Մինչև նոյեմբերի 9-ը քաղաքացիները կարող են դիմել Հանրային խորհրդի տարբեր հանձնաժողովներում ընդգրկվելու համար: Դրան կհաջորդի հանձնաժողովի նախագահների ընտրությունը:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին Հանրային խորհրդի նորընտիր անդամ Հովիկ Մուսայելյանը հիշեցրեց՝ Հանրային խորհուրդը ստեղծվել է ՀՀ նախագահի հրամանագրով, և դա շատ դեպքերում Հանրային խորհրդին հուշում էր այն մասին, որ այդ մարմինը նախագահին խորհուրդ տալու համար է ստեղծվել: Այժմ ըստ Սահմանադրության ՝ Հանրային խորհուրդը կառավարությանը կից խորհրդակցական մարմին է: Հովիկ Մուսայելյանը կարևորեց Հանրային խորհրդի գոյությունը: Այս առիթով նա մանրամասնեց. «Անկախ նրանից՝ ովքեր են երկրի իշխանությունները, Հանրային խորհուրդը պետք է գործի: Սա լրջագույն հարթակ է, որ կայանա իշխանություն-հանրություն կամուրջը: Հանրությունը Հանրային խորհրդի միջոցով ունի լծակներ իշխանության վրա ազդելու, իշխանությունն ինքն էլ պիտի կարևորի նման հարթակի գոյությունը»:
Հովիկ Մուսայելյանը նշեց՝ իրենց հիմնական նպատակն է այժմ մարդկանց իրազեկել, որ նրանք դիմեն տարբեր հանձնաժողովներում ընդգրկվելու համար:
Դառնալով այն քննադատություններին, թե Հանրային խորհուրդը ֆիկտիվ կառույց է եղել, Հովիկ Մուսայելյանը նշեց. «Մեր դիտարկումները ցույց են տալիս՝ բացասական կարծիքները գալիս են նրանից, որ մարդիկ տեղյակ չեն՝ ինչ է կատարվել: Այստեղ իրականում Հանրային խորհրդի մեղավորությունն էլ կար, քանի որ գովազդի առումով մենք մի քիչ համեստ էինք: Փակ քննարկումներ էին լինում, միշտ հրավիրում էինք ոլորտային նախարարների, քլնգելու գործընթաց էր գնում, որը շատ չէր լուսաբանվում: Նույն նախագահը, կառավարության ղեկավարները առաջարկություններ էին անում, բայց որևէ անգամ չէին նշում, որ դրանք անում էին հանրային խորհրդի կողմից: Այդքան համեստության խնդիր էլ չէր. կար կաշկանդվածություն, քանի որ Հանրային խորհուրդը ստեղծել էր նախագահը, և մեր վրա մի զգացողություն կար, որ դա նախագահին խորհուրդ տալու մարմին է»:
Հովիկ Մուսայելյանը թվարկեց՝ Հանրային խորհուրդը աշխատանքներ է տարել եթերի մաքրման, կրիմինալ սերիալներից հրաժարման, ջրային ռեսուրսների պահպանման, էկոլոգիական, տնտեսական և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
Հարցին՝ ովքե՞ր են այս նոր հանրային խորհրդի նոր դեմքերը, Հովիկ Մուսայելյանը ծանոթացրեց՝ Նարինե Թուխիկյան, Գագիկ Գինոսյանը, Կոմանդոս, Աշոտ Հակոբյան, Բաբկեն Պիպոյան, Հարություն Մերոպյան, Հրանտ Աբրահամյան և այլք:
Հանրային խորհրդի նորընտիր անդամ Աշոտ Հակոբյանը վստահեցրեց՝ մի կողմից իշխանության կողմից քաղաքական կամք պիտի լինի, մյուս կողմից կարևոր հանգամանք է հանրային խորհրդի անդամների կամքն ու պատրաստակամությունը. «Պետք է հանրային խորհրդի անդամները դրսևորեն կամք աշխատելու համար, և այն պիտի լինի ամենաբարձր մակարդակի վրա: Մեր ներկայիս հանրային խորhուրդն ի վիճակի է լավ աշխատել և ստիպել իշխանությանը հաշվի նստել իր հետ: Այս կառույցը պիտի լինի այն հարթակը, որտեղ կառավարությունը պիտի զգա ժողովրդի զարկերակը և ժողովուրդն էլ զգա կառավարության զարկերակը: Ժողովրդի կողմից լիազորված և իշխանությունը վստահված կառավարությունը հանրությանը պիտի հաշվետու լինի՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է գնում: Եվ կառավարությունն էլ մշտապես պիտի շահագրգռված լինի հասարակական տրամադրությունները ստուգել բոլոր ոլորտներում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ