Մինչ Ազգային Ժողովում պատգամավորները մեկը մյուսի կոկորդն են կռծում, մեր երկրի զարգացման համար որևէ էական գործ չի կատարվում։
Զարմանում ես, թե ԱԺ-ում նստած 100-ից ավելի հասուն մարդիկ ինչի մասին են մտածում և ինչ նպատակ են հետապնդում իրենց գործողություններով։
Այն, որ այս ԱԺ-ն ոչ լեգիտիմ է և կազմավորվել է օրենքի խախտումով անցկացված ընտրությունների արդյունքում, ոչ ոք չի կասկածում։ Հետևաբար, ներկայումս գործող ԱԺ-ն պետք է հրաժարական տա։
Քանի-որ նրանք ինչ-որ անհասկանալի ու անիմաստ գործերով են զբաղված, մենք ենք ստիպված բարձրաձայնել մեր հայրենիքում առկա խնդիրները։
Այդպիսի խնդիրներից մեկը մայրաքաղաքում և նրա հարակից տարածքներում գործող տոտալիզատորներն են, խաղային ապարատները, գիշերային ակումբները, որոշակի աշխատանք չունեցող կանանց գիշերային գործունեությունը, մեր երիտասարդներին հրամցվող արգելված դեղորայքը։
Ես հասկանում եմ, որ սա մի հսկայական և որոշ մարդկանց մեծ եկամուտ բերող ոլորտ է, որի քննարկումն անգամ իրենից վտանգ է ներկայացնում։ Սակայն, ես չեմ կարող աչք փակել մեր երիտասարդներին, եկող սերնդին սպառնացող վտանգների վրա։ Չեմ կարող չխոսել և չբարձրաձայնել այն դեպքերի մասին, երբ մեր քաղաքացիներն ինքնասպանություն են գործում խաղատներում իրենց կուտակած պարտքերի պատճառով, կամ կորցնում են ունեցվածքը` իրենց երեխաներին թողնելով բաց երկնքի տակ` թշվառ ու անօգնական վիճակում։ Չեմ կարող չխոսել բազմաթիվ աղջիկների և տղաների խեղաթյուրված ճակատագրերի մասին։ Չեմ կարող չխոսել մեր սերունդների առողջությանն անդառնալի վնաս հասցնող ծխախոտի և ուղեղը չորացնող որոշ նյութերի մասին։
Մենք չենք ասում, որ Հայաստանում չպետք է լինեն խաղատներ, զվարճանքի կենտրոններ։ Սակայն, դրանք պետք է հեռու լինեն մեր երեխաների աչքից։ Մենք մերժում ենք մեր երկրում մի քանի մարդու հարստացման համար մեր քաղաքացիների կյանքը խեղաթյուրող ցանկացած գործունեություն։
Ցանկանու՞մ ենք զբոսաշրջությունը դարձնել տնտեսական զարգացման մի օղակ։
Խնդրեմ, Հայաստանի տարածքում կան ամայի հսկայական հողատարածքներ, որտեղ, ըստ մասնագետների պնդման անգամ փուշ չի աճում։ Այդ տարածքների վրա կարելի է կառուցել զվարճանքի քաղաքներ, ինչպես օրինակ ԱՄՆ-ում Լաս Վեգասն է։ Թող մարդիկ գան, իրենց հանգիստն անցկացնեն այդ քաղաքներում, միայն թե մեր երեխաների աչքից հետու։ Միաժամանակ պետք է դնենք որոշակի սահմանափակումներ մեր քաղաքացիների` այդպիսի քաղաքներ մուտք գործելու թույլտվության վրա` հաշվի առնելով տարիքը, այցերի հաճախությունը, հիվանդությունները և այլն։ Մեզանից յուրաքանչյուրը, նաև այդպիսի քաղաքների և կառույցների աշխատակիցները, պետք է հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացում ունենան, հասկանան, որ գումար վաստակելով չէ միայն, հասկանան, որ իրենք նույնպես պատասխանատու են մեր քաղաքացիների կյանքի ու մեր երկրի գոյության համար։
Ես մեծ ցավ եմ ապրում, երբ լսում եմ տարբեր մարդկանց արհամարհական ու ծաղրական վերաբերմունքը մեր երիտասարդների, հատկապես աղջիկների հասցեին։ Դուք գիտակցու՞մ եք, որ խոսում եք հայ աղջիկների և տղաների մասին։ Դուք հասկանու՞մ եք, որ ինքներդ էլ եք պատասխանատու մեր երիտասարդների խեղված ճակատագրերի համար։ Դուք հասկանու՞մ եք, որ դուք եք նրանց դրդում այդպիսի քայլերի և ինքներդ եք արժանի պարսավանքի ու արհամարհանքի։
Ես խիստ վատ եմ վերաբերվում նաև գիշերային ակումբերի առկայությանը մայրաքաղաքում, հատկապես դպրոցների մերձակայքում։ Դրանք նույնպես պետք է տեղափոխվեն զվարճանքի քաղաքներ։
Մեր երիտասարդներն ընտրում են իրենց անորոշ զբաղմունքն այն պատճառով, որ աշխատանք ունենալու և գումար վաստակելու խնդիր ունեն; այն պատճառով, որ դպրոցում այսօր չի բարձրացվում Ընտանիքի կարևորությունը։
Սա ոչ թե ազատությունների սահմանափակում է, այլ պետության գործառույթների համակարգում։
Այսպիսով, զվարճանքի քաղաքներ ստեղծելով լուծում ենք միանգամից մի քանի հարց. Երևանից, նրա մերձակայքից, մեր այլ քաղաքներից դուրս ենք բերում տոտալիզատորները, գիշերային ակումբները և այլն, նպաստում ենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում մարդկային և ֆինանսական ռեսուրսի շրջանառությանը, նաև այդ ձևով ենք խթանում Հայաստանի տնտեսական աճը` միաժամանակ մեր քաղաքացիներին, մեր երեխաներին հեռու պահելով չմտածված, հաճախ կյանքեր խորտակող խաղամոլություն կոչվող հիվանդությունից, ինքնասպանություններից և անբարոյականությունից։
Միայն միասնություն բղավելով չէ։ Միասնական լինել է պետք։
Այո, մենք ուզում ենք առողջ ու կիրթ սերունդ ունենալ, մենք ուզում ենք ունենալ ժողովրդագրական աճ և մենք ունենալու ենք դա, անկախ որոշ մարդկանց հայաթափման ու հայրենի հողերը թշնամուն հանձնելու ծրագրերից։
Մեր ծրագրերը հետընթաց չունեն։
«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբ