«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կոռուպցիոն ռիսկ տեսնում է այն փաստում, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:
Փոխարենը Վարուժան Հոկտանյանը կոռուպցիոն դրսևորում է տեսնում այն փաստում, որ Տիգրան Ավինյանի ընկերը պաշտոն է ստացել: Ըստ մեր զրուցակցի, իհարկե, փոխվարչապետը կժխտի, որ այդ նշանակման հարցում իր գործոնը դերակատարություն է ունեցել, բայց դա այդպես է:
Դառնալով դրամաշնորհ ստանալուն՝ Վարուժան Հոկտանյանը հիշեցրեց՝ Տիգրան Ավինյանը մրցույթին դիմել է մինչև հեղափոխությունը, բայց դրամաշնորհ ստացել է փոխվարչապետ դառնալուց հետո: Այս առիթով նա մանրամասնեց. «Թեև Տիգրան Ավինյանը հրաժարվել է այդ ՍՊԸ-ում՝ իր պաշտոնից, բայց այստեղ արդեն մի քիչ հայաստանյան իրականության համար դա հաստատ շահերի բախում է: Կարևոր է հասկանալ նաև՝ արդյոք մրցույթը անկողմնակա՞լ է եղել: Մի կողմից, բնական է, երբ այդ ընկերությունը ստացել է այդ դրամաշնորհը, Տիգրան Ավինյանն արդեն այդ ընկերությունում սեփականատեր չէր՝ հայրն ու տղան են, բայց, միևնույն է, պետք է հասկացվի, թ ե ինչ ընթացակարգեր են եղել, որ շահել է հենց այդ ընկերությունը»:
Մեր այն հստակեցմանը՝ այդպես միանշանակ չէ՞, որ կոռուպցիոն դրսևորում կա, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Մրցույթի անկողմնակալությունը, ընթացակարգերը հասկանալուց հետո կերևա: Կոռուպցիոն ռիսկ միանշանակ կա, քանի որ, երբ մրցույթի արդյունքները հրապարակվում են իր՝ փոխվարչապետ նշանակվելուց հետո, դա ավտոմատ կոռուպցիոն ռիսկ է նշանակում: Հիմա խնդիրն այն է՝ արդյոք կոռուպցիոն ռիսկը տրանսֆորմացվե՞լ է կոռուպցիոն դրսևորման: Եթե կա ռիսկ, ուրեմն պետք է ուսումնասիրել: Կարող է ռիսկը չտրանսֆորմացվի կոռուպցիոն դրսևորման: Դա հնարավոր տարբերակ է: Այնպես չէ, որ եթե ռիսկը կա, ուրեմն այնտեղ հաստատ կոռուպցիա կա: Դա հասկանալու համար պետք է գտնել մասնագետ, որ կգնահատի ոլորտը, մրցույթի արդյունքները, որը կասի՝ արդյոք այս բիզնես պլանը լավագո՞ւյնն է: Սա է. ուրիշ բան չեմ տեսնում, բայց միանգամից ասել, որ սա կոռուպցիոն դրսևորում է, մի քիչ կզգուշանայի: Եթե դա ասվի, կարող է Տիգրան Ավինյանն էլ կպատասխանել, որ իրենք արդար պայքարով են հաղթել: Ուստի պետք է պարզել՝ պայքարը արդա՞ր է եղել, թե՞ ոչ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ