Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում խնդիրները գրեթե նույնն են՝ մի մարզում մի փոքր քիչ, մյուսում՝ ավելի շատ: Հանրապետության մի քանի մարզերում առկա ոլորտային խնդիրներին փոքր-ինչ լուծում տալու համար «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրականացնում է «Անասնապահության զարգացումը Հայաստանում՝ հարավ-հյուսիս » ծրագիրը: Այն իրականացվել է հարավային մարզերում: Այսօր տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացման արարողությունը՝ ուղղված հյուսիսային մարզերին:
Ծրագրում ընդգրկված թիրախային մարզերն են՝ Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի եւ մսի արժեշղթաների դերակատարներ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ. «Ծրագիրը նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը, բարելավելու կենդանիների մթերատվության ցուցանիշները, ցեղային հատկանիշները, ինչպես նաեւ հասանելի դարձնելու անասնաբուժական ծառայությունները համայնքներում՝ բարելավելով համայնքաբնակների մասնագիտական կարողությունները, ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու բնական կերային հանդակներում»,- ասաց ծրագրի ղեկավար Վարդան Թորչյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչ ծրագրի մեկնարկը, համայնքներում կատարվել են նախնական հենակետային հետազոտություններ, հասկանալու համար, թե ոլորտում ինչ իրավիճակ է տիրում. «Հիմնախնդիրները հիմնականում կախված են մթերատվության ցածր ցուցանիշների, կենդանիների ցեղային հատկանիշների վատ լինելու, ինչպես նաեւ բնական կերհանդակների ոչ արդյունավետ օգտագործումով, կերհանդակներում ենթակառուցվածքների անբավարար մակարդակով, ինչպես նաեւ համայնքներում անասնաբուժական ծառայությունների ոչ բավարար հասանելիության մակարդակով: Սրանք խնդիրներ են, որոնք վերջնարդյունքում ազդում են կենդանիների մթերատվության ցուցանիշների ու բնակչության եկամուտերի վրա»:
Համայնքներում առկա է նաեւ անասնաբույժի խնդիրը: Մեկ մասնագետը սպասարկում է մի քանի համայնքներ. «Մենք հիմնում ենք համայնքային անասնաբուժական կետեր, նպատակ ունենալով եւ՛ բարելավել անասնաբույժի մասնագիտական կարողությունը, եւ՛ համալրել անհրաժեշտ գործիքներով, դեղորայքով, որպեսզի իրենք կարողանան մասնագիտական եւ որակյալ ծառայություն մատուցի համայնքի բնակիչներին»,- նշեց ծրագրի ղեկավարը:
Ծրագրի իրականացման համար Լոռու մարզից ընտրվել է 38 բնակավայր: Համայնքների ընտրության հարցում հաշվի են առնվել մի շարք չափորոշիչներ. «Համայնքները ընտրելու ընթացքում, նախ հաշվի ենք առել դրանց հեռավորությունը մարզկենտրոնից: Մենք սովորաբար աշխատում ենք առավել հեռավոր բնակավայրերում, նպատակ ունենալով այնտեղ զարգացնելու այն հնարավորություններն ու կարողությունները, որոնց պոտենցիալն առկա է: Այս համայնքներն ունեն երկարատեւ ավանդույթներ՝ կաթի վերամշակման, հավաքման, պանրագործության ուղղությամբ: Դրանով էլ պայմանավորված է համայնքների ընտրությունը»,- ասաց Վարդան Թորչյանը:
Հանդիպմանը ներկա ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանը դրական գնահատեց ծրագիրը, նշելով, որ գյուղատնտեսությունն էլ իր հերթին կաջակցի. «Գաղտնիք չէ, որ շատ մեծ հնարավորություն ունենք կապված արտահանման հետ: Միանշանակ խոշոր եղջերավոր անասունների ուղղությամբ ունենք շատ մեծ արտահանման պոտենցիալ: Կարելի է ասել, որքան որ կարողանանք արտադրել, այդքան էլ կարող ենք արտահանել: Իհարկե, չենք մոռանում նաեւ որակի, ինչպես նաեւ ներքին սպառումը բավարարելու մասին»:
ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում նույնպես մեծ սպասելիքներ ունեն ծրագրից. «Գիտեք գյուղերում տարվող նպաստային քաղաքականության մասին: Հիմա կառավարությունում ուշադրություն է դարձվում, որպեսզի փոխվի չափորոշիչները: Որովհետեւ ի՞նչ է ստացվում, գյուղացին, որպեսզի նպաստ ստանա, գնում կովը մորթում է: Բայց հակառակը, մենք պետք է այնպես անենք, որ գյուղացին շատացնի իր անասունների թիվը: Քանի որ ինքը դրանից է եկամուտ ստանում,- ասաց ՀՀ ՏԿԶ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է`Ավստրիական Զարգացման եւ Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության եւ Շվեյցարիայի Զարգազման եւ Համագործակցության Գործակալության կողմից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ