Լրահոս
Օրվա լրահոսը

Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտների համար դպրոցի երկար, ոտքով ճամփան

Հոկտեմբեր 31,2018 18:49

Նախկինում հայտնել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ եւ Կիրանց գյուղերից շուրջ 20 դպրոցահասակ երեխա ամեն առավոտ ուսումնառության համար մեկնում է Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի, Սեւքարի միջնակարգ դպրոցներ: Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, որն Աճարկուտ-Իջեւան եւ հակառակ ուղղություններով միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումներ է իրականացնում, շուրջ 20 տարի բարեգործական հիմունքներով անվճար փոխադրել է այդ աշակերտներին, այդ բարեգործական միկրոավտոբուսի շարժիչի hամար գործարար Միքայել Վարդանյանը 2017 թվականին գումար է նվիրաբերել:

Աճարկուտ գյուղի 10, 11 եւ 12-րդ դասարանցի երեխաները  առավոտյան, ժամը 8-ին նստում են  Հովիկ Ալավերդյանի երթուղային միկրոավտոբուսը, որը շարժվում է դեպի հարեւան Կիրանց գյուղ, այնտեղ էլ բարձր դասարանցիները բարձրանում են միկրոավտոբուս, որը շարժվում է դեպի Իջեւան քաղաք: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցները հիմնական են, այդ գյուղերի ավագ դասարանցիները իրենց ուսումը շարունակում են Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի միջնակարգ դպրոցներում:

Աճարկուտի բնակիչ Սասուն Մելիքյանի 10-րդ դասարանցի աղջիկն ամեն առավոտ մեկնում է Ներքին Ծաղկավան: Սասունն ասաց, որ Հ. Ալավերդյանի միկրոավտոբուսը 16 տեղանոց է, Աճարկուտից եւ Կիրանցից 26 աշակերտ է մեկնում Ն. Ծաղկավանի եւ Սարիգյուղի դպրոցներ: Այն օրերին, երբ երթուղային միկրոավտուբոսում լինում են այլ ուղեւորներ, աշակերտները ստիպված են լինում մի քանի հոգով կծկվել մի նստատեղին: Նա հայտնեց, որ երբ Կիրանց գյուղից շատ ուղեւորներ են լինում , տղա աշակերտները ստիպված իջնում են միկրոավտոբուսից,Կիրանցից ոտքով ճանապարհ ընկնում դեպի մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ն. Ծաղկավան եւ Սարիգյուղ:

Միջպետական ավտոճանապարհով մի քանի կիլոմետր քայլերիս երեխաները ենթարկվում են երթեւեկող ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելու վտանգին: Ձմռանը օրեր են լինում, երբ առավոտյան ժամը 8-ին ճանապարհը սառցակալած է, ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները դեռեւս ասֆալտի ծածկույթը սառույցից մաքրած չեն լինում, այդ պատճառով Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին տեղափոխող միկրոավտբուսը  ուղերթ չի կատարում, աշակերտները հարեւան գյուղերի դպրոցներ դասերի չեն մեկնում:

Մեկ այլ խնդիր է աշակերտների ուղեվարձը: Հովիկ Ալավերդյանը Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին անվճար է տեղափոխում հարեւան գյուղեր: Նա այդ պատճառով այլ ուղեւորներ է կորցնում, վնասներ կրում: Տավուշի մարզում գործում է այլ համայնքներ ուսման մեկնող աշակերտներին պետական բյուջեից տրանսպորտային ծախսի փոխհատուցման գումարների վճարման պրակտիկա: Օրինակ ,Դեղձավան գյուղից Պտղավան, Իծաքար գյուղից մինչեւ Նավուր Ներքին Գոշից Գոշ, Ներքին Հովքից Հովք ուսումնառության մեկնող աշակերտներին պետբյուջեից օրական վճարվում է 100-ական դրամ: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցականներին երբեւէ նման գումարներ չեն տրվել: Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանն այդ հարցով դիմել է Տավուշի մարզպետարան, սակայն խնդիրը դեռ չի լուծվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031