Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հարցերի գերակշռվող մասն ուղղված էր հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին, քանի որ վերջին տարիներին հայ մարզասերը սովոր է, որ մեր դասական ըմբիշները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից վերադառնում են առնվազն մեկ ոսկե մեդալով, իսկ Բուդապեշտում ընդամենը երկու բրոնզ եղավ:
«Տասը քաշային կարգերից մեր հավաքականը մասնակցեց ութին: Մյուս երկու քաշերում էլ ունեինք ըմբիշներ, սակայն տանել նպատակահարմար չգտանք, որովհետեւ նրանց հետ դեռ աշխատանք պետք է տարվի:
Աշխարհի առաջնության մասնակցության արդյունքները բոլորիդ հայտնի է՝ երկու բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ մեդալի համար պայքարում էր չորս ըմբիշ, որոնցից երկուսի մոտ ստացվեց. Մաքսիմ Մանուկյանի՝ 82 կգ եւ Արթուր Շահինյանի՝ 87 կգ: 55 կգ քաշային մեր երիտասարդ ըմբիշ Նորայր Հախոյանը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց, իսկ հանրաճանաչ Արթուր Ալեքսանյանն ի վիճակի չեղավ մրցագորգ մտնել: Պիտի ասեմ, որ թե Մաքսիմը, թե Արթուրը մինչեւ առաջնությունը մեջքի հետ կապված խնդիր ունեին: Կարողացել էինք դրանք ինչ-որ չափով հանգստացնել: Սակայն Արթուր Ալեքսանյանը մրցաշարի առաջին հատվածում նաեւ կողոսկրի վնասվածք ստացավ: Այդուհանդերձ, շարունակեց ու հասավ 3-րդ տեղի համար գոտեմարտ: Ցավոք, վերջին գոտեմարտի հաջորդ օրը նախավարժանքի ժամանակ հասկացանք, որ Արթուրի գորգ մտնելն անիմաստ է, քանի որ այդ վնասվածքը կարող էր բարդանալ: Գոտեմարտից առաջ միջազգային ֆեդերացիայի բժշական կազմը հետազոտեց նրան եւ ազատեց մասնակցությունից: Մենք թիմային պայքարում 4-րդ տեղում էինք եւ միայն Արթուրի չմասնակցելու հետեւանքով ի վերջո զբաղեցրինք 6-րդ հորիզոնականը: Սա կարելի է հաջողություն համարել փոքրիկ Հայաստանի համար: Ասածիս վառ օրինակը Ռուսաստանի երկու գերհզոր հավաքականներն են, որոնք աշխարհի նախորդ առաջնությունում ոչ մի ոսկի չնվաճեցին: Տեղում չենք կանգնելու, աշխատանքները շարունակելու ենք նույն թափով, եւ տա Աստված, որ հաջորդ առաջնությունում հաջողությունը մեզ ուղեկցի»,- ասաց մարզիչը եւ ավելացրեց, որ Արթուրը վերադառնալուց հետո դեռ չի հետազոտվել, սակայն հույս հայտնեց, որ նոր վնասվածքը լուրջ չի լինի:
Լեւոն Ջուլֆալակյանը հատկապես ուրախ է 87 կգ քաշային Արթուր Շահինյանի բրոնզե մեդալի համար: «Տարբեր տարիների Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանից ես միշտ եմ աշխարհի առաջնության մեդալ սպասել, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր: Նա պատահական ըմբիշ չէ: Բոլորս գիտենք նրա անցած ուղին՝ հաղթել է շատ լուրջ ըմբիշների: Այս անգամ նա կարողացավ արժանիորեն վաստակել աշխարհի առաջնության իր մեդալը», – ասաց նա:
Aravot.am-ը հետաքրքրվեց Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Շահինյանի հետագա մարզական ճակատագրով՝ նկատի ունենալով, որ նրանք տարիքով արդեն բավականին մեծ են: «Բոլորս գիտենք, որ առաջիկայում օլիմպիական խաղերն են, որոնց երկու տարի է մնացել: Այս փուլում կարիերան ավարտելու մասին մտածելու համար պետք է լուրջ պատճառ լինի: Մինչեւ 2020 թվականը այդպիսի մտադրություն չկա: Երկու ըմբիշներն էլ ձգտում են մասնակցել օլիմպիական խաղերին: Մաքսիմ Մանուկյանի քաշային կարգն օլիմպիական չէ, բայց ես համոզված եմ, որ նա կփորձի փոխել իր քաշային կարգը եւ օլիմպիական վարկանիշ նվաճել: Ես դրան հավատում եւ սպասում եմ», – պատասխանեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ