխատանքից ազատելու որոշման առկայության ու այդ մասին ծանուցման պարագայում անգամ նորից ստորագրահավաք են սկսել տալիս՝ ինձ աշխատանքից կրկնակի հեռացնելու վերաբերյալ։
Իսկ թե ինչ են նրանք պատասխանելու իմ ուսանողներին (ես մի քանի հատուկ կամ ընտրովի դասընթացներ եմ վարում բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում), այն էլ կիսամյակի կեսին, մնում է անհայտ։ Ակնհայտ է, որ թե ռեկտորին և թե իր շրջապատին բացարձակապես չի հետաքրքրում և (չի հետաքրքրել) ուսանողը ու նրա խնդիրները։ Նրանց հետաքրքրել է բացառապես իրենց անձնական, խմբային ու կլանային շահերը, որը միշտ քողարկել են բարեփոխումների կեղծ օրակարգով ու դրանց իմիտացիայով։
Սակայն հանրապետական ռեկտորի շրջապատի ջղաձգումները ինձ համար որևէ նշանակություն չունեն։ Սա նաև յուրօրինակ քաղաքական հետապնդում է, բոլորն էլ տեղյակ են իմ փորձագիտական, հանրային ակտիվությունից (ամեն ինչ արտացոլված է իմ ֆեյսբուքյան էջում) ու ռեկտորը, հատկապես հետհեղափոխական շրջանում, իր մարդկանց միջոցով մշտապես փորձել է անգամ իմ գործընկերների (մյուս լաբորատորիաների ղեկավարների) ներկայությամբ ճնշել ու լռեցնել իմ հանրային ելույթներն ու գնահատականները։
Ըստ երևույթին նրանք ինձ չեն ներում նաև այն բանի համար, որ այս տարվա ապրիլ-մայիսին ես ողջունեցի Հայաստանում հեղափոխության ու փոփոխությունների ալիքը ու դեն նետեցի հանրապետականի անդամատոմսը:
Ինչևէ։ Ճշմարտությունն ու օրինականությունը ինձ համար վեր են ամեն ինչից։ ՀՊՏՀ ռեկտորի լեգիտիմության և նրա փաստաթղթերի ու դրանց հիմքերի օրինականության հարցերը ես հետապնդելու եմ մինչև վերջ։
Վերջում ուզում եմ դիմել իմ չարացած, ծառայամիտ կամ ուղղակի խաբված գործընկերներին։ Հիշեք դուք սուրբ չեք, ոչ էլ դատավորներ, և ոչ էլ ես։ Բայց հիշեք՝ ամբոխի մեջ միշտ էլ գտնվում է մեկը, ով բացականչում է՝ «Արքան մե՜րկ է», անկախ նրանից, թե տարիներ շարունակ ինչ ռեպրեսիվ կամ ճիզվիտական միջոցներ կկիրառվեն նրա նկատմամբ»,-ասաց Ատոմ Մարգարյանը։
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանից մեկնաբանություն չխնդրեցինք, որովհետեւ բուհի եւ իր մասին ցանկացած հարցի բարձրաձայնում նա որակում է զառանցանք եւ հրաժարվում մեկնաբանություններից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ատոմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ի սկզբանե ասեմ որևէ ֆեյք էջի գրառման չեմ պատասխանի. Հարգելի պարոն Մարգարյան Դուք ուղղակի զրպարտում եք: Նախ իբրև նախաձեռնության համահեղինակ ասեմ, որ պարոն Աթոյանի հետ մեր նախաձեռնությունը ոչ քննարկել և ոչ էլ համաձայնեցրել ենք. ասեմ ավելին պարոն Աթոյանը իմանալով մեր նախաձեռնության մասին հստակ դեմ է արտահայտվել, սակայն մենք մեր դիրքորոշումն ունենք և ազատ ենք մեր գործողություններում. մենք որևէ մեկին որևէ բան պարտադրելու բարոյական իրավունք չունենք և ոչ էլ որևէ վարչական լծակ: Եվ դա աներկբա փաստ է: Ըստ այդմ, երբ նշում եք, որ պարոն Աթոյանը հրահանգ է իջեցրել ինչ-որ նամակի տակ ստորագրելու Դուք զրպարտում եք ինչպես պարոն Աթոյանին, այնպես էլ մեզ: Ընդ որում ես Ձեզ դեռ ցերեկը հայտնել եմ իմ դիրքորոշումը, երբ ինչ-որ խնդրով ցանկանում էիք հանդիպել գործընկերոջս: Մենք Ձեզ հեռացնելու պահանջ չենք հետապնդել, ըստ այդմ դա նույնպես անհիմն մեղադրանք է: Պարոն Մարգարյան թեկնածուական կամ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճանը հավաստող վկայականը կոպերատիվ բուհի դիպլոմ չէ, որ Ձեր ներկայացրածին համապատասխան զեղծարարություններով անձին տրվի: Այդ պարագայում թեկուզ ամենաանորակ, սակայն ատենախոսություն ունենալ և այն հրապարակայնորեն պաշտպանելը ուղղակի անհրաժեշտ գործընթացներ են: Անհասկանալի է դուք դա եք վիճարկում? Դա նման է վիճարկելուն, որ ասենք արևը ծագում է արևելքից և մայր է մտնում արևմուտքում: Դա ուղղակի նոնսենս է: Պարոն Մարգարյան Դուք նշում եք, որ մենք հայտնի ենք մեր անհավասարակշիռ գրառումներով: Իբրև նախաձեռնության համահեղինակ կխնդրեմ գեթ մեկ նման գրառում մեջբերեք իմ հրապարակումներից և ես հրապարակայնորեն ներեղություն կխնդրեմ: Հակառակ պարագայում ոչինչ չեմ ակնկալում: Պարոն մարգարյան Դուք հրապարակայնորեն և ոչ հրապարակայնորեն զրպարտչական լուրեր եք տարածել և տարածում ինչպես պարոն Աթոյանի, այնպես էլ մեր անձանց վերաբերյալ: Այս ողջ պատմության մեջ մեր միակ սխալն այն է, որ ականջալուր ենք եղել պարոն Աթոյանի հորդորներին և տարաբնույթ պարզաբանումներ պահանջելով իսկապես չենք խաթարել համալսարանի աշխատանքային մթնոլորտը: Ես այս հարթակով հարցեր կարող եմ տալ ՁԵԶ? Դուք ուղղակի հրաժարվեցիք ցերեկը դրանց պատասխանել: Պարոն Մարգարյան Ձեր ղեկավարած գիտաուսումնական լաբորատորիան և մյուս լաբորատորիաները անժամկետ են գործել արդյոք? Այդ լաբորատորիաները փակել է պարոն Աթոյանը, թե փակելու որոշումը կայացրել է ՀՊՏՀ գիտական խորհուրդը? Պարոն Մարգարյան Դուք ռեկտորի ընտրության ընթացքում օբյեկտիվ կասկածներ ունեցել եք հայցորդի առումով? Եթե այո բարձրաձայնել եք արդյոք? Եթե ոչ ապա ինչու? Ինչն է նաև շուրջ երկու տարի Ձեր լռության պատճառը? Հատկապես, որ ինչպես նշում եք պահանջել ու չեք ստացել Ձեզ հետաքրքրող փաստաթղթերը: Պարոն Մարգարյան ՁԵՐ նախկին ու ներկա կուսակցական պատկանելությունն ինչ կապ ունի այս ամենի հետ? Դուք ՀՀԿ-ին անդամագրվեցիք դեկանի ընտրություններից առաջ և դարձաք այն եզակի ՀՀԿ անդամներից մեկը ում ՀՀԿ-ի իշխանության տարիներին անգամ իր կուսակցական պատկանելությունը չօգնեց ընտրվելու իր հարազատ կազմակերպության մի հաստիքում: Ես էլ հրապարակայնորեն քննադատել ու քննադատում եմ իմ , երեկ նաև ՁԵՐ կուսակից ընկերներին, սակայն ինձ ոչ ոք աշխատանքից չի հեռացնում: Պարոն Մարգարյան ես Ձեզ խնդրում եմ պատասխանեք բացառապես Ձեր անունից և ոչ թե, սովորության համաձայն Ձեր բազմաթիվ ֆեյքերից ու սովորության համաձայն վիրավորական արտահայտություններով:
Բնկանաբար Պարոն Մարգարյանի ձեռքբերումները նախանձի տեղիք են տալիս շատերին։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել մեկին, ով չի դադարում ինքնազարգանալ։ Ով գրքից զատ հարցեր է հնչեցնում տրամաբանության հետ կապված, ով արդար է ու մաքուր ցանկացած ուսանողի աչքերում։ Ում մասին բազմիցս չարախոսել են, բայց չեն կարողացել տապալել։ Պարոն Մարգարյանը եղել է մեր ֆակուլտետի դեկանը։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել իր հետ շփվելու և անձամբ զգալու իր հոգատարությունը ուսանողի հանդեպ։ Ես մեր բուհի դասախոսական կազմից եզակի մարդկանց կարող եմ տալ նման բնութագիր։
Հետաքրքիրն այն է, որ անգրագետնեի խումբը պաշարել է համալսարանը և ամեն ինչ անում են նման եզակի մարդկանց հիասթափեցնելու և թևաթափ անելու համար։ Ուսանողները համալսարանն ավարտելուց հետո ասում են, որ միակ բանը բուհից ստացած դա դիպլոմն է։ Մինչև ու՞ր եք իջեցնելու բուհի մակարդակը։
Հանրապետականների արմատներն այնքան խորն են մեր բուհում, որ նույնիսկ երկրում իրավիճակի փոփոխությունը չփրկեց։
Հրահանգ իջեցնելու մասով.
Որպես ՀՊՏՀ ամբիոնի վարիչ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որևէ տեքստի տակ ստորագրություն դնելու հրահանգ ՀՊՏՀ ռեկտորի կողմից ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով ինձ չի տրվել: Հրահանգ իջեցնելու մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է և հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ:
ՀՀԿ-ն լքելու համար ՀՊՏՀ ռեկտորի կողմից վրեժխնդրության մասով.
ՀՀԿ անդամ կամ համակիր երբեք չեմ եղել, երբևէ չեմ փորձել քողարկել իմ ընդդիմադիր հայացքները: Սակայն դա չի խանգարել ՀՀԿ անդամ ռեկտոր Աթոյանին ինձ նշանակել ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի պաշտոնակատար (ընդ որում՝ ՀՀԿ բացարձակ իշխանության ամենաեռուն շրջանում, և ոչ թե հետհեղափոխական ամիսներին, երբ ՀՀԿ-ին դեմ գնալն առողջության և կարիերայի համար արդեն վտանգավոր չէր): ՀՊՏՀ ռեկտորին անձնապես ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա քինախնդիր չէ, վրեժխնդրության մոլուցքով չի տառապում: Ավելին, ՀՊՏՀ ռեկտորին մեղադրելն այն բանում, որ նա փորձում է որևէ մեկին պատժել ՀՀԿ-ից դուրս գալու համար (առավել ևս՝ երբ ՀՀԿ-ից դուրս եկողների հոծ բանակում միայնակ չես և ՀՀԿ-ականի անդամատոմսից հրաժարվելն արտառոց երևույթ չի դիտվում), նշանակում է, ամենամեղմ ձևակերպմամբ՝ մեղանչել իրականության դեմ:
Հրապարակման մյուս կետերին չեմ ցանկանում անդրադառնալ՝ վստահ լինելով, որ դրանցում պարունակվող մեղադրանքները առաջիկայում պատշաճ կերպով ևս կհերքվեն: Նաև՝ իմ գործընկերներին խնդրում և հորդորում եմ՝ մի կողմ դնել հանրային հարթակներում անձնական հարաբերությունները պարզելու գործելաոճից, զերծ մնալ կեղծիք, զրպարտություն կամ անձնական վիրավորանք պարունակող նյութերի տարածումից և բոլոր ջանքերն ուղղել մեր համալսարանն ավելի լավը դարձնելուն:
Արմեն Քթոյան
ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ