Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի ու վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հետ հանդիպմանն այսօր Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները երկար սպասեցին, բայց այն այդպես էլ տեղի չունեցավ: Պաշտոնյաները խոստացված հանդիպմանը, ըստ պղնձաձուլարանի աշխատակցի, չգնացին:
«Երեւի ասելիք չունեին, չէին եկել հանդիպման»,- մեզ հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը: Ըստ նրա՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ու վարչապետի օգնականը դեռ նախորդ հանդիպման ժամանակ էին խոստացել, որ այսօր կհանդիպեն պղնձաձուլարանի աշխատակիցների հետ՝ խնդրին տեղում ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու շաբաթ է՝ Ալավերդու պղնձաձուլարանը չի աշխատում. այն գրավադրված է բանկերից մեկում, եւ, ըստ ընկերության, հնարավոր է՝ գործարանն անցնի այդ բանկին:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամլո խոսնակ Վահան Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպումը չի կայացել կազմակերպչական հարցերի պատճառով, այցը նախատեսվում է այս ուրբաթ կամ շաբաթ օրերին:
Վահան Հունանյանի խոսքով, հանդիպման հետաձգման մասին իրենք նախօրոք տեղեկացրել են «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարությանը: Բացի այդ, այցի հետաձգման մասին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկատվություն է տվել մամուլին: Վահան Հունանյանը նաեւ փոխանցեց, որ, այնուամենայնիվ, պարոն Սիսեռյանը ներողություն է խնդրում այն աշխատակիցներից, որոնք չեն իմացել այցի հետաձգման մասին և սպասել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Փակման իսկական պատճառը այն է որ պղինձ չէ մնացած երկրում, ամբողջը լրիւ գործածուած է այստեղ՝
https://www.aravot.am/wp-content/uploads/2018/10/Nikol-Pashinyani-ardzan-e1540498754446.jpg