Համաշխարհային բանկն այսօր հրապարակել է «Գործարարություն 2019» զեկույցը՝ Doing business-ը, ըստ որի,190 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 41-րդ տեղը՝ նախորդ տարվա 47-րդ հորիզոնականի փոխարեն:
Այսօր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոն 6 կետերով Հայաստանի դիրքի բարելավումը պայմանավորեց 5 ոլորտներում գրանցած առաջընթացով: Տիկին Սիլվի Բոսութղոն ասաց, որ մեր երկիրը դյուրացրել է ընկերությունների հիմնման գործընթացը՝ նախորդ տարվա 4 ու կես օրը դարձնելով 3 ու կես: Կրճատվել է նաեւ էլեկտրացանցին միանալու օրերի քանակը: Այսինքն՝ եթե բիզնեսը նախկինում էլցանցին էր միանում 127 օրում, ապա ներկայումս 72 օր է դարձել այդ ժամկետը: Հայաստանն ուժեղացրել է նաեւ փոքր բաժնետերերի պաշտպանությունը, դյուրացվել է հարկերի վճարման գործընթացը՝ բարելավելով էլեկտրոնային կառավարման համակարգը, ինչպես նաեւ փոքր պահանջատերերի համար պայմանագրերի կիրարկումը արագացված ընթացակարգով է տեղի ունենում, այսինքն՝ 2 միլիոնը չգերազանցող պահանջների համար պարզեցված դատավարական ընթացակարգ է գործում:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս ցուցանիշները կարեւոր են հատկապես՝ օտարերկրյա ներդրումներ ապահովելու տեսանկյունից:
Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե որ կառավարության՝ հնի՞ թե նորի աշխատանքի արդյունքն է 6 կետով դիրքերի բարելավումը: Մեր այն դիտարկմանը, թե ընդդիմադիր հանրապետականները լավ ցուցանիշների դեպքում նշում են, որ դեռ իրենց կառավարության արդյունքներն են, սակայն, երբ տնտեսական վատ ցուցանիշներ ենք ունենում՝ ասում են, որ նոր կառավարությունը ձախողել է, Տիգրան Խաչատրյանն ի պատասխան ասաց. «Այս չափումն այս դեպքում պետք է չկիրառել, որովհետեւ սա երկարաժամկետ գործընթաց է: Doing business-ի գնահատումը Հայաստանում իրականացվում է ոչ պակաս, քան 8 տարի եւ այս գործընթացի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր զեկույցում, հաշվի են առնվում,մինչեւ տվյալ տարվա մայիս ամիսը: Մայիսը պատահականորեն է համընկել, չնույնացնենք հայտնի իրադարձությունների հետ: Մինչու մայիսը տեղի ունեցած փոփոխությունների հիման վրա, բայց դա շարունակական է եւ ներկա կառավարության կողմից գործխադրվող ջանքերը նույնպես հաջորդ բոլոր տարիների արդյունքում արձանագրելու են այն առաջընթացը, որի մասին քիչ առաջ խոսեցինք»:
Տիկին Սիլվի Բոսութղոն նշեց, որ Հայաստանը վատ ցուցանիշներ է գրանցում շինարարության թույլտվության գործընթացներով՝ աշխարհում զբաղեցնելով 98-րդ տեղը:
Aravot.am-ի հարցին, թե ուսումնասի՞րել եք, խնդիրը որտե՞ղ է՝ ՏԻՄ ոլորտում, քանի որ նրանք են տալիս այդ թույլտվությունները, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ միայն ՏԻՄ-երը չէ,որ առնչվում են թույլտվությունների տրամադրմանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, երբ կազմակերպությունը դիմում է շինթույլտվություն ստանալու, այդ գործընթացում միաժամանակ ներգրաված են հանրային ծառայությունների բնագավառում մենաշնորհներ ունեցող կազմակերպություններ:
ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն ասաց, որ այս տարի Հայաստանի տնտեսական աճը գերազանցել է բանկի կանխատեսած ցուցանիշները, ինչը պայմանավորված է արտահանման՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշներով եւ վարկավորման ավելի կուռ աճով:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ